Եվ դարձյալ Հիսուսի արձանի մասին

Եվ դարձյալ Հիսուսի արձանի մասին

Ազգս այնքան է ուզում Հիսուս Քրիստոսի արձան ունենալ, որ էլ չասելու: Քրիստոնեությունն ազգիս մեջ գլուխ է բարձրացրել, ու ազգս էրվում, խորովվում է, իրեն պատեպատ է տալիս, որ մի հատ Հիսուսի արձան ունենա: Վերջը էլի Ծառուկյան Գագոն ձեռք մեկնեց ազգիս ու Հիսուսի բարձրաբերձ արձան կանգնեցնելու նախաձեռնությամբ հանդես եկավ: Շատ շնորհակալ ենք Գագիկ Ծառուկյանից, բայց մի փոքրիկ նրբություն էլ կա։ Պարոն Ծառուկյան, այդպիսի կոթողները, նկատի ունեմ՝ մեծ, մոնումենտալ, տեղադրումից հետո հսկայական ծախսեր են պահանջում: Օրինակ՝ ամեն օր պետք է լվանալ, որովհետեւ նրա վրայով անցնող թռչունները չգիտեն, որ դա Հիսուսի արձանն է: Եվ սա դեռ ամենախոշոր ծախսը չէ: Մեծ աշխատակազմ է պետք՝ արձանի շուրջբոլորը սպասարկելու եւ բուն արձանի կարիքները՝ լուսավորություն, հոգեւոր երաժշտություն, լուսաձայնային եւ համակարգչային էֆեկտներ, անվտանգություն ապահովելու համար:

Ավտոկայանատեղի պետք է լինի՝ առնվազն 10 ստայանչիկով, շուրջօրյա հսկողություն՝ 30-40 ոստիկանով: Եվ վերջապես՝ արձանի դիրեկտոր պե՞տք է լինի, թե՞ ոչ՝ դիրեկտորին «պադավատ» ու տեղակալներ։ Ենթադրում եմ, որ արձանը կտեղադրվի մի բարձր տեղում, ուր ոտքով հասնելը, մեղմ ասած, Քրիստոսի տանջանքներից վերան մի բան կլինի: Դե արի՝ Գագիկ Ծառուկյան ջան, մի քանի հատ էլ անվճար երթուղի բացիր Հայաստանի բոլոր ծայրերից, որ մեր գյուղերից էլ կարողանան գալ ու հիանալ Քրիստոսի պայծառակերպությամբ:

Ինչեւէ, մենք այսպես ասում-խոսում ենք, բայց իսկապես շատերն են ոգեւորված Ծառուկյան Գագիկի նախաձեռնությամբ: Չգիտեմ, բայց անձամբ ես, որ մյուսներից պակաս քրիստոնյա չեմ, կարծում եմ, որ պետք չէ դեմ գնալ Հայ առաքելական եկեղեցուն եւ Գերագույն հոգեւոր խորհրդին, որոնք հայտարարել են, որ Հիսուսի արձանի կառուցումը «հարիր չէ Հայ եկեղեցու դարավոր պատկերագրական եւ պաշտամունքային ավանդույթին»: Ես չեմ հասկանում այն հայ քրիստոնյաներին, որոնց «Հայ առաքելական եկեղեցու այս դիրքորոշումն անհասկանալի թվաց»:

Տղա ջան, քեզ ի՞նչն անհասկանալի թվաց: Այն պարզ խոսքը, որ դա «հարիր չէ Հայ եկեղեցու դարավոր պատկերագրական եւ պաշտամունքային ավանդույթին», հարիր չէ, հասկանո՞ւմ ես: Գնացել, ընկել են սարուձոր, որ հասկանան, թե ինչու Հայ առաքելական եկեղեցուն հարիր չէ դա: Դե որ հարիր լիներ, 4-րդ դարից այսկողմ մի հատ Քրիստոսի արձան կունենայինք, ինչ է, ՀԱԵ-ն սպասում էր, որ դո՞ւք որոշեիք՝ հարի՞ր է, թե՞ չէ: Գրել են, թե ՀԱԵ-ն Քրիստոսի արձանի մեջ իր մրցակցին է տեսնում, մարդիկ կդադարեն եկեղեցի գնալ ու կգնան Քրիստոսի մոտ: Մեջբերեմ. «Մի բան պարզ է, որ ինչ-որ պահից Հայ առաքելական եկեղեցու մոտ արթնացել է ինքնապաշտպանության բնազդը, քանի որ նա Հիսուս Քրիստոսի արձանի մեջ տեսնում է իրական վտանգ իր գոյությանը եւ գործունեությանը»: Ես արդեն սկսեցի կասկածել, որ այս տողերի հեղինակը, քրիստոնյա լինելով հանդերձ, իր կյանքում դեռ տերտեր չի սպանել կամ էլ չի եղել Վեհափառ հայրապետին հալածող սատանիստների խմբում: Լսիր, որդյակ իմ, ինչպե՞ս կարող է Հիսուս Քրիստոսն արձանի կամ որեւէ այլ առարկայական դրսեւորմամբ սպառնալ եկեղեցու գոյությանը: Աշխարհում Քրիստոսի քանի՞ արձան կա: Դե ասա՝ հիմա եկեղեցիներ ու քրիստոնեական տաճարները պետք է վերացած լինեին, էլի… Ու այս խելքով սույն «աստվածավախը» փորձում է քննել Հայ առաքելական եկեղեցու հարիր ու անհարիր բաները:
Խոսելիս, իսկ գրելիս՝ առավել եւս, մի քիչ զգույշ եղեք: Դուք ձեր այս բլթոցներով կարող եք Գագիկ Ծառուկյանի փողերից մի քանի տասնյակ միլիոն դոլար քամուն տալ եւ արդյունքում ոչ մի աստվածահաճո բան չանել: Իսկ հիմա կարդանք Հիսուս Քրիստոսի արձան-համալիրի մրցութային հանձնախմբի հայտարարությունը, որից պարզ երեւում է, թե մեծապատիվ մուրացկաններն ինչ ախորժակով են սպասում Ծառուկյանի փողերին:

«Ինչպես արդեն գիտեք, Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի հանձնախումբն ամփոփել է մրցութային առաջին փուլը՝ հնարավորություն տալով 21 հեղինակներին մեկամսյա ժամանակահատվածում լրամշակել իրենց աշխատանքները: Առանձնահատուկ գոհունակությամբ ցանկանում ենք փաստել, որ հանրային դիսկուրսը համարում ենք կայացած, քանզի առայսօր շարունակում ենք ստանալ հարյուրավոր առաջարկներ Հայաստանից, Սփյուռքից եւ Արցախից՝ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի ճարտարապետական լուծումների, տեղադրման վայրի եւ այլ հարցերի վերաբերյալ: Հայ առաքելական եկեղեցու դիրքորոշումը մեզ համար շատ կարեւոր է եւ գնահատելի: Միեւնույն ժամանակ ցանկանում ենք վերահաստատել, որ Հիսուս Քրիստոսի արձան-համալիրը ճարտարապետական կոթող է, որը նպատակ ունի դառնալ միաբանության խորհրդանիշ ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ողջ աշխարհի մարդկության համար: Ինչպես նաեւ մոնումենտալ կոթողը մեծ ներուժ ունի՝ դառնալու առաջին քրիստոնյա պետության այցեքարտն աշխարհում ու մեծ թվով զբոսաշրջիկներ ներգրավելու: Կրկին շնորհակալություն ենք հայտնում գաղափարի աջակիցներին եւ լիահույս ենք, որ աստվածահաճո այս առաքելության մեջ մենք միաբան ենք»:

Արտաքուստ այս բարեկիրթ եւ աստվածահաճո գրության միտք բանին այս է․ «ՀԱԵ-ի կարծիքը մեզ համար կարեւոր է, բայց Գագիկ Ծառուկյանի փողերն ավելի կարեւոր են»: Բայց նախ ուշադրություն դարձնենք  հանձնախմբի ստին. «Առանձնահատուկ գոհունակությամբ ցանկանում ենք փաստել, որ հանրային դիսկուրսը համարում ենք կայացած, քանզի առայսօր շարունակում ենք ստանալ հարյուրավոր առաջարկներ Հայաստանից, Սփյուռքից եւ Արցախից՝ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի ճարտարապետական լուծումների, տեղադրման վայրի եւ այլ հարցերի վերաբերյալ»: Չհասկացա, այդ ի՞նչ դիսկուրս եք համարում կայացած: Գլխիս նոր արաբաթմիրզոյաններ են հայտնվել, թե բա՝ բոլոր հայերը երազում են թուրքերի հետ բարեկամանալ:

Մեկը՝ ես, չեմ ուզում, որ Հիսուսի մեծ արձան տեղադրվի, որովհետեւ դա հարիր չէ մեր եկեղեցու եւ հայ ազգի քրիստոնեական ավանդույթներին: Հարգելի մեծապատիվ մուրացկաններ, դուք չեք կարող մի բան «համարել» կայացած եւ միեւնույն ժամանակ «փաստել», որ դա կայացել է: Ո՞ւմ եք հարցրել, որ մի հատ էլ փաստում եք: Իսկ ի՞նչ է նշանակում՝ «Հիսուս Քրիստոսի արձան-համալիրը ճարտարապետական կոթող է, որը նպատակ ունի դառնալ միաբանության խորհրդանիշ ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ողջ աշխարհի մարդկության համար»: Ես չեմ հավատում այս ապուշությանը: Ինչպե՞ս կարող է մի թեկուզ ամենամեծ արձան միավորել մեզ, եթե մենք չունենք միավորվելու պահանջ, եւ կամ մեզ թույլ չեն տալիս միավորվել: Ու մի այսպիսի հարց՝ ես այդ ո՞ւմ հետ պետք է միավորվեմ՝ Նիկոլի ու այս քաղպոռնոգրաֆիայի՞: Ձե՞ռ եք առնում:

Թե բա՝ «մոնումենտալ կոթողը մեծ ներուժ ունի՝ դառնալու առաջին քրիստոնյա պետության այցեքարտն աշխարհում ու մեծ թվով զբոսաշրջիկներ ներգրավելու»: Բայի ըղձական եղանակը ես երբեք չեմ սիրել: Ի՞նչ ասել է՝ դառնալու, ներգրավելու… Սա նշանակում է՝ կա՛մ կդառնանք, կա՛մ չէ, կա՛մ կներգրավենք, կա՛մ չէ: Այդ արձանով Հայաստանը Երուսաղեմ չեք կարող դարձնել, հանեք ձեր գլխից այդ անհեթեթ միտքը: Եթե ձեզ թվում է, որ մեծ բան տեսնելու համար մարդիկ աշխարհի չորս ծագերից վազելու են Հայաստան, սխալվում եք: Մեծ բաներ աշխարհում շատ կան: Իսկ դրա հետ կապված հիվանդությունը կոչվում է գիգանտոմանիա, որով տառապում են ցուցադրելու բան չունեցող ազգերն ու երկրները: Կարծում եմ՝ պետք է հեռու մնալ դրանից:

ՀԳ. Հարգելի Գագիկ Ծառուկյան, այս իրավիճակում թող «եղիցի կամք քո որպէս յերկինս եւ յերկրի», ինքդ որոշիր՝ իրականացնե՞լ, թե՞ ոչ, այդ նախաձեռնությունը: Չեմ ասի, թե դրա մեջ վատ բան կա, բայց որ ՀԱԵ-ն ասում է՝ հարիր չէ, ուրեմն մի բան գիտի: Մենք այդ արձանով չէ, որ պետք է մտնենք քրիստոնյա աշխարհի աչքը: Իսկ փող ծախսելու տեղ՝ ինչքան ուզեք: Ջիվանին է ասել.
Մի նոր քաղաք տեսա ժամի սիրահար
Բնակիչները հայ, մոտ քսան հազար.
Իրանք սնունդ չունին ապրելու համար,
Հինգ հատ վանք են շինել, խելքի՛ աշեցեք։