Հայոց այբուբենի «բարեփոխման» առաջարկ

Հայոց այբուբենի «բարեփոխման» առաջարկ

Սեպտեմբերի 18-ին կայանալիք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովի ընթացքում ընտրվելու է կուսակցության վարչությունը։ ՔՊ-ն ներկայացրել է վարչության անդամի թեկնածուներին. դրանք 47-ն են։ Ցուցակը կազմված է այբենական կարգով՝ սկսվում է Ալեքսանյան Վահագն Հովիկի, ավարտվում՝ Փաշինյան Նիկոլ Վովայի ազգանուններով: Վերջին ազգանվան առումով մեջս կասկած ընկավ։ Ինչո՞ւ է ցուցակն ավարտվում հենց քպկականների առաջնորդ, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ազգանունով։ Միթե՞ ողջ կուսակցության մեջ չկան այլ մարդիկ, որոնց ազգանունները սկսվում են ք, օ և ֆ տառերով, և որոնք արժանի լինեին վարչության անդամ ընտրվելու պատվին։ Հարց տալն ու հենց Քոչարյան Անդրանիկի ազգանունը հիշելը մեկ եղավ։ Եվ քանի որ չէի ուզում սխալված լինել՝ ստուգեցի, քպկական է ինքը, ոչ։ Պարզվեց, որ քպկական է, և այդ փաստն ինձ ազատեց քպկական այլ ազգանուններ փնտրելու ոչ հաճելի զբաղմունքից։ Եվ ինձ մնաց ընդամենը վիրտուալ ցավակցություն հայտնել Քոչարյանին վարչության կազմում չառաջադրվելու կապակցությամբ։ 
Փաստորեն, քպկական ցուցակն ավարտվում է Փաշինյանով գիտակցաբար․ այստեղ էլ հիշեցի ոչ թե առաջինը, այլ վերջինը լինելու ավետարանական խրատը։ Վստահ եմ, որ այս թեման շրջանառվելու է համաժողովի (հետաքրքիր է՝ ինչու ոչ համագումար) ընթացքում։ Իսկ որպեսզի մինչև 2050 թվականը քպակականների շրջանում որևէ մեկն այլևս իրեն շրջանցված չզգա, նիկոլական ակտիվ «ուսապարկերից», ասենք, իմ նախկին ընկեր Հովակիմյան Վահագնին, որ դարձել է օրենսդրական կարգավորումների առումով քպկական «գելերից» մեկը, կառաջարկեի հրատապ կարգով առաջ քաշել հայոց այբուբենի «բարեփոխման» հարցը։ Այսպես՝ առաջարկում եմ այբուբենի վերջին տառ դարձնել փ-ն՝ կա՛մ այն մեխանիկորեն տանելով վերջին դիրք և կա՛մ այբուբենից դեն նետել ք, օ, ֆ տառերը։ Կարծում եմ, որ դրանից հայոց այբուբենը չի տուժի, սակայն մեծապես կշահի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ իր անդամներով և հատկապես համակիրներով հանդերձ։ Եվ այդ անձինք հերթական անգամ իրենց երջանիկ զգալու պատճառ կունենան։