Վարչապետը Չինաստան չէր գնացել, ասում էին՝ ինչո՞ւ չի գնացել, գնացել է, ասում են՝ ինչո՞ւ է գնացել

Վարչապետը Չինաստան չէր գնացել, ասում էին՝ ինչո՞ւ չի գնացել, գնացել է, ասում են՝ ինչո՞ւ է գնացել

Երեկ պարզ դարձավ, որ Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել Արեւելյան գործընկերության ծրագրի հիմնադրման տասնամյակի գագաթնաժողովին, որը նախաձեռնել էր Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը։ Հիշեցնենք․ մայիսի 12-13-ը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եւ մեծաթիվ պատվիրակության հետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն եւ Բրյուսել, որտեղ նախօրեից մեկնարկել են Արեւելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառումները։ Սակայն փորձագիտական շրջանակները կարծում են, որ ամենակարեւոր միջոցառումը հենց այդ համաժողովն էր, որին, փաստորեն, Հայաստանի վարչապետը չի մասնակցել։ Պատճառը Փաշինյանի գրաֆիկն է եղել, քանի որ պետք է մասնակցեր Չինաստանում Ասիական քաղաքակրթությունների երկխոսության համաժողովին, ուստի Բրյուսելում է մնացել արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունը, իսկ Փաշինյանը տիկնոջ հետ ուղեւորվել է Չինաստան։ 

Վարչապետի բացակայությունը գագաթնաժողովից  ակտիվ քննարկումների, քննադատությունների թեմա է դարձել։ ՀՀԿ փոխնախագահ, ժամանակին ԵՄ-ի հետ հարաբերությունները համակարգող Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Առնվազն տարօրինակ է, որ Նիկոլ Փաշինյանը ողջ հոբելյանական ծրագրից ներկա է գտնվելու միայն այսօր երեկոյան Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի անունից կազմակերպվելիք տոնական ճաշկերույթին եւ համերգին, իսկ քաղաքական միջոցառմանը՝ ընդլայնված ձեւաչափով բարձր մակարդակի կոնֆերանսին, Հայաստանը  ներկայացված կլինի ընդամենը արտգործնախարարի մակարդակով»։ Ապա․ «Ենթադրենք, որ Նիկոլ Փաշինյանը շտապում է Պեկին եւ ժամերի խնդիր ունի: Իհարկե, այս այցը նույնպես կարեւոր կլինի, հատկապես «Մեկ ճանապարհ: Մեկ գոտի» ֆորումին բացակայելուց հետո: Սակայն չի կարելի մի գործընկերոջ հետ հարաբերություններ կառուցել մյուսի քթի տակից ամենակարեւոր միջոցառումից բացակայելով: Կարելի էր ավելի լավ աշխատել այցերի ժամանակացույցի եւ արարողակարգի վրա եւ խուսափել այս մեծ անախորժությունից, որը կարող է նստվածք թողնել Բրյուսելում»: 

Ստացվում է, որ պետության հաշվին 15 հոգանոց պատվիրակությունը (գումարած անվտանգության 5-6 աշխատակիցներ) գնացել էին Բրյուսել ճաշկերույթի եւ համերգի մասնակցելու։ Նախօրեի ուշ երեկոյան համացանցում հայտնված՝ Բրյուսելում մասնակից պետությունների բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ մեծ աղմուկ բարձրացրած լուսանկարը, որտեղ Փաշինյանն Ուկրաինայի արդեն նախկին նախագահ Պորոշենկոյի ետեւում չէր երեւում, ըստ որոշ տեսակետների, ԵՄ-ի  պատասխան-ապտակն էր Փաշինյանի նմանօրինակ վերաբերմունքին (արարողակարգով Փաշինյանին հատկացրել էին տեղ երկրորդ  շարքում, եւ նա հաղթանդամ գործընկերոջ թիկունքում չէր երեւում)։ Իսկ չերեւացող հետեւանքներն էլ, ըստ որոշ աղբյուրների, կզգանք մոտ ապագայում։ «Չերեւացողն այն է լինելու, որ ԵՄ-ում արագ մաշվող նախկին ոգեւորությանը կամաց-կամաց փոխարինում է անլուրջ եւ քամահրական վերաբերմունքը Հայաստանի իշխանությունների հանդեպ: Նոր իշխանությունների հակակոռուպցիոն եւ հեղափոխական հեքիաթներն էլ չեն անցնում»,- ասաց մեր աղբյուրը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի համար գագաթնաժողովին չմասնակցելու առթիվ բարձրացած աղմուկը տարօրինակ է․ «Ի վերջո, առաջին կամ  վերջին միջոցառումը չէ, վարչապետը մասնակցել է միջոցառմանը, հիմա թե կեսից գնաց, մեջտեղից․․․ չգիտեմ՝ ինչքանով է դա ճիշտ քննարկելը։ Կարեւորը երկխոսության մակարդակն է, ոչ թե ինչ-որ մասի մասնակցել-չմասնակցելը»։ Արման Եղոյանը համամիտ չէ գնահատականներին, թե մեր պետության ղեկավարի չմասնակցելը գագաթնաժողովին կարող է ազդել Հայաստան-ԵՄ գործընկերության վրա, առավել եւս՝ բացասական հետեւանքներ ունենալ․ «Մենք խորհրդարանական դիվանագիտության մակարդակում էլ ենք շփվում մեր ԵՄ գործընկերների հետ, ու եթե վերաբերմունքի փոփոխություն ունենային, մենք խորհրդարանական ձեւաչափով էլ կզգայինք, մենք գրեթե ամենօրյա շփման մեջ ենք իրենց հետ եւ հաստատ բացասական ազդակների մասին կիմանայինք։

Ընդհակառակը՝ ազդակներն ավելի կայուն տեմպերով դրական ու իրական են դառնում։ Ես վստահեցնում եմ՝ ընդամենը լոգիստիկայի հետ կապված խնդիրներ են, դուք գիտեք Չինաստանը որտեղ է, Բրյուսելը՝ որտեղ, ուղղակի ժամանակի հետ կապված խնդիր է եղել»։ Չինաստանում արդյո՞ք այնպիսի կարեւորության միջոցառման պետք է մասնակցեր Փաշինյանը, հանուն որի հրաժարվել է հիմնադրման տասնամյակի  գագաթնաժողովից, Եղոյանը հարցով պատասխանեց․ «Չգիտեմ, թե Հայաստանի ղեկավարը վերջին անգամ երբ է այցելել Չինաստան, նայեք, այդտեղից կարող ենք արդեն ենթադրել, թե ինչքանով է կարեւոր։ Չինաստանում անցկացվող նախորդ միջոցառմանը վարչապետը չկար, ասում էին՝ ինչո՞ւ չկա, հիմա կա, ասում են՝ ինչո՞ւ կա»։

Չեն ասում՝ ինչու կա, ասում են, որ չպիտի կիսատ թողներ մի գերուժի կազմակերպած միջոցառումը, գնար մյուսին․ «Ոչ թե կիսատ թողեց, այլ համատեղեց, պետք է այդպես նայել։ Իսկ եթե կան չսպառված հարցեր, ապա․․․ Իսկ միջոցառումները կիսատ չեն թողնում, հիմա մյուսներն էլ կարող են կեսից միանալ։ Այնպես չէ, որ նման բազմապրոֆիլ միջոցառումներին բոլոր ղեկավարները նույն րոպեին, նույն ժամին գալիս են եւ նույն րոպեին, նույն ժամին գնում են»։ Եղոյանը համաձայն չէ այն կարծիքներին, որ Փաշինյանը մեծ պատվիրակությամբ գնաց միայն համերգ լսելու, ճաշկերույթի մասնակցելու, ինչին ի պատասխան էլ ստացավ հայտնի լուսանկարը․ «Ես լուսանկար չեմ տեսել, բայց կարող եմ ասել, որ քաղաքագիտական շրջանակները երբեմն շատ են դետալների մեջ խորանում, իսկ իրական կյանքում, երբ մասնակցում ենք այդ շփումներին, շատերը չեն էլ նկատում այդ դետալները։ Կարեւորը՝ նայեք քաղաքական օրակարգին, երկկողմ հարաբերությունների մակարդակին, շուտով, կարծում եմ, հայտարարություններ էլ կլինեն, որոնց մասին այս պահին չեմ կարող ասել։ Ես միայն դրական դինամիկա եմ նկատել»։