Ընդդիմությունը հաջողություններ չի ունենում, քանի որ պառակտված է

Ընդդիմությունը հաջողություններ չի ունենում, քանի որ պառակտված է

Հարցազրույց ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ

- Պատերազմից երկու տարի անց պարտության մեղավորներ են փնտրում: Ջալալ Հարությունյանի և Միքայել Արզումանյանի դեմ մեղադրանք է առաջադրվել: Որպես իրավաբան` ի՞նչ իրավական գնահատական կտաք սրան:

- Նիկոլ Փաշինյանն իր վրայից պատասխանատվությունն ուրիշի վրա բարդելու համար պատրաստ է ամեն ինչի: Բոլորին «փուռը կտա», միայն թե ինքը ջրից չոր դուրս գա: Ջալալ Հարությունյանին ու Միքայել Արզումանյանին այժմ փորձում են պախարակել: Ես անգամ այդ մարդկանց չեմ էլ ճանաչում, չեմ տեսել կյանքում նրանց, սակայն ես մի բան գիտեմ, որ Հայաստանն իրավական պետություն է: Եթե կար նման մեղադրանք, ինչո՞ւ է ներկայացվում պատերազմից 2 տարի անց: Այսինքն` մեր քննիչներն այնքան անգրագետ են, որ չէի՞ն կարողանում երկու տարի առաջ համապատասխան գործողություններ կատարել: Նկատենք, որ Արցախն ինքնիշխան պետություն է: Հայաստանում ի՞նչ իրավունքով են Արցախի պաշտոնյայի դեմ գործ հարուցում: Նրանք Արցախի Հանրապետության իրավազորության ներքո գտնվող անհատներ են, ուստի Հայաստանն իրավունք չունի որևէ կերպ խառնվել այդ ամենին: Արցախի Սահմանադրության առաջին հոդվածի համաձայն, Արցախի պաշտոնյայի դեմ կարող են գործ հարուցել միմիայն Արցախում: Սա նույնն է, թե Վրաստանի քաղաքացու դեմ գործ հարուցեն, այն դեպքում, երբ քաղաքացին հանցանք է գործել հենց Վրաստանում: Սրանով ևս Նիկոլ Փաշինյանն իր դիմակն է պատռում: Սա խոսում է նրա գաղտնի մտադրությունների մասին: Նա ղեկավարում է Արցախը, սակայն չունի դրա իրավունքը: Չունի, որովհետև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության վեցերորդ հոդվածի համաձայն, բարձրաստիճան պաշտոնյան իրավասու է կատարել այնպիսի գործողություններ, որոնք սահմանված են հստակ օրենքներով: Հիմա ինձ ասեք, ո՞ր օրենքով են քրեական հետապնդում իրականացնում Արցախի պաշտոնյայի նկատմամբ: Սա լուրջ իրավական խնդիր է: Սրանով Ալիևի առաջ են փորձում խոնարհվել: Այսինքն` իրենք ուզում են Ալիևին ցույց տալ, որ Արցախի վրա` որպես ինքնիշխան պետություն թքած ունեն:

- Մի քանի օրից դատախազի պաշտոնից հեռացող Արթուր Դավթյանն օրերս առաջարկեց քննարկել Հայաստանում մահապատիժը թույլատրելի դարձնելու հարցը։ Շուրջ 20 տարի Հայաստանում արգելված մահապատժի կիրառումն Արթուր Դավթյանն անհրաժեշտություն է համարում՝ 44-օրյա պատերազմից հետո պետական դավաճանության դեմ քրեաիրավական պայքարն ուժեղացնելու և պատժողական քաղաքականությունը խստացնելու համար։ Ի՞նչ կասեք այդ մասին:

- Ես ընդհանրապես մահապատժին կողմ եմ: Եթե մի մարդ մարդկային կյանքեր է խլում, ուրեմն հենց ինքը պետք է զրկվի կյանքից: Բայց եկեք չմոռանանք, որ Հայաստանը Եվրամիության անդամ է և մահապատիժ կիրառել չի կարող, դա բացառվում է: Եթե պետական դավաճանության համար մահապատիժ կիրառվի, ապա Նիկոլ Փաշինյանը լինելու է առաջին զոհը:

- Չնայած Հայաստանում առկա խառը իրավիճակին, ընդդիմության կողմից գործուն քայլեր չենք տեսնում: Տարբեր ակցիաներ են իրականացնում: Էդգար Ղազարյանն` առանձին, «Դիմադրություն» շարժումն` առանձին և այլն:

- Էդգար Ղազարյանին շատ հարգում եմ: Նա ինձ հարազատ մարդ է: Ընդդիմությունը հաջողություններ չի ունենում, քանի որ պառակտված է: Ես շատ կցանկանայի, որ բոլորը միահամուռ ուժերով պայքարեին այս իշխանությունների դեմ: