Ինչո՞վ կնպաստի նոր Հարկային օրենսգիրքը տնտեսական հեղափոխությանը

Ինչո՞վ կնպաստի նոր Հարկային օրենսգիրքը տնտեսական հեղափոխությանը

Ազգային ժողովի վերջին նստաշրջանում 72 կողմ, 32 դեմ ձայներով ընդունվեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որն այդքան քննարկվեց ու քննադատվեց տնտեսվարողների կողմից։ Իշխանությունները որոշ հարցերում գնացին զիջումների՝ բավարարելով հանրության առանձին շերտերի պահանջները։ Որոշ հարցերում, սակայն, մնացին անդրդվելի, օրինակ՝ եկամտահարկի համահարթեցման դրույթի մասով, որն ամեն կողմից քննադատվեց։ Եվ մասնագետները կարծում են, որ բարձր եկամուտ ստացողների եկամտահարկի նվազեցումն անպայման անդրադառնալու է սպառողական գների վրա, ու նրանց չվճարած մասը բյուջե վճարելու են բոլորը, նաեւ ցածր եկամուտ ունեցողները, ինչը սոցիալական առումով ճիշտ մոտեցում չէ։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության տնտեսագետ պատգամավորներից Արտակ Մանուկյանը մեզ հետ զրույցում թվարկեց այն փոփոխությունները, որոնք կատարվել են Հարկային օրենսգրքում։

«Ունենք 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգիրք, որի մի շարք դրույթներ վիճահարույց էին՝ առնվազն ՓՄՁ-ների համար։ Այսինքն, եթե մենք ոչ մի բան չփոխեինք, շրջանառության հարկով աշխատողների շեմը տարեկան 58.35 մլն դրամն էր, ինչը մեր քննարկումները ցույց տվեցին, որ հավելյալ մտահոգությունների կամ էական բարդությունների առիթ էր տալիս։ Հիմա դարձրել ենք 115 մլն դրամ։ Երկրորդ կարեւոր դրույթը մինչեւ 24 մլն դրամ շրջանառություն ունեցող սուբյեկտների՝ միայն մի աշխատողի դիմաց, եթե 5 հազար դրամ են վճարում, այլ հավասար պայմաններում, ըստ էության, մոտ 0.3 տոկոս հարկային ծանրաբեռնվածություն կարող է լինել առավելագույնը։ Եվ երրորդ ուղղությունը, որի մասով ես կուզենայի խոսել, որը նաեւ քննադատությունների առիթ տվեց երկու ուղղությամբ, մեկը՝ պետական տուրքի մասին դրույքաչափերի վերանայումն էր՝ փոխանակման կետեր եւ այլն, որոնց դեպքում սկզբում չափազանց բարձր՝ 60-ապատիկ անգամ բարձր սցենար էր դրված, բայց նախնական քննարկումների արդյունքում մենք հասկանում էինք, որ պետք է բարձրանա, քանզի 98 թվականից ի վեր չէր վերանայվել, եւ երկու տարվա սցենարով որոշվեց 500 եւ 750 հազար դրամ սահմանել։ Այսինքն՝ էականորեն այս մասով կարողացանք հավասարակշռել»,- ասաց Արտակ Մանուկյանը։

- Այդ դեպքում ո՞ւմ գաղափարն էր 60-ապատիկ ավելացնելը՝ պետտուրքը 6 մլն դրամ դարձնելը, որ դրանից հետո իջնի կես միլիոնի։ Չէի՞ն կանխատեսում, որ դա կարող է բողոքի ալիք բարձրացնել։

- Սա պայմանավորված էր նաեւ որոշակիորեն հարկային համակարգում տեղի ունեցած փոփոխություններով, այսինքն՝ ինչպես շահութահարկի, այնպես էլ եկամտային հարկի դեպքում համահարթ դրույքաչափին անցումը։ Սա մեծ հաշվով որոշակիորեն բյուջետային մուտքերը եւ եկամուտները նվազեցնում էր։ Քանի որ մենք ընդունել ենք հարկային համակարգի չեզոքության մասին դրույթները, ապա մի տեղից պետք է սա կոմպենսացվեր։

- Այդուհանդերձ, փոփոխության չենթարկվեց եկամտային հարկի՝ 23 տոկոսով համահարթեցման մասին դրույթը, ինչի դեմ մինչեւ վերջին պահը բողոքի ակցիաներ էին տեղի ունենում։

