Նենգափոխություն հանուն ինչի՞

Նենգափոխություն հանուն ինչի՞

«Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանը, որ հայտարարել է Արցախի ՊԲ նախկին հրամանատարին աջակցության մասին, իրենց շարժման նպատակների շարքում ընդգծել է նաեւ Քաշաթաղի եւ Քարվաճառի վերաբնակիչներին ԱՀ նախագահի եւ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվելու եւ ընտրվելու իրավունքի «վերականգնման» առաջնահերթությունը։ Այս թեզը ՊԲ նախկին հրամանատարի աջակիցները վերջին շրջանում ավելի հաճախ են շրջանառում եւ անիրազեկների մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե Արցախում վերաբնակիչները միայն ընտրող են, զրկված են ընտրվելու սահմանադրական իրավունքից: Իրականում, մինչդեռ, 1995-ին Քաշաթաղից Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել Աիդա Անտոնյանը:

Հաջորդ՝  2000թ. ընտրությունների արդյունքներով Քաշաթաղի շրջանն Ազգային ժողովում ներկայացրել են պատգամավորներ Ազատ Եղոյանը եւ Տիգրան Կյուրեղյանը, իսկ Քարվաճառը՝ Արթուր Հակոբյանը:2005թ.-ին Քաշաթաղից ԱԺ պատգամավոր է ընտրվել Կարեն Գրիգորյանը: Անցյալ տարի ԱԺ պատգամավոր թափուր տեղի համար լրացուցիչ ընտրություններում պատգամավորի թեկնածու է առաջադրվել Մարինե Պետոյանը:

Նշված բոլոր անձինք վերաբնակիրներ են: Ինչպես տեսնում ենք, Քաշաթաղի եւ Քարվաճառի վերաբնակիչները, որպես ԱՀ իրավահավասար քաղաքացիներ, ունեն եւ ընտրելու, եւ ընտրվելու իրավունք, որը նրանք իրացնում են սահմանադրությամբ եւ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով: Անհասկանալի է, թե մարդիկ հանուն ինչի՞ են նենգափոխում իրականությունը, ինչու՞ են փորձում մթնոլորտ ստեղծել, թե Արցախում մարդկանց մի խմբի քաղաքացիական իրավունքները ոտնահարված են, եւ իրենք գալիս են այդ անարդարությունը վերացնելու:

Սահմանադրությունը եւ ընտրական օրենսգիրքը սահմանում են քաղաքական մրցակցության որոշակի կանոններ: Այդ շրջանակներում ցանկացած ուժ եւ անհատ իրավասու է իրացնելու իր հավակնությունները: Այնպես որ, պետք է մնալ օրինականության սահմաններում եւ սեփական քարոզչությունը կառուցել ոչ թե կեղծիքի, այլ՝ իրական փաստերի վրա: