Աղաղակող փաստերը բացակայո՞ւմ են

Աղաղակող փաստերը բացակայո՞ւմ են

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ. «Հիմնադրամի ֆինանսական գործունեության ներքին մասնագիտական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նախկին գործադիր տնօրեն Ղարիբ Հարությունյանի պաշտոնավարման ընթացքում նրա կողմից որևէ չարաշահում չի եղել: Հիմնադրամի տարեկան արտաքին աուդիտի արդյունքները կհրապարակվի ավելի ուշ՝ օրենքով սահմանված ժամկետում»:

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ անդրադարձել էինք «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի շուրջ ստեղծված աղմուկին: Հիմնադրամի ներկայիս տնօրենը՝ Մհեր Խաչատրյանը, որին հոգաբարձուների խորհուրդը ամռանն այդ պաշտոնին ընտրեց, նախկին տնօրեն Ղարիբ Հարությանին մեղադրում է չարաշահումների եւ կեղծ հաշվետվություն ներկայացնելու մեջ:Մհեր Խաչատրյանն անգամ հայտարարել էր, որ իր ձեռքի տակ են աղաղակող փաստերը, որոնք անհրաժեշտության դեպքում կհրապարակի, սակայն չգնաց դրան: «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդի հայտարարությունից հետո միայն, ներկայիս տնօրենը սոցցանցում գրառում է արել՝ հրապարակելով 100 հզր. դրամի չափով նախկին տնօրենի օգնականին հատկացված գումարի մասին  տեղեկություն:

«Իմ հայտարարությունից հետո, ինչպես գիտեք, հոգաբարձուների խորհուրդը որոշում էր ընդունել սահմանափակել թեմայի շուրջ հրապարակային հայտարարությունները՝ մինչև արտաքին աուդիտի եզրակացությունը: Ես, հավատարիմ մնալով հիմնադրամի կանոնադրությանը, միառժամանակ հետաձգեցի փաստերի հրապարակումը, ինչն անգամ ավելորդ խոսակցությունների տեղիք տվեց ու որոշակիորեն վտանգեց իմ հեղինակությունն ու բարի համբավը: Սակայն հոգաբարձուների խորհրդի վերջին նիստի ժամանակ կայացվեց տրամաբանորեն հակառակ որոշում և խորհուրդը հայտարարություն տարածեց այն մասին, իբր ներքին մասնագիտական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նախկին տնօրենը չարաշահումներ թույլ չի տվել:

Հաշվի առնելով այլևս, որ այսքանից հետո իմ լռությունը կարող էր իմ խոսքերի և հեղինակության հանդեպ կասկածի տեղիք տալ, ստիպված եմ հրապարակել ձեռքիս տակ ունեցած չարաշահումների փաստերից մեկը: Այս փաստաթղթերով ապացուցվում է որ 2017 թվականի օգոստոս ամսին «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանը, չունենալով օգնական, ֆինանսական հաշվետվության մեջ ծախս է ներկայացրել որպես օգնականի աշխատավարձ 100000 դրամի չափով:

Գիտակցում եմ նաև, որ այսքանից հետո, ըստ կանոնադրության, հնարավոր է քննարկվի հիմնադրամի տնօրենի պաշտոնից իմ հեռացման հարցը: Սակայն ի սկզբանե իմ գործունեությունն ուղղված է եղել արդարության կայացմանն ու անօրինականությունների բացահայտմանը ու եթե դրա արժեքը իմ պաշտոնանկությունն է, ես այն կընդունեմ առանց երկմտանքի՝ միաժամանակ արդեն հրապարակելով իմ ձեռքի տակ ունեցած չարաշահումների ողջ փաթեթը՝ չսպասելով արտաքին աուդիտի եզրակացությանը»:

Պետք է նշենք, որ Մհեր Խաչատրյանի այս հրապարակումը միանշանակ չի ընդունվել: Փաստաբան Հայկ Հարությունյանը, որը վստահ է, որ Ղարիբ Հարությունյանի կողմից որևէ չարաշահում չի եղել, ասում է. «Ինչքան կարելի է կեղծիքի մասին խոսել և գեթ մեկ լուրջ ապացույց չներկայացնել: Ի՞նչ, հիմա էլ աուդիտ անողներն են կեղծել, հա՞:

Հիմնադրամի կամավորները նույնպես բարկացած են: «Մհերը հիմնադրամի պատվի հետ է խաղում: Երեք տարի հիմնադրամում քրտնաջան աշխատանք է տարվել, իրեն էլ նույն հիմնադրամի նախկին տնօրենն է այդտեղ հասցրել, հիմա ուրանում է »,-նշում է նրանցից մեկը՝ ափսոսանք հայտնելով կատարվածի վերաբերյալ:

Ավելացնենք, որ Ղարիբ Հարությունյանն այս ամենին ի պատասխան՝ վստահեցնում է, որ իր հասցեին հնչած մեղադրանքները զուտ քաղաքական ենթատեքստ են կրում: Ի դեպ, այս օրերին ակտիվորեն խոսակցություններ են պտտվում, որ առաջիկայում Շիրակի մարզի փոխմարզպետ կնշանակվի հենց նա՝ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախկին տնօրենը, որ նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանի մտերիմն է: Ղարիբ Հարությունյանը սակայն չի շտապում լուրերը հաստատել: Մեզ հետ զրույցում   ասաց. «Ինչպես միշտ, դրանք խոսակցություններ են»:
Հշեցնենք, որ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը ստեղծվել է 2015թ-ին՝ անօթևաններին բնակարաններով ապահովելու նպատակով եւ հասցրել է մինչ օրս 29 սոցիալական բնակարան հատկացնել քաղաքացիներին: