Հնարավորություն ունենք շրջադարձային արդյունք արձանագրել

Հնարավորություն ունենք շրջադարձային արդյունք արձանագրել

Շնորհակալություն եմ հայտնում երևանցիներին մեր նկատմամբ դրսևորած ընկալման համար, մեր նկատմամբ դրսևորած վերաբերմունքի համար։ Իմ երախտագիտությունն եմ հայտնում այն քաղաքացիներին, որոնք բավականին համարժեք են գնահատում թե՛ մեր հնարավորությունները, թե՛ մեր հավակնությունները։ Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Նորայր Նորիկյանը:

«Երևանցիները, այո, կուզենային մեր քաղաքական ուժին տեսնել Երևանի ավագանում և ավելին՝ ավելի մեծ քաղաքական ազդեցություն են ակնկալում տեսնել։ Այդ իսկ պատճառով մեր շանսերը գնահատում եմ շատ լավ։ Մենք շատ լավ տեմպի մեջ ենք, ձնագնդի էֆեկտ է գործում մեր ուժի նկատմամբ՝ համակրանքը օր օրի մեծանում է»,- ասաց Նորիկյանը։

Նրա խոսքով՝ եթե ընտրությունների արդյունքները իսկապես ազատ կամարտահայտման միջոցով լինեն, իրենց քաղաքական ուժը հնարավորություն ունի շրջադարձային արդյունք արձանագրել։