Նիկոլական խաղաղությունը զոհերով լի պատերազմ է

Նիկոլական խաղաղությունը զոհերով լի պատերազմ է

Սոցիալական խնդիրն ու անարդարությունն այն հիմնական պատճառներն էին, որ նպաստեցին 2018-ի ապրիլյան բողոքների հաջողությանը: Այդ իրադարձություններից անցել է չորսուկես տարի, այս ընթացքում շատ բան է փոխվել մեր երկրում: Եվ ընդդիմությունն էլ այսօր փորձում է վարչապետի պաշտոնից Նիկոլին հեռացնելու նպատակով այլ հասկացություններով փոխարինել սոցիալականը՝ հայրենիք, անկախություն, արժանապատվություն… Բայց ոչինչ չի ստացվում, քանի որ, ինչպես ցույց տվեց 2021-ի Ազգային ժողովի ընտրությունը, ընտրողների ավելի քան 80 տոկոսը մտածում է ոչ թե ուղեղով, այլ՝ ստամոքսի մակարդակով:

Ընդ որում, Հայաստանում թե երկիրը լքելով ու որեւէ երկրում հաստատվելով՝ այդ մարդիկ կլուծեն միայն, մեծ հաշվով, ստամոքսը լցնելու հարցը: Իսկ երկար ապրելու դեպքում էլ Արարատ սարը կիշեն ու լեռան պատկերով նկար կկախեն իրենց տան հյուրասենյակում: Հիշենք, որ Հարավային Կովկասի երկրներից միայն Հայաստանն էր (հաստատ նաեւ՝ է), որտեղ ժողովրդի 60-70 տոկոսը երկիրը լքելու ցանկություն էր հայտնում սոցհարցումների ժամանակ: Նման երեւույթ առկա չէր ո՛չ Վրաստանում եւ ո՛չ էլ Ադրբեջանում: Այնպես որ, ժողովրդին հայրենիքի, անկախության, արժանապատվության առումով ինչ-որ բան ներկայացնելը, բացատրելն անօգուտ զբաղմունք են: Սա, ցավալիորեն, որպես հրապարակախոս եմ ասում, որ շուրջ երկու տարի անընդհատ փորձում է «Հրապարակ»-ում տպագրվող իր հոդվածներով ինչ-որ բան ասել-հուշել հասարակությանը: Սակայն իրական կյանքում դիտարկում է զուտ հացի խնդրի լուծման ջանքեր:

Մի քիչ շեղվեցի, բայց ասածս այն է, որ որքան էլ փորձես ինչ-որ բան բացատրել ստամոքսով մտածող մարդկանց, նրանք, միեւնույն է, դա չեն ընկալելու: Եվ դուրս չեն գալու փողոց, ինչպես դա տեղի ունեցավ 2018-ի ապրիլյան օրերին: Մեր այսօրվա իրավիճակից դուրս գալու ելքն անձնազոհ անձի (հիշենք Մ. Գորկու «Դանկոյի սիրտը» պատմվածքի հերոսին) եւ նրա շուրջը միավորված թիմի առաքելության իրականացումն է, ինչի մասին բազմիցս եմ գրել: Ի դեպ, պարտադիր չէ, որ թիմն էլ լինի մեծաթիվ: Կարեւորն այս պարագայում ոչ թե համախոհների քանակն է, այլ այդ անձանց գործելու նպատակասլացությունն ու արդյունավետությունը: Որպես օրինակ՝ վկայակոչեմ Ռուսաստանի 1917 թվականի հեղափոխական պատմությունից երկու դրվագ: Առաջինը հուլիսի սկզբին մայրաքաղաք Պետրոգրադում ընդդեմ ժամանակավոր կառավարության անցկացված, այսպես կոչված, խաղաղ երթն էր՝ մեծաքանակ մասնակիցներով: Այսպես կոչված, քանի որ մասնակիցների զգալի մասը զինված էր: Բայց ժամանակավոր կառավարությանը հաջողվեց ճնշել բողոքը եւ ցրել երթի մասնակիցներին: Իսկ շուրջ 3 ամիս անց ընդամենը 3 հազար զինված նավաստիներով բոլշեւիկներին հաջողվեց իրականացնել պետական հեղաշրջում եւ վերցնել իշխանությունը:

