Ինչո՞վ է այս պահին զբաղված ՀՀ դեսպանությունը Իսրայելում

Ինչո՞վ է այս պահին զբաղված ՀՀ դեսպանությունը Իսրայելում

Սոցիալական ցանցերում լուրեր էին տարածվել, որ Իսրայելի հայ համայնքը մատնված է անտերության, մարդիկ խուճապի մեջ են։ Իսրայելի տարբեր քաղաքներում մեր աղբյուրները տեղեկացրին, որ ոչ ոք անտերության մատնված չէ, իսկ պատերազմական իրավիճակում, երբ ՀԱՄԱՍ-ը անընդմեջ հրթիռակոծում է Իսրայելի որոշ քաղաքներ՝ բնական է, որ մարդիկ վախեցած պիտի լինեն։

«Հրապարակի» հետ զրույցում Իսրայելի Հայֆա քաղաքի Սուրբ Եղիա եկեղեցու և հյուսիսային շրջանների հոգևոր հովիվ Տեր Տիրայր Հովակիմյանը ևս հաստատեց, որ նման բան չկա։

«Նման ինֆորմացիա չկա, նման բան չկա, որ անտերության է մատնված հայ համայնքը, որ ոչ ուտելիք ունեն, ոչ ջուր։ Դա սուտ է, չափազանցված տեղեկություն է, որը իրականությանը չի համապատասխանում։ Բոլոր համայնքներն էլ գիտեն, նախօրոք բոլորն էլ առևտուր են արել․ երկու օր առաջ է Իսրայելի պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարել, որ 72 ժամի համար ունենան ամեն անհատի համար ուտելիք, խմելիք, շորեղեն և այլն՝ ապաստարաններում սնվելու համար։ Բոլորն էլ մեծ առևտուր են արել՝ ես իմ աչքերով եմ տեսել խանութներում ինչ առևտուր են անում մարդիկ»,-ասաց Տեր Տիրայրը։

Նա տեղեկացրեց, որ հրթիռակոծության հետևանքով ոչ մի հայկական եկեղեցի չի վնասվել, որովհետև հրթիռների մեծ մասը օդում ոչնչացվել են ու հայերից տուժողներ չկան։

«Սակայն ունենք հայ ընտանիքներ, ովքեր որ զինվորներ ունեն այս պահին իսրայելական բանակում ծառայության մեջ։ Այսինքն այն հայերը, ովքեր մի կողմից հրեություն ունեն, մյուս կողմից հայկական արմատներ։ Մի քանի այդպիսի երիտասարդներ ունենք, որոնք զինվորության մեջ են այս պահին բանակում»,- նշեց Տեր Տիրայրը։

Նա տեղեկացրեց նաև, որ այս պահին Իսրայելում ՀՀ դեսպանությունը տարբեր քաղաքներից անուններ է հավաքագրում, որպեսզի ՀՀ իշխանությունները հնարավորության դեպքում ինքնաթիռ ուղարկեն ու տարհանեն երեխաներին ու կանանց, ովքեր ցանկություն ունեն դուրս գալու։

Տեր Տիրայրը տեղեկացրեց, որ Իսրայելում չկա այնպիսի բնակավայր, որտեղ հնարավոր չէ կապ հաստատել այնտեղ բնակվող հայերի հետ։ Հայր Սուրբը նշեց, որ եթե ՀՀ քաղաքացի չհանդիսացող, սակայն ազգությամբ հայերը ցանկություն հայտնեն, ապա հնարավորության դեպքում նրանց ևս Հայաստան կտեղափոխեն, եթե իհարկե ՀՀ իշխանությունները կարողանան տեղափոխումն իրականացնել։