- Էս մասով կարծում եմ, որ նաեւ անձամբ իմ՝ որպես պատգամավորի, բացթողումն է, որ մենք չենք կարողացել լավ հանրային իրազեկում անենք, որովհետեւ սովորաբար, երբ որ ներկայացվում են այս մոտեցումները, քննարկվում է, թե մինչեւ 150 հազար դրամ ստացողի կյանքը չի փոխվել, հիմա էլ է 23 տոկոս լինելու, բայց մոռացվում է մի բան, որ մինչեւ 2023 թվականի հունվարի 1-ն ամեն տարի 1 տոկոսային կետով եկամտային հարկի դրույքաչափը նվազելու է։ Այսինքն՝ 2023 թվականի հունվարի 1-ից լինելու է 20 տոկոս։ Եվ ինչպես եկամտային հարկի, այնպես էլ շահութահարկի մասով։ Սա չափազանց կարեւոր է, քանի որ մենք փորձ ենք կատարում նաեւ տնտեսական մոդելի փոփոխություն իրականացնել, որ էլ ավելի խթանենք արտահանումը։

- Պարզապես, երբ աշխատավարձերի բարձրացման հարց է լինում, միջին խավը միշտ տուժած է դուրս գալիս, քանզի սովորաբար շահում են կա՛մ նվազագույն, կա՛մ բարձր աշխատավարձ ստացողները։

- Թույլ տվեք մի քիչ չհամաձայնել, որովհետեւ, եթե մենք հիմա դիտարկենք նույն եկամտային հարկի նվազեցումները հիպոթեքային շուկաների դեպքում, երբ որ դու կարողանում ես եկամտային հարկով կոմպենսացնես, սա միտված է հենց միջին խավին։ Եվ կարծում եմ՝ եթե Դուք ուսումնասիրեք, միջին խավը դրանից բավականաչափ օգտվել է։ Եվ էս առումով, եթե մենք դիտարկում ենք նաեւ եկամտային հարկի փոփոխության տեսլականը, սա հենց նպատակամղված է աշխատող մարդուն որոշակիորեն հավելյալ ազդակներ տալուն, որ նա ավելի մեծ շահագրգռվածությամբ աշխատի։

- Հիմա այս նոր Հարկային օրենսգիրքն ի՞նչ հեղափոխական նշանակություն կունենա տնտեսական հեղափոխության մեջ։

- Առաջինը, որ միտված կլինի էլ ավելի մեծացնել հատկապես ֆիրմաների մրցակցային առավելությունները, եւ կարծում ենք՝ դա նաեւ կնպաստի, որ մենք արտահանելի ոլորտում ավելի մեծ տեսանելի արդյունքներ ունենանք։ Սա չափազանց կարեւոր է, որովհետեւ, եթե Դուք դիտարկեք, հանքահումքային արդյունաբերության որոշակի անկման ֆոնին նաեւ արտահանման մասով որոշակի անկման միտումներ են նկատվում՝ մոտ 0.5 տոկոսի կարգի։

- Տնտեսվարողները դժգոհում են, որ ՊԵԿ-ն աշխատում է իրենց «գլխին սարքելու» մեթոդով՝ գործակալներ է ուղարկում, որ արհեստական ձեւով խախտում հայտնաբերեն, եւ այս գործելաոճն անուղղակի կերպով չի հերքում նաեւ Դավիթ Անանյանը։ Արդյոք նման վարչարարությամբ բյուջեն լցնելն արտացոլո՞ւմ է մեր բյուջեի իրական եկամուտները։

- Անկեղծ ասած՝ նման խնդիրների մասին ինձ էլ են ասել՝ որպես պատգամավորի, ես՝ ինքս էլ զրուցել եմ այս թեմայով պարոն Անանյանի հետ, եւ, ըստ էության, այն բյուջետային եկամուտները, որոնք ներկայում ապահովվում են, եթե նախկինում դրանք ապահովվում էին զանգերի միջոցով, կանխավճարների միջոցով, վստահեցրել են ինձ, որ 2019-ից նման պրակտիկա չկա եւ չի լինելու։

- Բայց հիմա էլ ուրիշ պրակտիկա է գործում։

- Կներեք, էդ Ձեր ասած բոլոր դեպքերի համար մենք ունենք նաեւ գանգատարկման խորհուրդ, որտեղ որ վիճարկում են տնտեսվարողները, եթե գտնում են, որ իրենց իրավունքները խախտվել են։ Եվ եթե Դուք տեսնում եք, նաեւ այս առումով էլ բավականաչափ դրական միտումներ կան։ Բայց կոնկրետ Ձեր ասածը, որ «սարքու» գործ է, ես նման կարգի տարանջատման մեխանիզմներ չունեմ։