Թվիթերյա՞ն զուգադիպություն

Թվիթերյա՞ն զուգադիպություն

Հայրենական մամուլն այնքան է մտասեւեռված հետընտրական զարգացումների, ԱԺ-ում եւ կառավարությունում ենթադրվող փոփոխությունների, պաշտոննների բաշխման եւ այլ օրախնդիր թեմաների, ինչպես նաեւ Արցախում կատարված նոր նշանակումների վրա, որ ուշադրությունից դուրս է թողել մի կարեւոր իրադարձություն. դեկտեմբերի 14-ին Թվիթերում գրեթե միաժամանակ ԼՂ կարգավորման հեռանկարների մասին գրառում են արել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Փաշինյանն ասել է, որ ԼՂ խաղաղ կարգավորումը մնում է Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը, «մենք կշարունակենք խաղաղ կարգավորման գործընթացը հանուն տարածաշրջանում խաղաղության» եւ ամփոփել, որ դա պահանջում է բոլոր կողմերի ջանքերը: Ադրբեջանի նախագահն իր ասելիքը ձեւակերպել է հակիրճ.

«2019թվականը նոր լիցք կհաղորդի հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին»: Գործ ունենք թվիթերյան զուգադիպությա՞ն, թե դիվանագիտական ոչ հրապարակային երեւույթի՞ հետ, երբ հակամարտ կողմերը միջնորդավորված տեսակետներ են փոխանակում: Այս իմաստով առանձնահատուկ ուշադրության է արժանի այն, որ դեկտմեբերի 14-ին Իլհամ Ալիեւը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հետ, որոնք իրենց հերթին Բաքվում փակ բանակցություններ են վարել Սիրիայի եւ տարածաշրջանային անվտանգության հարցերով:

Բաքվում Ռուսաստանի արտգործնախարարը վստահեցրել է, որ Մոսկվան ջանքեր չի խնայի հայ-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցություններ վերսկսելու ուղղությամբ: Ռուսական աղբյուրները նույն օրը տեղեկատվական արտահոսք են կազմակերպել եւ ակնարկել, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով քննարկվում են նոր մոտեցումներ, որ կարող են ընդունելի լինել կողմերի համար: ՌԴ արտգործնախարար Լավրովը ԼՂ հարցում Ադրբեջանի նախագահի մոտեցումները բնութագրել է «կառուցողական»:

Դեկտեմբերի 14-ին բավական արտառոց բացախոսություն է թույլ տվել Բելառուսի նախագահ Լուկաշենկոն: Նա, մասնավորապես խոսել է «հինգ շրջանների վերադարձը» Սերժ Սարգսյանի կողմից մերժելու, ինչպես նաեւ ԼՂ անվտանգությունը ռուս-բելառուսական միացյալ զորախմբի տեղաբաշխմամբ երաշխավորելու՝ իր եւ ՌԴ նախագահ Պուտինի պատրաստակամության մասին:

Պատահակա՞ն է Լուկաշենկոյի «անկեղծացումը»: Քաղաքականության մեջ ոչ ոք, մանավանդ այդ մակարդակի գործիչը հենց այնպես ոչինչ չի ասում: Մանավանդ եթե նկատի ունենանք ռուսական մամուլ սպրդած տեղեկությունները, որ ԱՊՀ Դուշանբեի գագաթնաժողովի շրջանակներում քննարկվել է հետխորհրդային տարածքում հակամարտությունների կարգավորման հարցը:

Կա՞ այդ գաղափարը Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ կոնսոլիդացնելու նպատակադրվածություն: Հնարավո՞ր է, որ հետխորհդային տարածքի խնդիրները դուրս բերվեն միջազգային համատեքստից եւ դիտարկվեն որպես եվրասիական «ընդհանուր տան ներքին հարցեր»:

Ի՞նչ երաշխիքներ է Ադրբեջանի նախագահին փոխանցել ՌԴ ԱԳ նախարարը, որ Իլհամ Ալիեւը գալիք տարվա լավատեսությամբ է տոգորվել: Ի՞նչ է ակնարկում Նիկոլ Փաշինյանը, երբ ասում է, որ խաղաղ կարգավորման համար պետք է ջանքեր գործադրեն բոլոր կողմերը: Դա միայն Ադրբեջանի՞ն է հասցեագրված, թե նկատի են առնված նաեւ Լեռնային Ղարաբաղը եւ միջնորդ երկրնե՞րը: Հարցերը կարելի է շարունակել, բայց արժե որպես հանգրվանային դիտարկել ռուսական մամուլում Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան բանակցությունների կազմակերպման անհրաժեշտության մասին վերջին շրջանում ակտիվացած հրապարակումները:

Մոսկվան փորձ կանի՞ շրջանցելով Հայաստանը նման շփումներ նախաձեռնել կամ առնվազը թեման քննարկել Ադրբեջանի եւ Արցախի հետ: Թե ռուսական մամուլի նպատակն է Հայաստան-Արցախ հակասություններ սադրե՞լ: Կանխատեսումներ դժվար է անել, բայց Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի թվիթերյան համաժամանակյա գրառումներն, այնուամենայնիվ, ինչ-որ ազդակներ փոխանցում են. դիվանագիտական ծանր տարի է լինելու 2019 թվականը: