Ինչպես էր փոխվում թավիշը. Ապրիլի 4

Ինչպես էր փոխվում թավիշը. Ապրիլի 4

Մեր այսօրվա ողբերգական, օրհասական վիճակի հիմքը դրվեց 2018 թվականի մարտի 31-ին, երբ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսեց Գյումրի-Երեւան քայլարշավն ու հասավ այն բանին, որ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, եւ մայիսի 8-ին ինքը դարձավ վարչապետ: Հետո պիտի պարզվեր, որ «Մերժիր Սերժին» կարգախոսով փողոց ելած ու իրենց արածը «ոչ բռի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն» որակածները շատ արագ մտնելու են այն արատավոր դաշտը, որի դեմ իրենք պայքարում էին: Հետո պիտի պարզվեր, որ, ի տարբերություն առողջ, բանական, դատող մարդկանց, հեղափոխականները պարտությունից չեն ամաչում, պարտությամբ հպարտանում են: Մենք փորձել ենք վերականգնել անցյալը եւ ներկայացնել հեղափոխականների տրանսֆորմացիայի համառոտ ժամանակագրությունը՝ ըստ օրերի եւ տարիների: 2018-ի, 2019-ի, 2020-ի եւ 2021-ի ապրիլի 4։ Ինչից ուր հասանք։

2018-ի ապրիլի 4

«Մերժիր Սերժին» նախաձեռնությունը հայտարարեց. «Հիմա արդեն բոլորի համար հստակ է, որ 2015-ին Սերժ Սարգսյանը երկրի Սահմանադրությունը փոխեց լոկ իր իշխանությունը երկարաձգելու եւ ամրապնդելու համար: Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի վերարտադրությունը՝ սուպերվարչապետի կարգավիճակով, է՛լ ավելի է խորացնելու ավտորիտարիզմը, ճնշելու մարդու իրավունքները եւ վերացնելու է հետագայում փոփոխությունների համար պայքարի ու հաջողության հասնելու հնարավորությունները։ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է միմիայն այն մարդկանց համար, որոնք կոռումպացված համակարգի մասն են եւ գերադասում են իրավիճակի կայունությունը»: 

2019-ի ապրիլի 4

Քաղաքացու հաղթանակի եւ երջանկության համար իշխանության եկած ուժը, անտեսելով քաղաքացիների դժգոհությունը, շարունակում էր օրենքով չսահմանված պարգեւավճարներ բաժանել պետական բարձրաստիճան պաշտոնյաներին ու ՔՊ-ականներին: Պետական եկամուտների կոմիտեի համակարգի պարգեւավճարների ֆոնդն ավելացվեց 2,3 միլիարդ դրամով ու անցավ 4 միլիարդի սահմանը: Հեղափոխական վարչապետի հեղափոխական կողակիցը՝ տիկին Աննա Հակոբյանը, «Կանայք՝ հանուն խաղաղության» շարժումն էր նախաձեռնել եւ խոսում էր խաղաղության մասին, իսկ Ադրբեջանի նախագահի կողակից եւ տեղակալ Մեհրիբան Ալիեւան հակառակ հայտարարությունն էր անում. «Ես միշտ ասում եմ, որ Ադրբեջանը շատ հարուստ երկիր է, որն ունի գեղեցիկ բնություն։ Բայց մեր ամենամեծ ձեռքբերումը ադրբեջանցի ժողովուրդն է, մարդը։ Իսկապես, ադրբեջանցի ժողովուրդը պետք է հպարտանա, որ ձեզ նման որդիներ է մեծացրել… Այսպիսի ժողովրդի, այսպիսի զինվորների, սպաների, այսպիսի եղբայրների հետ մենք անպայման կվերադարձնենք Ղարաբաղը։ Ղարաբաղի յուրաքանչյուր գյուղում, յուրաքանչյուր քաղաքում կծածանվի Ադրբեջանի դրոշը»:
Հեղափոխական իշխանությունը 19-ի ապրիլյան այս հայտարարությանը չարձագանքեց; Արձագանքեցին փորձագետները: «Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Ռուբեն Հակոբյան. «Վիեննայում մարտի 29-ին տեղի ունեցած հայ-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցություններից հետո Մինսկի խմբի հայտարարության մեջ տեղ չեն գտել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի՝ երկու երկրների նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչը վերաբերում էր հրադադարի ամրապնդմանը եւ ինչը բազմիցս խախտել է Ադրբեջանը»։ Այդ պայմանավորվածությունները դիտվում էին որպես հայկական կողմի դիվանագիտական հաջողություն։  Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայան. «Աստված չանի՝ Արցախը կործանվի: Հետեւանքները կլինեն ողջ հայության համար»: 
Քաղաքացու հաղթանակի եւ երջանկության համար իշխանության եկած ուժն անարձագանք թողեց փորձագետ-քաղաքացիների մտահոգությունները:

2020-ի ապրիլի 4

Քաղաքացու հաղթանակի եւ երջանկության համար իշխանության եկած ուժի կառավարման արդյունքում Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունը Եվրոպայի օդը փակեց հայկական ավիաընկերությունների համար: Այսպես կոչված՝ սեւ ցուցակ գցեց մեր ավիաընկերությունները։ Ըստ նշված գործակալության, Հայաստանի քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեն չի կարողանում ապահովել թռիչքների անվտանգությունը:

2021-ի ապրիլի 4

Հեղափոխությունից հետո Հայաստանի պետական վերահսկողական ծառայության ղեկավար դարձած Դավիթ Սանասարյանը, խոսելով իր դեմ հարուցված քրեական գործի եւ իր հրաժարականի մասին, ասաց. «Իմ որոշումը կապ չունի քրեական գործի հետ, հակառակ դեպքում ես ավելի վաղ դուրս կգայի: Եթե տեսնում ես՝ քաղաքական ուժը չի կարողանում կատարել իր գործառույթները, նրա գործունեությունը համարժեք չէ ստեղծված իրավիճակին, իշխանությունը կլանային խումբ չէ, որ պարտադիր պետք է երդում տանք ու այդ խմբի հետ մնանք եւ երկիրը տանենք ժայռից այն կողմ: Նրանք ադեկվատ չեն եղել իրավիճակին»: Դավիթ Սանասարյանը հերթականն էր, որ պետական համակարգից դուրս գալուց հետո պնդում էր, որ բարձրաստիճան պաշտոնյաներն ադեկվատ չեն, կտրված են իրականությունից:

Շարունակելի

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