Երեւանն արժե 300 հազար դրամ

Երեւանն արժե 300 հազար դրամ

Քաղաքապետ Հայկ Մարությանի համար Երեւանը թանկ է՝ «թանկ» բառի ամենաուղիղ իմաստով։ Նա 300 հազար դրամ տեղական տուրք է սահմանել բոլոր այն կազմակերպությունների համար, որոնք իրենց ֆիրմաների անվանումներում, եւ ոչ միայն, ունեն «Երեւան» բառը։ Այս հարցը կարգավորվում է օրենքով։ Տարոն Մարգարյանը կիրառել է օրենքով թույլատրելի նվազագույն չափը՝ 200 հազար դրամ, հեղափոխական քաղաքապետ Հայկ Մարությանը որոշել է, որ Երեւանը պետք է թանկ գնահատել, եւ ավագանուն ներկայացրել է առավելագույն չափով՝ 300 հազար դրամ սահմանելու որոշումը։ 

Սա դեռ ամենը չէ, եթե նախկինների ժամանակ տեղական տուրք էին վճարում միայն ֆիրմային ընկերությունները, Հայկ Մարությանը, օգտվելով օրենքում 2016-ի վերջերին կատարված փոփոխությունից, համաձայն որի՝ Երեւանի խորհրդանիշները (զինանշան, անվանում եւ այլն)՝ որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ոչ միայն ֆիրմային անվանումներում օգտագործելու դեպքում են հարկվելու, այլեւ ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու, որոշել է նույնիսկ ամենափոքր ընկերությունից գումար գանձել։ Ասենք, 2017 թվականից սկսած՝  Տարոն Մարգարյանն ու քաղաքապետարանը կարող էին տեղական տուրք գանձել «Երեւան պանդոկ»-ից, որտեղ «Երեւան» բառը ո՛չ ՍՊԸ-ի անվանումն է, ո՛չ ապրանքանիշը, այլ ընդամենը օգտագործված է «ծառայությունների մատուցման գործընթացներում», սակայն չեն արել։ Մինչդեռ Երեւանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունները մանրակրկիտ ուսումնասիրություններ են կատարել եւ բոլոր ընկերություններին ծանուցագրեր ուղարկել տեղական տուրքերի վճարման պահանջով։

Քաղաքապետարանից կոնկրետ թիվ չնշեցին, թե քանի նման ընկերություն կա, աշխատակազմի եկամուտների հաշվառման եւ գանձման վարչության ոչ հարկային եկամուտների բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանը միայն փոխանցեց, որ բոլորին ծանուցագրեր են ուղարկել․ «Վարչական իրավախախտումների մասին օրենքով նմանատիպ բան է սահմանված, մենք պահպանում ենք գործընթացը, ծանուցում ենք մարդկանց, որ համապատասխան տուրք է սահմանված»։
Թե ինչու է ընտրվել առավելագույն գումարի չափը, քաղաքապետարանի բաժնի պետն ուղղորդեց ավագանուց ճշտել։ Նշենք, որ 2019-ի համար տեղական  տուրքերի դրույքաչափերը հաստատվել են ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ։

Ավելացնենք, որ «Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը եւ (կամ) դրանց թարգմանություններն էլ իրենց ֆիրմային անվանումների տարբերակող նշանակության անուններում իրավաբանական անձինք կարող են օգտագործել միայն պատկան մարմինների թույլտվությամբ եւ պետական տուրքը նախօրոք վճարելու դեպքում: Այս դեպքում պետական տուրքի նվազագույն շեմը 600 հազար դրամն է, առավելագույնը՝ երեք միլիոնը։ Տուրքի չափը կախված է ձեռնարկություններից, օրինակ՝ բանկերի համար սահմանված է 3 մլն դրամ տուրք, ապահովագրական ընկերությունների համար՝ 600 հազար, քանի որ բանկերը հսկայական գումարներ են ստանում, բնական է՝ տուրքի չափը շատ է սահմանված։