Կառավարության նիստը՝ դրական նորություններով

Կառավարության նիստը՝ դրական նորություններով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստը սկսեց տնտեսական ակտիվության վերաբերյալ դրական ցուցանիշներ հրապարակելով։ Օրինակ՝ մայիսին արձանագրվել է 7.3 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, եւ մենք շարունակում ենք գտնվել տնտեսական բավականին բարձր ակտիվության ցուցանիշներում։ 

Առհասարակ, Նիկոլ Փաշինյանն այս վիճակագրական նույնիսկ ամենահամեստ, բայց դրական ցուցանիշների մասին հայտարարում է ընդգծված տոնայնությամբ ու ոգեւորությամբ՝ իր խոսքը համեմելով հատուկ դրական նոտաներով, մաժոր տոնայնության մեջ, որ հասարակության ականջին հնարավորինս լավ նստեն այդ դրական ցուցանիշները, որ տեսնեն, թե որքան լավ է աշխատում մեր կառավարությունը։ Իհարկե, հայտնի անեկդոտի նման, որը պատմել էր իր նշանակման առաջին օրերին ինքը՝ Փաշինյանը, կա սուտ, կա լկտի սուտ եւ կա վիճակագրություն։ Այս թվերն ընդամենը վիճակագրության շարքից են, որ ամեն տարի եղել են՝ նախորդ բոլոր կառավարություններն էլ գտել են ինչ-որ ցուցանիշներ, որոնք նախորդ տարվա համեմատ մի քանի տոկոսով ավել են եղել, ու դա ներկայացրել են որպես լավագույն աշխատանքի գրավական։

Բայց երեկվա նիստը միայն վիճակագրության դրական նոտաներով չէր համեմված։ Նախագծերն էլ էին ոգեւորել պարոն վարչապետին, օրինակ՝ նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացման նախագիծը, որով 55 հազար դրամն ուզում են դարձնել 68 հազար։ Ի դեպ, այս հարցում մրցակցություն է առաջացել գործադիրի եւ օրենսդիրի միջեւ։ Պատգամավորներն էլ, ի մասնավորի՝ Բաբկեն Թունյանն ու Վարազդատ Կարապետյանը, իրենց հերթին են աշխատավարձի բարձրացման նախագիծ մշակել, բայց նրանք առաջարկում են 63 հազար դարձնել՝ ելնելով ինչ-ինչ տնտեսագիտական հաշվարկներից։ Սակայն երեկվա նիստով փաստացի հաղթող դուրս եկավ կառավարությունը, եւ աշխատավարձի բարձրացման դափնիներն ու հասարակության ծափահարությունները կվայելի գործադիրը, ոչ թե օրենսդիրից երկու պատգամավոր։ Թեպետ «Իմ քայլի» պատգամավորներից Գայանե Աբրահամյանն արդեն հասցրել էր Ֆեյսբուքում աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանի ներկայացրած այս նախագիծը վերագրել իր պատգամավոր գործընկերներին։

Դրական էմոցիաներ առաջացնող մյուս նախագիծն էլ առողջապահության ոլորտից էր։ Առողջապահության փոխնախարարի ներկայացրած նախագծով կառավարությունն ավելի քան 12 մլրդ դրամ կհատկացնի նախարարությանը, որպեսզի Հայաստանում 0-18 տարեկան քաղաքացիները պոլիկլինիկաներում եւ հիվանդանոցներում ստանան անվճար բուժօգնություն: Սա Արսեն Թորոսյանի PR թիմն անմիջապես սկսեց «ռասկռուտկա» անել՝ որպես իրենց նախարարության հերթական դրական քայլը հասարակության համար։