«Մենք չենք պահանջում, որ հետ տան մեր շենքը, թող փոխհատուցեն վնասները». Համբարձում Սողոմոնյանի ժառանգներն ընդդեմ ՀՀԿ-ի
Կոնյակագործ Համբարձում Սողոմոնյանի ժառանգները դատի են տվել ՀՀԿ-ին՝ պահանջելով փոխհատուցել իրենց պատկանող շենքի արժեքը։ Հանրապետական կուսակցությունը Մելիք-Ադամյան փող․, 2 շենքում տեղակայված է 2001 թվականից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ անվանի կոնյակագործի ժառանգները դատական կարգով պահանջում են անվավեր ճանաչել առքուվաճառքի պայմանագիրը, եւ փոխհատուցել իրենց գույքի շուկայական արժեքը:
ՀԿ ԳՄ անդամ Վահրամ Բաղդասարյանը «Հրապարակին» հայտնել էր, որ ամեն ինչ օրինական է եղել, և որ իրենք չեն ծանուցվել հայցի մասին:
Իսկ ահա Սողոմոնյանի ծոռը՝ Գեորգի Պոպովը, վստահեցնում է, որ Վահրամ Բաղդասարյանը, մեղմ ասած, ճշմարտությունը չի ներկայացնում։ «Չէի ասի, որ նա ստում է։ Գուցե, նրանք չունեն լիարժեք տեղեկատվություն։ Կարող եմ ասել, որ նրանք չէին կարող չիմանալ այդ դատական հայցի մասին, քանի որ դատը արդեն մոտ մեկ տարի է՝ ընթանում է։ Նախորդ նիստը եղել է մայիսին, իսկ հաջորդը տեղի է ունենալու սեպտեմբերի սկզբին»,- ասաց Համբարձում Սողոմոնյանի ծոռը։
2018 թվականի հուլիսին Սողոմոնյանի թոռները՝ Յուրի Պոպովը և Նունե Սողոմոնյանը, դատարան են դիմել պահանջելով անվավեր ճանաչել 17 տարի առաջ կնքած պայմանագիրը: Նրանք 2001 թվականին անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր էին կնքել ՀՀԿ-ի հետ, սակայն պնդում են, որ դա արել են ճնշումների ներքո, ուստի պահանջում են անվավեր ճանաչել այդ պայմանագիրը: Սողոմոնյանի ծոռը՝ Գեորգի Պոպովը վստահեցնում է, որ 2001 թվականին Սողոմոնյանի ժառանգներին պատկանող շենքը 460քմ տարածքով օտարվել է 5,5 մլն դրամով։ Իր հայրը՝ Յուրի Պոպովը ստիպված է եղել կնքել այդ պայմանագիրը և շենքի համար տրվող այդ ծիծաղելի գումարի դիմաց վաճառել այն: «Այն ժամանակ իշխանության ղեկին Քոչարյանն էր։ Խոսակցությունը տեղի է ունեցել իմ հայրիկի՝ Յուրի Պոպովի հետ։ Նրան հասկացրին, որ նա կամ 5․5 մլն դրամն է ստանում շենքի համար, կամ չի ստանում ոչինչ», - պատմում է Պոպովը։ Շենքը այն ժամանակ պատկանում էր հայտնի կոնյակագործի հարազատներին՝ նրա երեք որդիներին և նրանց ժառանգներին, ինչպես նաև նրա կնոջ երկու երեխաներին ու նրանց ժառանգներին:
Յուրի Պոպովին 2001 թվականին մեր իշխանությունները օգնել են, որ նա ձևակերպի փաստաթղթերն իր վրա։ «Իմ հայրը ընդամենը 15 րոպե է եղել այդ շենքի տերը։ Նրան օգնեցին արագ թղթերը դասավորել և իրականացնել առք ու վաճառքը», - վերհիշում է Գեորգի Պոպովը։ Նա շեշտում է, որ ինքն ու իր ազգականները չեն պատրաստվում խլել շենքը։ «Իմ պապենական շենքը գտնվում էր Թամանյանի փողոցում, «Հին Էրիվան» հյուրանոցի հարեւանությամբ, հասնում էր մինչև Հյուսիսային պողոտայի միջնամասը։ Այն գտնվում էր պետության պահպանության տակ։ Հետո այն ապամոնտաժվեց, տեղափոխվեց Մելիք-Ադամյան, և ավելացվեցին երկու հարկեր, շենքն ամբողջությամբ ձևափոխվեց։ Այստեղ շատ հարցեր կան, թե ով է թույլ տվել, որ շենքը փոխեն, երկու լրացուցիչ հարկեր ավելացնեն։ Մենք հիմա չենք պահանջում, որ հետ տան մեզ մեր շենքը։ Պարզապես հույս ունենք, որ մեր ընտանիքը կստանա կրած վնասների փոխհատուցումը, որ գոնե հեղափոխությունից հետո դատարանը ազնիվ կգտնվի», - ասում է Գերոգի Պոպովը։
Փաստորեն, նրա հայրը՝ Յուրի Պոպովը այսօր է միայն դատարան դիմել, քանի որ հույս չուներ, որ նախկին իշխանությունների ժամանակ կկարողանա դատական պայքարի մեջ մտնել ՀՀԿ-ի դեմ: Հեղափոխությունը Պոպովներին հույս ներշնչեց: Նրանք գոհ չեն դատական գործընթացի տեմպերից։ «Նիստերը կարճ են տևում՝ ամենաշատը 10-15 րոպե։ Մենք գալիես ենք, և ամեն անգամ պարզվում է, որ ինչ-որ փաստաթուղթ չկա։ Կես տարի պահանջվեց մեր փաստաբանից, որ նա մի երկու փաստաթուղթ ստանա կադաստրից։ Մենք հույս ունենք, որ հեղափոխությունից հետո մեր դատալսումն ավելի արագ կընթանա», -ասաց Գեորգին խնդրելով չքաղաքականացնել այս հարցը, քանի որ իրենք կապ չունեն քաղաքական ուժերի հետ և պայքարում են իրենց մասնավոր շահերի համար:
Կարծիքներ