Մինչեւ 2018-ի ապրիլը մենք համարյա ամեն ինչ ունեինք՝ պետության եւ հատկապես բանակի հեղինակություն, հայ լինելու հպարտության զգացում, բայց նաեւ Մոնումենտի դղյակներ ու իշխանության «բեսպրեդել»: Նախկինների օրոք եւ նրանց մեղքով այնպես էր ստացվել, որ դրսում հպարտ էինք, ներսում՝ խեղճ: Ու դուրս եկանք փողոց, որպեսզի հաղթահարենք ներսի խեղճությունը, որպեսզի մեր երկրի ղեկավարը՝ ով էլ նա լիներ, լիներ իր խոսքի տերը: Ու այդ պատճառով սոցիալական խնդրին գումարվեց ավելի լավ երկիր ունենալու ցանկությունը՝ դրսեւորված հասարակության գրագետ հատվածի կողմից: Եվ դա ամբողջացրեց, մի բռունցք դարձրեց հասարակությանը: Նիկոլն այսօր ոչ միայն խոսքի տերը չէ, նա ընդհանրապես մարդկային առումով այնպիսի էակ է, որ, ինչպես ասվում է, չէի ցանկանա նույնիսկ մեր թշնամուն: Բայց այսօր այլեւս չկա նախկին միասնությունը, ու, անկեղծ ասած, չեմ կարծում, թե կրկին երբեւէ կլինի: Մի քանի հազար զոհերի գնով Նիկոլին հաջողվեց խեղճացնել հասարակությանը: Եվ այսօր այն մասնատված է իրար չհասկացող առանձին հատվածների: Չնայած առկա է միասնություն մի հարցում, որ ավելի լավ էր, որ չլիներ. դա ազգաբնակչության մեծամասնության շրջանում «պետականություն» կամ «ինքնիշխանություն» հասկացությունների չգիտակցված լինելն է:

Պետություն կա, իհարկե, բայց դա զուտ իշխանությունն է, իսկ վերջինս էլ Նիկոլն է: Նույնիսկ նախկինների օրոք ոչինչ չարվեց, որպեսզի «իշխանություն» եւ «պետություն» հասկացությունները տարանջատվեն, իսկ Նիկոլին դրանց նույնականացումը, անկասկած, շահավետ է:   
Անդրադառնանք բողոքներին. եթե մի պահ վերացարկվենք զոհված կամ թշնամու կողմից գերեվարված (առեւանգված) զինվորների ծնողների բողոքից, ապա այս կամ այն բնակավայրի ժողովրդի բողոքների թեման շարունակում է մնալ սոցիալականը: Մի դեպքում դա ոռոգման ջուրն է, հետո՝ գյուղմթերքի իրացման կամ, ասենք, սահմանված տոննաժից ավելի բեռնատարների վարորդների տուգանքի խնդիրը: Մի խոսքով, կրկին սոցիալական հարցեր են (բացառությամբ բրյուսովցիների ընդվզման): Սակայն այն, որ Արցախը հանձնելու դիմաց Նիկոլը հասարակությանը խոստացել է խաղաղություն, բայց անընդհատ պատերազմ է մատուցում՝ դա մարդկանց կարծես թե չի հուզում: Եվ եթե այնպիսի հրաշք պատահեր, որ պատերազմն ընթանար մեր տարածքների կորուստներով, սակայն առանց նոր զոհերի, ապա այն կվերածվեր առօրեական մի երեւույթի, որի վրա ուշադրություն չէին դարձնի: Դա կդառնար պատերազմի օջախում գտնվող այս կամ այն բնակավայրի բնակիչների խնդիրը միայն: 

Հասանք նիկոլական խաղաղությանը. դրա պահանջը, բնականաբար, ավելի սուր ձեւով դրսեւորվում է պարտված կողմում: Որովհետեւ հաղթող կողմն իր զոհերի ցավը խեղդում է հայրենասիրական պաթոսի մեջ կամ նութական շահագրգռություն առաջացնելով: Պարտված կողմը չունի այդ հնարավորությունը: Եվ այդ պատճառով էլ հոգեկան ցավը վերածվում է ամեն գնով խաղաղության հասնելու պահանջի: Իսկ ամեն գնով խաղաղությունը՝ հատկապես թյուրքական վայրենության պարագայում, նշանակում է նորանոր զոհեր: Եվ ստացվում է այնպես, որ Նիկոլին պաշտոնից հեռացնելու համար փողոցում անընդհատ պայքարում են հենց զոհերի կամ գերիների հարազատները, իսկ այդ ցավին անտարբեր զանգվածը խաղաղություն պահանջելով՝ աստիճանաբար համալրում է վերջիններիս շարքերը: Առանց դա գիտակցելու եւ, բնականաբար, ցանկանալու: Այդ շղթան կտրելու համար անհրաժեշտ է մի վերջին անգամ մարդկանց ուղեղները մտցնել՝ նիկոլական խաղաղությունը զոհերով լի պատերազմ է հայաստանցիների համար: