Տապալվել է Նիկոլի կենսափիլիսոփայական հավատամքը

Տապալվել է Նիկոլի կենսափիլիսոփայական հավատամքը

Փաշինյան Նիկոլի շուրջ քառամյա վարչապետության ընթացքը ցույց տվեց, որ սկզբունքային որեւէ հաստատուն երեւույթ առկա չէ դրանում: Խոսքի մակարդակում փոփոխականությունը, այն էլ՝ 180 աստիճանի, նրա էությունն է: Դրա փաստերը բազմաթիվ են՝ սփռված համացանցում: Երբ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը մի ժամանակ ասում էր ինչ-որ բան, իսկ որոշ ժամանակ անց՝ լրիվ հակառակը: Ու երբ այդ հակասությունները կոխում են աչքը, փորձում է արդարանալ՝ պատճառ բերելով հիշողության կորուստը: Ինչն արվում էր եւ շարունակում է արվել միայն մեկ՝ անձնական իշխանության պահպանման նպատակով: Այդ նպատակին է ծառայել եւ ծառայում նրա ողջ գործունեությունը վարչապետի աթոռին: Եվ երբ այդ աթոռին վտանգ է սպառնացել, աթոռակռվի մեջ մեղադրել է ուրիշներին: Դա մենք արդեն անցել ենք: 

Հանուն աթոռի պահպանման վերջինիս քայլերը եւս միագիծ չեն եղել: Դրանք ընդունել են տարբեր եւ նույնիսկ հակադիր դրսեւորումներ՝ էության մեջ, սակայն մնալով նույնը: Ամեն ինչ հանուն իշխանության պահպանման՝ սա է նրա նշանաբանը:  Ասենք, 2020-ի հուլիսին Տավուշի մարզի դիրքային հաղթական մարտից հետո ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը շքանշան բաժանող «հերոսական» հրամանատար էր: Դրանից կես տարի անց ինքը «պարտությամբ հպարտ» վարչապետ էր: Իսկ պարտությամբ «հպարտանալն» անհրաժեշտ էր ուսապարկերից մեկի բնութագրած «պողոսների» հետ նույնանալու եւ նրանց ձայնը ստանալու համար: Եվ ինչ էլ անելու կամ ասելու լիներ, դրա հիմքում «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» անմիտ թեզն էր՝ ձեւակերպված 2020 թվականի պատերազմից 10 օր առաջ: Որով առաջնորդված՝ փողոցային բազմության շնորհիվ իշխանություն էր բռնազավթել: Եվ որով առաջնորդված՝ փորձում էր ջրել բոլոր սխալներն ու բացթողումները (մեղմ ասած):

Սակայն զարմանալիորեն եկավ նաեւ այդ թեզի վերջը, չնայած վստահ չեմ, թե գիտակցվե՞ց, արդյոք, այն իր կողմից: Համենայնդեպս, կարող ենք արձանագրել, որ մարտի 28-ին տեղի ունեցած ՀՀ Անվտանգության խորհրդի նիստից հետո ընդունված հայտարարության տեքստում բացակայում էր «անսասան կամքով» խաղաղությունն առաջ տանելու նիկոլական թեզը: Դրա փոխարեն «Լեռնային Ղարաբաղի շուրջը ստեղծված վիճակը» հստակ գնահատվել էր որպես «խիստ լարված»:

Այնուհետեւ Ադրբեջանը մեղադրվել էր «Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ եւ հարձակում սկսելու համար»: Եվ ինչը վերը նշված թեզի առումով հատկանշական է՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրվել էր «Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստան-Ադրբեջան սահմանին ռազմական բախումների հնարավորության վրա»: Միաժամանակ անհրաժեշտ է համարվել «միջազգային զսպման մեխանիզմների գործարկումը՝ տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա եւ էթնիկ զտում թույլ չտալու համար»:

Կրկնում եմ՝ վստահ չեմ, թե ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից գիտակցվել է իր ողջ ընդդիմադիր փորձառությամբ մշակված թեզի սխալականությունը: Վստահ չեմ, քանի որ թերուս եւ ինքնավստահ անձը չի կարող կողքից քննել իր քայլերը եւ օբյեկտիվ, ադեկվատ գնահատական տալ դրանց: Դա, ի դեպ, ոչ թե իմ կարծիքն է, այլ ժամանակի կողմից ապացուցված դատողություն, որը, որպես դասագրքային ճշմարտություն, ներառված է հոգեբանական կամ հոգեբուժական գրականության մեջ: Եվ մեր ժողովրդի դժբախտությունն այն է, որ նման մեկին 2018 թվականի գարնանը կարգեց իրեն ղեկավար: Թեեւ հաշվի առնելով մեր ժողովրդի մտածողության խեղվածությունը, ինչը պետականության հազարամյա բացակայության եւ դրանից ածանցված այլ գործոնների արդյունք է, ուրիշ դրսեւորում չէր կարող ունենալ: Եվ երիցս ճիշտ է գրող, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը, ով դեռեւս 2001թ. հրապարակած «Ումի՞ց է հարկավոր փրկել հայրենիքը» վերլուծության մեջ հիմնավորել էր, որ հայրենիքը հարկավոր է փրկել հենց Հայաստանում բնակվող հայ ժողովրդից: 

Բայց, այնուամենայնիվ, կարող ենք արձանագրել՝ Փաշինյան Նիկոլի ողջ ընդդիմադիր եւ եռամյա վարչապետական գործունեության հիման վրա մշակված կենսափիլիսոփայական հավատամքը տապալվել է: Ինչը որոշակի հույս է ներշնչում ինչ-որ դրական զարգացումների առումով: