Սկանդալ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ տնօրենի միջև

Սկանդալ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ տնօրենի միջև

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամը, որը հիմնադրվել է 2015թ-ին՝ անօթևաններին բնակարաններով ապահովելու նպատակով եւ հասցրել է մինչ օրս 29 սոցիալական բնակարան հատկացնել քաղաքացիներին, այսօր սկանդալի կենտրոնում է: Բանն այն է, որ հիմնադրամի ներկայիս տնօրենը՝ Մհեր Խաչատրյանը, որին հոգաբարձուների խորհուրդը ամռանն այդ պաշտոնին ընտրեց, այսօր արդեն նախկին տնօրեն Ղարիբ Հարությանին մեղադրում է չարաշահումների եւ կեղծ հաշվետվություն ներկայացնելու մեջ:

Մհեր Խաչատրյանն այդ մասին այսօր հայտարարեց Գյումրու «Երկխոսության մեդիա կենտրոն»-ում՝ իր կողմից հրավիրված ասուլիսի ընթացքում: «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենի խոսքերով, բոլոր փաստերն իր ձեռքի տակ են եւ եթե հաստատվեն, ապա օրենքի սահմաններում ամբողջը պետք է հետ վերադարձվի: Մինչ Մհեր Խաչատրյանն զբաղված էր փաստեր ներկայացնելով, «Երկխոսության մեդիա կենտրոն» են ժամանում հիմնադրամի նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանը եւ հոգաբարձուների խորհրդի անդամ Աստղիկ Հովսեփյանը: Ղարիբ Հարությունյանը, որն այժմ հոգաբարձուների խորհրդի անդամ է, բոլոր մյուս 21 անդամների անունից վստահեցնում է, որ Մհեր Խաչատրյանն ինքնագործունեությամբ է զբաղված եւ նրա մամուլի ասուլիս հրավիրելու մասին տեղեկացված չէ անգամ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս Գրիգորյանը: «Իմ եւ ներկայիս տնօրենի միջև մինչև այսօր անգամ ընդունման եւ հանձնման գործընթաց չի կայացել, որը ձգձգվել է Մհեր Խաչատրյանի պատճառով:

Մինչ այդ գործընթացը, տեղեկատվություն հրապարակելն ապօրինի է, Մհեր Խաչատրյանը լավ գիտեր, որ այսօր ժամը 17: 00-ին հանձնման-ընդունման հանձնաժողովի նիստն է եւ դրանից առաջ է ընկել»,- ասում է Ղարիբ Հարությունյանը՝ հայտարարելով, որ հակառակ պարագայում ինքը զրպարտության մասին հաղորդում է ներկայացնում:

Ըստ Ղարիբ Հարությանի Մհեր Խաչատրյանի պահվածքը քաղաքական ենթատեքստ ունի: «Ես ոչ մի կուսակցության չեմ հարում, ի տարբերություն ոմանց, քաղաքականությամբ չեմ զբաղվում»,-հակադարձում է Մհեր Խաչատրյանը՝ պահանջելով փաստեր այն մասին, որ իր գործունեությունը քաղաքականացված է: Ի դեպ, հոգաբարձուների խորհրդի անդամ Կարեն Պետրոսյանն էլ քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Որպես «Գյումրին առանց տնակների» հիմնադամի հոգաբարձուների խորհրդի անդամ՝ պաշտոնապես հայտարարում եմ, որ Մհեր Խաչատրյանի ինքնակոչ ասուլիսը որևէ կապ չունի հիմնադրամի գործունեության և փիլիսոփայության հետ:Հ.Գ. լավ գիտենք իր մեջքի հետևից ում ականջներն են երևում... »:

Նշենք, որ ըստ կանոնակարգի մոտ մեկ շաբաթից տեղի կունենա հոգաբարձուների խորհրդի նիստ, որտեղ անդամների խոսքերով կքննարկվի նաև տնօրենի գործունեության հարցը: