Մարությանն ակամա խոստովանեց, որ իր նպատակն է «Սանիթեքին» ոչնչացնելը 

Մարությանն ակամա խոստովանեց, որ իր նպատակն է «Սանիթեքին» ոչնչացնելը 

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը երեկ բացահայտ հասկացրեց ու նաեւ խոստովանեց, որ իր կյանքի գերնպատակը «ԿամԱԶ»-ներից հետո, մեկ էլ «Սանիթեքին» շուկայից դուրս մղելն ու ոչնչացնելն է։ Մենք գրել էինք, որ Մարությանը մտադիր է խզել «Սանիթեքի» հետ պայմանագիրը, եւ քաղաքային բյուջեից ուզում են ավելի քան 2 մլրդ դրամ գումար հատկացնել իրենց ստեղծած բյուջետային հիմնարկին, որ «Սանիթեքի» փոխարեն այս հիմնարկն իրականացնի քաղաքի աղբահանությունը։ Դրա համար իրենք երեսի զոռով, կառավարության միջամտությամբ, մեկ անձից գնման ընթացակարգով ձեռք բերեցին ռուսական արտադրության 5 միավոր աղբատար «ԿամԱԶ», որպեսզի կամաց-կամաց ներգրավվեն քաղաքի աղբահանության գործում։ Բայց առաջիկայում դեռ էլի մեքենաներ պիտի բերեն՝ ընդհանուր թվով 34 մեքենա, որով, ըստ քաղաքապետի, կկարողանան լիարժեք իրականացնել քաղաքի աղբահանությունն ու սանմաքրումը։

Իսկ մինչ այդ Հայկ Մարությանին կհաջողվի վերջնականապես լուծարել «Սանիթեքի» հետ կնքված պայմանագիրը, որ վերջում մնան «իրենք իրենցով» եւ այդ ողջ գումարն ուղղեն իրենց ստեղծած հիմնարկին։ Մինչդեռ «Սանիթեքը» քանի ամիս է՝ կուրծք է ծեծում, թե «տվեք ինձ երաշխիքներ, որ իմ պայմանագիրը չեք լուծարի, եւ ես բանկից վարկ կվերցնեմ, ներդրում կանեմ, նոր մեքենաներ կբերեմ, որ լիարժեք աղբահանություն իրականացնեմ»։ Իսկ բանկն առանց երաշխիքի վարկ չի տրամադրում։ Քաղաքապետարանն էլ երաշխիք տրամադրելու փոխարեն ամեն օր մի քանի միլիոն դրամով տուգանում է «Սանիթեքին», որ արհեստական ձեւով վերջնականապես տանի սնանկացման։ Ոչինչ, որ դրանով երկրի միջազգային վարկանիշն է տուժում, եւ հնարավոր է «Սանիթեքը», «Լիդիանի» օրինակով, մտնի միջազգային արբիտրաժ եւ մեծ գումարներ տանի պետբյուջեից։

Այս սադիստական մոտեցումը երեկ ավելի ամրապնդեց Հայկ Մարությանն իր ճեպազրույցով․ «Պայմանագիրը լուծարվելու է, թե ոչ՝ գիտե՞ք, ժամանակը ցույց կտա։ Երբ մենք վերջնական ստեղծենք այդ բյուջետային հիմնարկը, մենք պետք է գնահատենք էդ պահին․․․ դա ֆանտաստիկայի ժանրից է, բայց կարող է մեկ ամսվա մեջ իրենք բերում են 50 մեքենա, ընդունվում են մարդիկ գործի, եւ սկսում են աղբահանությունը կատարել։ Բայց եթե իրենք չեն կարողանում աղբահանությունը պատշաճ որակով կատարել, որը բխում է միայն պայմանագրից, պայմանագրով մենք ունենք բազում կետեր, որոնցով մենք կարող ենք լուծել այս պայմանագիրը»։

Նա նաեւ խոստովանեց, որ իրենք ամեն ամիս «Սանիթեքին» տուգանում են թերի կատարած աշխատանքի համար։ «Օրինակ՝ այս ամիս տուգանվել է 26 միլիոնով, անցած ամիս՝ 13 միլիոնով, դեռ մենք չենք անցել պահումներին, որովհետեւ կան նաեւ պահումներ, դրանք շատ ավելի մեծ գումարներ են։ Եվ չի բացառվում, որ պայմանագիրը մի օր կլուծենք»,- իր սահմանած տուգանքներով հպարտացավ դերասան-քաղաքապետը։

- Պարոն Մարության, «Սանիթեքն» էլ դժգոհում է, թե քաղաքապետարանն ամեն ինչ անում է, որ իրենք հայտնվեն վատ վիճակում եւ դուրս մղվեն շուկայից։

- Բացարձակ այդպիսի բան չկա, մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի, հակառակը՝ իրենց վիճակը լավանա, եւ իրենք դա շատ լավ գիտեն։ Ասեմ ավելին․ եթե Դուք գնաք եւ տեսնեք՝ ես գոնե շաբաթը մեկ անգամ այցելում եմ աղբավայր, կտեսնեք՝ այս պահին այնպես ենք ասֆալտել, ինչպես ասֆալտում են Եվրոպայի կամ Ամերիկայի լավագույն ճանապարհները։ Էսպես չի եղել երբեւիցե։

- Բայց դուք ամեն անգամ տուգանելով՝ սնանկացման եք տանում ընկերությանը։

- Այդ տուգանքները եւ բոլոր նմանատիպ միջոցառումները կարգավորված են պայմանագրով։ Մեր ամեն քայլն անում ենք միայն իրավական դաշտում եւ միայն պայմանագրի ներքո։ 

- Բայց իրենք ներդրում են ուզում անել, դուք չեք թողնում։

- Ո՞վ չի թողնում։

- Իրենք ասում են՝ քաղաքապետարանը պայմաններ չի ստեղծում, որ ներդրում անենք, բանկը երաշխիք է ուզում, որ վարկ տրամադրի, իսկ դուք չեք տալիս այդ երաշխիքը։

- Մենք երաշխիքներ չպետք է տանք, թող իրենք գնան իրենց վարկը վերցնեն։ Իրենք ունեն պայմանագիր եւ այդ պայմանագրի ներքո գործում են։ Եվ մենք իրենց խնդրել ենք, հորդորել ենք, ամեն ինչ արել ենք, որպեսզի իրենք համալրեն իրենց շարժակազմը։ Իրենք դա չեն արել։ Ես արդեն շարժակազմից ձեռք քաշելով՝ ասել եմ․ եղբայր, իսկ կլինի՞, որ գոնե աղբամանները բերեք, որ մենք հասկանանք, որ դուք գոնե մի բան ուզում եք անեք։ Դրա համար հո երաշխիք պե՞տք չէր։

- Եթե մեկ կամ մի քանի ամիս հետո այդ պայմանագիրը կարող է խզվել, իրենք ինչպե՞ս վարկ վերցնեն։

- Իսկ ո՞վ ասաց, որ էդպիսի բան կա։ Էդպիսի բան չկա։

- Դե, եթե «ով ասաց», ուրեմն երաշխիք տվեք, որ պայմանագիրը չի լուծարվի, որպեսզի բանկը վարկ տրամադրի։

- Ի՞նչ երաշխիք, պայմանագրով մենք էդպիսի պարտականություն չունենք՝ երաշխիք տրամադրելու։

- Այդ դեպքում բանկն ինչպե՞ս վարկ տրամադրի։ Իսկ եթե մեկ տարի հետո լուծեք պայմանագիրը, ո՞վ է վարկը մարելու։

- Եթե մենք լուծարենք եւ ճիշտ լինենք կամ սխալ լինենք, դա կորոշի միջազգային դատարանը։ Իսկ երբ որ դատարանը ճանաչի, որ իրենք ճիշտ են, էդ ամբողջ գումարը կմտնի դրա մեջ, հավատացնում եմ Ձեզ։