Ծրագիրը ավերե՞լն է

Ծրագիրը ավերե՞լն է

Իհարկե, մեր` հայերիս բախտը չբերեց, եւ մենք հայտնվեցինք 21-րդ դարի պատերազմների ու պանդեմիաների հողմապտույտի մեջ, երբ 20-րդ դարի երկրորդ կեսի խաղաղությանն ու հարաբերական կայունությանը կարելի է միայն երանի տալ: Իհարկե, աշխարհաքաղաքական զարգացումները մեզ համար նպաստավոր չէին, եւ Արցախի կորուստը նաեւ այս իրադարձություններով էին պայմանավորված: Գուցե իշխանությունների ու նրանց կողմնակիցների բերած այս բոլոր փաստարկների մեջ կա նաեւ ճշմարտության հատիկ: Բայց ինչո՞վ բացատրենք մեր ներքին կյանքում տեղի ունեցող իրադարձությունները եւ պետական համակարգերի ծրագրված կազմաքանդումը, որի ականատեսն ենք մենք:

Քչից-շատից՝ նախագահի ինստիտուտ ունեինք, որը երբեմն օրենքներ էր հետ ուղարկում, երբեմն կարծիք էր հայտնում, որը միշտ չէ, որ համընկնում էր Փաշինյանի կարծիքի հետ: Հիմա ունենք նախագահի ֆուտլյար, որն արաբաիսրայելական կոնֆլիկտին արձագանքում է` Արցախի մասին վախենում է ծպտուն հանել:

Ուժեղ ու կայացած Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտ ունեինք, որը պետական մարմիններին հավասար աշխատանք էր կատարում, մանավանդ` դրսի աշխարհին տեղեկացնելու առումով, հիմա ունենք ՄԻՊ ֆուտլյար, որը տառ-տառ կրկնում է իշխանությունների պահվածքը` որեւէ բանով չհակադրվելով պետական մարմիններին:

Ունեինք հեռուստաընկերություններ, որոնք դեպքերի բերումով ազատվել էին պետական վերահսկողությունից եւ հրաշքով անկախություն էին ձեռք բերել, իշխանության կամակատար հանձնաժողովի ձեռքով դրանցից որոշները զրկվեցին կապուղուց, մյուսների եթերը սահմանափակվեց: Անգամ չգրված ավանդույթներ կային: Օրինակ` բոլոր պետական կառույցները թերթ էին բաժանորդագրվում, կառավարության հրահանգով` բոլորը դադարեցրել են բաժանորդագրությունը, որ թերթերի եկամուտը նվազի: