ՔՈ-ին քվեարկելը ներդրում է ապագայի համար

ՔՈ-ին քվեարկելը ներդրում է ապագայի համար

Ես համոզված եմ, որ իմ ձայնը չեմ փոշիացրել՝ քվեարկելով ՔՈ սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը։ Ինչպես նաև մյուսները չեն փոշիացրել։

Իսկապես փոշիացման մասին խոսք գնալ չի կարող, քանի որ քվեարկությունն այդ ավելի շատ ներդրում էր ապագայի համար։ Դա ներկայումս կուտակվող կապիտալ է, որն անշուշտ  եկամուտ կտա ապագայում։

Այս տեսանկյունից մեր քվեարկությունը երկարաժամկետ վստահության մանդատ է, որի հիմքի վրա ՔՈ-ն պետք է շարունակի իր գործունեությունը ու պատրաստվի մյուս խորհրդարանական ընտրություններին։ Ես և մյուս ընտրողները տալիս ենք այդ մանդատը՝ ապագայի համար ակնկալելով արդյունքներ։ 

Ի դեպ կուսակցությունն այդ ավելի քան օրինաչափ արդյունքներ է արձանագրել, ի՞նչ էիք սպասում մեկ ամսվա կյանք էլ չունեցած քաղաքական ուժից։

Ճիշտ է, որոշ մարդիկ պնդում էին, թե կապ չունի, կուսակցությունը նոր է, բայց իրենք հո հին են։ Չկա նման բան։ Կուսակցությունը բարդագույն կառույց է, որը մեկ օրում ու մեկ տարում չի կառուցվում։ Խոսքը կայացած կուսակցությունների մասին է։

Ասվածից ենթադրում է, որ ՔՈ-ն պետք է կայացման ու կուսակցաշինության երկար ճանապար անցնի։

Ժամանակակից աշխարհում արդյունավետ են ցանցային համակարգերը։ ՔՈ-ի գործունեությունը պետք է կառուցարկվի հենց այս տրամաբանությամբ։ Այսինքն այն պետք է փորձի տարածվել Հայաստանի բոլոր շրջաններում՝ ստեղծելով տարածքային ֆունկցիոնալ ու ազդեցիկ կառույցներ։

Հայաստանի գյուղացիներն ու աշխատավորները չունեն իրենց շահերն ու հետաքրքրությունները արտահայտող քաղաքական ուժ։ Սա մեր գաղափարական միջավայրի չափազանց մեծ բացերից մեկն է, որը կարող է լրացնել հենց ՔՈ-ն։ ՔՊ-ն ներկայացնում է միջին խավը, իսկ ԼՀ-ն ու ԲՀԿ-ն հանդես են գալու խոշոր բիզնեսի շահերի պաշտպանության դիրքերից։ Առաջինի սնման աղբյուրը նեոլիբերալիզմն է, իսկ երկրորդը՝ որպես խոշոր սեփանակատեր արդյունքն է այդ նույն նեոլիբերալիզմի։

Անապահով, ունեզուրկ խավն ու փոքր բիզնեսը, գյուղացին ու ցածր աշխատավարձով շահագործման ենթարկվողները պաշտպանության կարիրք ունեն։

Իմ դիտարկումների համաձայն այս քարոզարշավի ընթացքում ՔՈ-ն փորձում էր թիրախավորել միջին խավին, ինչն էլ ամենամեծ սխալներից մեկն էր։ Չէ՞ որ ինչպես նշեցինք այդ խավը արդեն իսկ հասցեատեր ունի՝ ՔՊ-ն։

Առաջին հերթին անհրաժեշտ է մարդկանց բացատրել, թե ինչ է սոցիալ-դեմոկրատիան։ Տեսեք ձախական գաղափարների մի զգալի մասը մարդկային կյանքի ու առօրյայի անբաժանելի մասնիկներն են, պարզապես մարդիկ չգիտեն դրա մասին։ Նրանք չգիտեն, որ ձախականությունը հոգեհարազատ է իրենց, քանի որ ծանոթ են արյունոտ բոլշևիզմին, ինչպես նաև 70-80-ականների աղճատված կոմունիզմին։

Իսկ Խորհրդային միության փլուզումից հետո հետխորհրդային գրեթե ամբողջ տարածքում լայն թափ հավաքող լիբերալ ու ազգայնական ուժերը պարզապես դիվականացրել են ձախականությունը։ Այնուհետև դրանք հաստատել են մոնոլիտ խաղի կանոններ ու զորեղ քարոզչության արդյունքում դուրս մղել ձախերին՝ բացառելով դրա ցանկացած դրսևորման հնարավորություն։

Մոտեցումն այս պետք է վերանայվի։ Մարդիկ պետք է հասկանան, թե ինչ է սոցիալ-դեմակրատիան ու ինչ կարող է դա իրենց տալ։ Այս ամենը պետք է բացատրվի չափազանց պարզ ու խոսակցական հայերենով։ Պետք է խոստովանենք, որ տարիների ընթացքում ձախական կղզյակներն ու դրա հետ առնչվող քաղաքացիական հասարակության մի զգալի մասը մարգինալ բնույթ են ունեցել։ Ճիշտ է, դրանք չափազանց մեծ ներդրում ունեն ռեժիմի դեմ պայքարում, բայց այնուամենայնիվ, չեն կարողացել ճեղքել մարգինալության պատնեշները։

ՔՈ-ն նաև հենց այս արգելքը պետք է հաղթահարի, քանի որ նրանում էլ առկա են մարգինալության որոշակի տարրեր։ Գյուղացին չի հասկանա, թե ինչ է ուզում այդ քաղաքական ուժը, նրա գիտակցության մեջ այդ գաղափարները նստվածք չեն թողնի, նա կժպտա, սուրճ ու միրգ կհյուրասիրի, կասի էս ինչ լավ կրթված ջահելներ են, բայց քվեախցում չի հիշի այդ քաղաքական ուժի գոյության մասին։

Խնդիրն այս հաղթահարելու համար անհրաժեշտ է շրջանցել ակադեմիականության խոչընդոտներն ու տեղափոխվել ժողովրդի համար հասկանալի ու հասանելի տիրույթ։ Գյուղացուն պետք է համոզել, թե որն է իր շահը սոցիալ-դեմոկրատիայից։

Որևէ կերպ չուզելով ՔՈ-ին կապել բոլշևիկների հետ՝ բայց, այնուամենայնիվ չեմ կարող չհիշել Լենինին ու բոլշևիկներին, որոնք հաղթեցին նաև պարզ ու հասկանալի լոզունգների շնորհիվ։ Հողը գյուղացուն, իսկ մնացյալն արդեն դեմագոգիայի տիրույթում է։

Վերջում միայն ավելացնենք, որ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը նոր խոսք ու մշակույթ բերեց քաղաքական համակարգ՝ փոխելով ընտրությունների ու քաղաքականության մասին արդեն իսկ կարծրացած պատկերացումները։ Արդյունքերն անշուշտ երկար սպասեցնել չեն տալու։