Փոխել հանրային լսումների մեխանիզմը

Փոխել հանրային լսումների մեխանիզմը

Հոկտեմբերի 28-ին Գյուլագարակ համայնքի Պուշկինո վարչական շրջանի ղեկավարի գրասենյակում նախատեսված է հանրային լսում՝ «Հայասա Ռեսոուրսիս Քորփ» ՍՊԸ-ի կողմից ոսկու բազմամետաղային հանքերեւակումների երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու  հարցով։ 

Այս նույն ընկերությունն այս տարի հսկայածավալ տարածքի համար լսումներ էր անցկացնում, որոնք նախատեսված էին Պուշկինոյում, Գոգարանում եւ Ստեփանավանում։ Պուշկինոյում լսումները կայացան, իսկ Գոգարանում տապալվեցին խայտառակ ձեւով, որից հետո ընկերությունը փոքրացրեց իր բիզնես-հավակնությունների տարածքը՝ սահմանափակվելով Պուշկինո վարչական շրջանի մոտակա տարածքով։ Այս նույն համայնքն Արմանիսի ոսկու հանքավայրը շահագործող «Սագամար» ՓԲԸ-ի՝ այս տարվա ամռանը նախաձեռնած լսումները տապալեց։ Ռուսական կապիտալով գործող այս ընկերությունը մտադիր էր ընդլայնել որոնումների տարածքը, եւ Պուշկինոյում բնակիչների մեծ մասը դեմ արտահայտվեց։ Ինչո՞ւ։ 

Գյուլագարակ խոշորացված համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանը բացատրում է․ «Մինչեւ լսումները այս անգամ եկել, մարդկանց տեսել էին, խոսել էին, երեւի դրա համար համաձայնեցին։ Իսկ այն ժամանակ «Սագամարի» դեպքում նման բան չէր եղել, եւ ես ասացի՝ ոնց որ ուզում եք, այդպես էլ արեք։ Ժողովուրդն արտահայտվեց, մերժեցին։ Մեզ մոտ ոչ մի հրահանգավորում չկա, ազատ արտահայտվում են, մարդիկ են ամեն ինչ որոշում։ Հիմա «Սագամարը» դեռ 5 լսում պետք է անի, ու նույնն էլ՝ «Հայասա» ընկերությունը։ Ոնց որոշեն, այդպես էլ կլինի»։ 

«Պուշկինոյում այդ օրը շատ մարդիկ էին հավաքվել։ Այս անգամ երեւի այդքան բազմամարդ չի եղել, գուցե հավաքվել, սղղացրել,  գնացել է»,- ասում է «Համայնքների համախմբման եւ աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Օլեգ Դուրգարյանը։ 

Նա պատմեց, որ վերջին մեկ տարում կառավարությունն ամեն կերպ փորձել է փոխել հանրային լսումների ընդունված մեխանիզմը, որը, փաստորեն, հնարավորություն չի տալիս, որ բնությունը ոչնչացնեն այդ բնության գրկում ապրող մարդկանց կամքին հակառակ։ 

«Այս տարի մշակվում էր ՀՀ հանքարդյունաբերության ոլորտի ռազմավարությունը, ու ինչ մի հանճարեղ միտք էին զետեղել՝ որ կառավարությունը հանձնարարում է սահմանել հանրային լսումների տապալման համար իրավական հետեւանքների առաջացման ընթացակարգ։ Մեկ տարի այս կետի համար բնապահպաններով կռիվ տվինք, գրեցինք Համաշխարհային բանկին, թե ժողովրդավարության համար վտանգ ներկայացնող էս ինչ օրինագիծ եք ֆինանսավորում, եւ արդյունքում այդ կետը դուրս եկավ»,- ասում է Դուրգարյանը։ Այլ փորձեր էլ են եղել։ «Շմագ օրենքի նախագծում հանրային լսումների քանակն են պակասեցրել, մտցնում էին համայնքի ղեկավարի ներկայացրած եզրակացության վերաբերյալ կետ՝ որ եթե այն բացասական լինի, ապա անպայման հիմնավորում ներկայացվի, իսկ դրականի դեպքում հիմնավորում պետք չի լինի։ Սա էլ վերջին քննարկումներից մեկում վերացրին եւ դարձրին, որ երկու դեպքում էլ պետք է հիմնավորվի համայնքի ղեկավարի  կարծիքը։ Նաեւ՝ «Ընդերքի մասին» օրենքով այնպես արեցին, որ «Լիդիանի» գործունեության ժամկետները երկարացրին։ Ամեն ինչ անում են, որ լսումները դարձնեն ավելի վերահսկելի»,- ասում է բնապահպանը։

Օրերս նաեւ Վայոց Ձորի Վարդահովիտ գյուղում հանրային լսումները ձախողվեցին։ «Մենդիա ռեսուրսիս» ընկերությունն  է պատրաստվում Վարդահովիտից ոչ հեռու գտնվող տեղանքում, Քաչալսարի լանջին 9 հեկտարի վրա բազմամետաղների հանք գտնել, Եղեգնաձորից մոտ 8 կմ հեռավորության վրա, եւ այդ նպատակով որոնողական աշխատանքներ են սկսել, մինչդեռ այստեղով անցնող ջրերը 15 գյուղ են սնում։ Ծրագրի ռիսկերը նշել էր բնապահպանական մի քանի կազմակերպություն՝ հայտարարություն տարածելով։