«Հրապարակ». Ժողովուրդն այս ծանր իրավիճակում հույս է փնտրում, հույսի վաճառականները ֆեյք սպասումներ են ձեւավորում

«Հրապարակ». Ժողովուրդն այս ծանր իրավիճակում հույս է փնտրում, հույսի վաճառականները ֆեյք սպասումներ են ձեւավորում

Բրյուսելյան հանդիպման արդյունքները շարունակում են քննարկվել Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում։ Շաբաթներ շարունակ գործող իշխանությունը եւ հաստիքային արեւմտամետներն ապրիլհինգյան հանդիպումից առաջ ակնկալիքներ էին ձեւավորում, թե Արեւմուտքը լրջագույն ռազմաքաղաքական երաշխիքներ է տալու Հայաստանին, նաեւ՝ զգալի գումար՝ Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի համար։
Սակայն Հայաստանն առաջիկա 4 տարում ԵՄ-ից կստանա ընդամենը 270 միլիոն եվրո, գրանտների տեսքով, իսկ ԱՄՆ-ից՝ 65 միլիոն դոլար։ Քաղաքական եւ ռազմական երաշխիքների, վիզաների ազատականացման, «ոչ մարտական» զենքերի տրամադրման մասին որեւէ բառ չարծարծվեց հանդիպման ժամանակ։ Մինչդեռ Փաշինյանն իր կուսակիցներին եւ աջակիցներին համոզել էր, որ լուրջ երաշխիքներ է ստանալու Արեւմուտքից, սրանով էր պայմանավորված այն, որ բրյուսելյան հանդիպումից մեկ օր առաջ արեւմտամետների մասնակցությամբ խորհրդարանական լսումներ եղան՝ «Բարի գալուստ, ժողովրդավարական Եվրոպա, ցտեսություն, բռնատիրական Ռուսաստան» գծի շրջանակներում։ 

Ուշագրավ է, որ բրյուսելյան հանդիպումից հետո հաստիքային քարոզիչները կարծես ընդհատակ են անցել՝ ոչ մի խոսք հանդիպման արդյունքների մասին, լռում են նաեւ իշխանականները, մի քանի զուսպ երկտողը չհաշված, որտեղ հույս են հայտնում, որ սա սկիզբն է, համագործակցությունը շարունակվելու է։ Իսկ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, թերեւս, մոռանալով, որ հանդիպման մասին հենց իշխանական շրջանակներն են տիեզերական մասշտաբի սպասումներ ձեւավորել, ասենք՝ Տիգրան Խզմալյանի շուրթերով «ամրագրելով», որ «Հայաստանը Եվրոպա է, եւ վերջ», հանդիպումից հետո հիասթափությունների ալիքը վերագրել է ինչ-ինչ շրջանակների՝ հայտարարելով, թե իշխանության դեմ տարվում է «հիբրիդային լայնածավալ պատերազմ՝ հուսահատություն ներշնչելու համար», որին մինչ այս պահը «դիմակայել են հանրության սառնասրտության եւ ողջախոհության, ճիշտ ձեւակերպված խնդիրների արդյունքում»: Եվ անամոթաբար նշում է, որ վերջին ճգնաժամը, որ «համախմբված հաղթահարել են», անցած տարվա սեպտեմբերն էր: Ապա փիլիսոփայել է․ «Պետության ընթացքը կախված է յուրաքանչյուրիս վերափոխվելու կարողությունից՝ կրթվել անդադար, ստեղծել, արարել, ուժեղացնել պետությունը՝ վճարելով հարկերը, որից մեծ կտոր ուղղվում է անվտանգությանը»:

Վարչապետի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը մեզ հետ զրույցում նկատում է, որ հանդիպումից առաջ իշխանական «հույսի վաճառականները»՝ արեւմտամետ շրջանակները, ժողովրդի մոտ ֆեյք սպասումներ են ձեւավորել, կյանքը բաժանել ապրիլի 5-ից առաջի եւ հետոյի, ինչի հետեւանքը եղավ հետապրիլհինգյան աղմուկը, թե Արեւմուտքը «գցեց» Հայաստանին․ «Իրենք սպասումներ էին ձեւավորել՝ իբր ապրիլի 5-ի հանդիպումը Հայաստանին կբերի անվտանգություն, պաշտպանություն, ինչ ասես, խոսում էին։ Բայց եթե այդ մարդիկ իսկապես արեւմտամետ են, չպետք է չհիմնավորված հույսեր վաճառեին ժողովրդի վրա, ինչու՝ որովհետեւ երբ այդ հույսերը չարդարացվեն, մարդիկ հիասթափվելու են արեւմտյան ինստիտուտներից։ Եթե այդ մարդիկ հասկանալով են անում, ապա աշխատում են Արեւմուտքի դեմ՝ Արեւմուտքի անունից»։ Իրականում, ըստ Մարուքյանի, Արեւմուտքը շատ անկեղծ ու ազնիվ է՝ ինչ ասել է, դա էլ արել է։ Եվ առաջարկում է կարդալ «Դիմակայունություն եւ աճ» ծրագիրը, որը 2 էջանոց փաստաթուղթ է՝ հանդիպումից հետո տարածված հաղորդագրության տեքստը։

«Կեղծիք է նաեւ այն, որ հանդիպումից հետո էլ փորձում են տպավորություն ձեւավորել, թե այլ՝ չերեւացող պայմանավորվածություններ կան։ Ո՞վ է ասել, որ Բլինքենը կամ ֆոն դեն Լայենը, Բորելը չեն ասում ինչ-որ բաներ մինչեւ վերջ, կիսատ են ասում, իբր թողնում են, որ Հայաստանում մեզ համար ինչ-որ մեկը մեկնաբանի, թե Բլինքենը սա նկատի ուներ, նա նկատի ուներ․․․ կատարյալ սուտ՝ եթե Բլինքենը բան ուզենա ասի Հայաստանին, ուղիղ կասի, այսինքն՝ այդ թղթից դուրս ինչ ասեն, սուտ են ասելու»,- ասում է Մարուքյանը՝ թերեւս ակնարկելով Արայիկ Հարությունյանի գրառումը, եւ ընդգծում է՝ ո՛չ ԵՄ, ո՛չ ԱՄՆ որեւէ պաշտոնյա չեն ասել, որ այս հանդիպումը մեր սահմանների պաշտպանության, անվտանգության մասին է։ «Ժողովուրդը երկրի համար այս ծանր իրավիճակում ելք է փնտրում, հույս, հույսի վաճառականներն էլ իրենց գործն անում են՝ ակնկալիքներ ուռճացնում, մարդիկ գնում են հույսի հետեւից»։

Ինչ վերաբերում է տնտեսության դիվերսիֆիկացիային․ եթե ԵՄ-ն իսկապես ուզում է, որ ՀՀ տնտեսությունը դիվերսիֆիկացվի, Մարուքյանի կարծիքով, պետք է օր առաջ հայ-թուրքական սահմանը բացելու քայլեր ձեռնարկի։ «Մեզ համար շատ կարեւոր է սահմանի բացումը, որը մեզնից չէ կախված, այդ սահմանը փակել է Թուրքիան, իրենք էլ պետք է բացեն։ 2008-ից ԵՄ-ն, ԱՄՆ-ն ներգրավված են, որ սահմանը բացվի, այն ժամանակ Ղարաբաղի հարցն էին առաջ բերում՝ եթե այդ շրջանները տան, կբացվի, հիմա ո՛չ Ղարաբաղը կա, ո՛չ հարց կա, բայց սահմանը չի բացվում։ Միայն այդ սահմանը բացելով է, որ մեր տնտեսությունը կարող է դիվերսիֆիկացվել, որովհետեւ Հայաստանը գտնվում է լոգիստիկ դժոխքի մեջ։ Հիմա գլխավորը հետեւյալ հարցն է՝ իրենց ազդեցության տակ գտնվող Թուրքիային կարողանո՞ւմ են պարտադրել, որ սահմանը բացվի, որովհետեւ Թուրքիայի որեւէ նախապայման այլեւս չկա, եթե, իհարկե, նոր պայմաններ առաջ չեն քաշվում, ես համոզված եմ, որ քաշում են։ Մեր տնտեսության դիվերսիֆիկացիայի հարցում Եվրոպական Միության հետ ուղիղ ցամաքային ճանապարհը շատ բան կարող է փոխել, եթե բացվի հայ-թուրքական սահմանը։ Հիմա այս մասով չունենք նորություն՝ կարողանո՞ւմ են պարտադրել Թուրքիային, թե՞ ոչ»,- եզրափակում է Մարուքյանը։ Նա հիշեցնում է, որ նույնկերպ 2010-ականներին էլ կեղծ ակնկալիքներ էին ձեւավորել, երբ մի գիշերում Հայաստանը մտավ ԵԱՏՄ, իբր որովհետեւ ՌԴ-ն խոսք է տվել, թե Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայի դեպքում իր զորքը կներգրավվի։ Բայց կյանքը ցույց տվեց, որ դրանք կեղծ ակնկալիքներ էին, ինչի հետեւանքով էլ այսօր ՌԴ-ի դեմ մեծ ալիք է բարձրացել։

Հատկանշական է, թե ինչպես է գնահատելու Նիկոլ Փաշինյանը բրյուսելյան հանդիպումը, հատկապես Ռուսաստանի դեմ վերջին տարիներին տարվող հակաքարոզչության ֆոնին։ Բանն այն է, որ 2018 թ. հուլիսին, երբ Փաշինյանի իշխանությունն իր վարկանիշային պիկում էր, Բրյուսել կատարած առաջին այցից հետո ՀՀ վարչապետը սկանդալային հայտարարություն արեց, թե մեզ մանր փողեր պետք չեն, մենք թափ կտանք մեր օլիգարխների գրպանները եւ իրենց առաջարկածի չափ փող կհանենք: Նա շեշտել էր, որ ԵՄ-ից տրվող աջակցությունն ավելացել է ընդամենը 10 միլիոնով, եւ այդ հայտարարությունից հետո բարձրացած աղմուկին արձագանքելով՝ գրառում էր արել․ «Բանը եղել է այսպես. ԵՄ գործընկերներից մեկի հետ հանդիպման ժամանակ տարակուսանք հայտնեցի, որ ԵՄ-ն հեղափոխությունից հետո Հայաստանի համար նախատեսվող աջակցության ծավալը չի ավելացնում: ԵՄ մի պաշտոնյա արձագանքեց, թե ինչու եք այդպես ասում, 10 միլիոն եվրոյով ավելացրել ենք: Ես էլ ասացի, որ մենք մի քանի քրեական գործերով արդեն 42 միլիոն դոլար ենք գեներացրել, ու եթե մեր հայտնի կոռուպցիոներներից մեկին մի լավ թափ տանք, գրպաններից այդքան գումար կթափվի: Ասածիս իմաստն այն է, որ ժողովրդավարական Հայաստանը շատ ավելի լուրջ վերաբերմունք է ակնկալում»։

Հիշեցնենք, որ այդ տարի ԵՄ-ից Հայաստանին տրամադրված աջակցությունն ընդամենը 35 միլիոն եվրո էր։ Այսինքն՝ տարեկան կտրվածքով այդ գումարը ԵՄ-ն կրկնապատկել է, չնայած իշխանության գալու շրջանում Նիկոլ Փաշինյանը 24/7 ռեժիմով իր հավատարմությունն էր հայտնում ՌԴ-ին, վեկտոր չփոխելու հրապարակային հայտարարություններ էր անում: Իսկ երբ ՀՀ-ում ԵՄ դեսպան Սվիտալսկին կոշտ արձագանքել էր Փաշինյանի գրառմանը, որ եթե վեկտոր չեք փոխում, ինչու պիտի ԵՄ-ն գումարն ավելացնի, Փաշինյանի ընտանեկան թերթը գրեց․ «Եթե վեկտորի փոփոխությունն ուղիղ կապված է ՀՀ անվտանգության հետ, իսկ ԵՄ-ն, որն անգամ ՆԱՏՕ-ի շրջանակներում սեփական անվտանգությունն ապահովելու ֆինանսական խնդիրներ ունի, ցավոք, չի կարող ապահովել Հայաստանի անվտանգությունը»։ Իհարկե, 2018-ից հետո շատ ջրեր են հոսել հայ-ռուսական հարաբերություններում, բայց անհերքելի է, որ դրանից ԵՄ-ի աջակցությունն առանձնապես չի ավելացել։ Ի դեպ, 2018-ին Բրյուսելից վերադառնալով Հայաստան՝ Փաշինյանը, մեր տեղեկություններով, անմիջապես կապվել է այն ժամանակվա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ եւ ասել, թե Հայաստանին տրվող այդ ողորմության մասին իմանալով՝ անմիջապես մտքով ինքն է անցել, որ ընդամենը մի քանի օրում կարող է նախկին «թալանչիներից» մի քանի անգամ ավել գումար հավաքագրել։