«Իսկ ովքե՞ր են դատավորները»

«Իսկ ովքե՞ր են դատավորները»

Նիկոլի վերընտրությունը չլուծեց որևէ հարց, հանուն ինչի կազմակերպվել էր արտահերթ խորհրդարանական ընտրությունը: Դրանք բոլորը մնացել են և շուտով ավելի են ծանրանալու, քանի որ այդպիսին է կյանքի դրվածքը: Եթե որևէ մեկը շարունակում է գործել նախկին ձևով (կամ որ նույնն է՝ անգործություն դրսևորել ինչպես նախկինում), ապա արդյունքն էլ (կամ դրա բացակայությունը) լինելու է նույնը: Իսկ կյանքը ցույց տվեց, որ Փաշինյան Նիկոլ անուն-ազգանունով անձն ի վիճակի չէ վերափոխվելու: Վերափոխվելու, որպեսզի փոխի նաև իր գործունեությունը և արդյունքում՝ շրջապատը: Դեռևս հին հույներն էին ասել՝ «Վերափոխիր ինքդ քեզ, և դու կվերափոխես աշխարհը»:

Ենթադրում եմ, որ Նիկոլը լսել է դրա մասին, բայց ենթադրում եմ նաև, որ թքած ունի հին հույների վրա էլ, նրանց իմաստուն խոսքի վրա էլ: Նիկոլը երկնել է սեփական «իմաստուն» միտքը՝ «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ», և շարունակում է կյանքի կոչել այն: Հիշեցնեմ՝ նման վերնագրով մեծ հոդված էր գրել 2020 թվականի պատերազմից 10 օր առաջ: Դրա մասին ես շատ եմ գրել: Գրել եմ թե՛ «Հրապարակի» էջերում, թե՛ ֆեյսբուքում: Այդ միտքը ոչ միայն ինքնախաբեություն է, այլև վտանգավորության աստիճանի սխալ՝ եթե կրողը պետության թիվ մեկ պաշտոնյան է: Նույնիսկ խայտառակ պարտությունը չկարողացավ խելքի բերել նրան՝ նրա վարքագիծը մնաց նույնը: Արդյունքն էլ, բնականաբար, պետք է լինի նույնը՝ վտանգավոր երկրի համար: 

Սեփական վարչապետության եռամյա փորձը ոչինչ չհուշեց նրան: Միաժամանակ, շարունակեց բանի տեղ չդնել խելացի մարդկանց հորդորները: Չհասկացավ, որ իշխանություն կարելի է վերցնել փողոցով՝ երբեմն դեմ գնալով առողջ մտածողությանը, սակայն «փողոցի կադրերով» երկիր զարգացնել հնարավոր չէ: Չհասկացավ, որ պոպուլիզմն օգտակար է իշխանություն վերցնելու և պահելու առումով, սակայն ոչ զարգացման տեսակետից: Իսկ մեր տարածաշրջանում գտնվող Հայաստանի դեպքում այն վտանգավոր է, չափազանց վտանգավոր: Որովհետև պոպուլիզմի հիմքում ոչ թե հայրենիքի իրական խնդիրներն ու դրանք լուծելու մարտահրավերներն են, այլ կիսագրագետ և կիսասոված զանգվածների պահանջները: Փողոցային բողոքով կյանքի կոչված իշխանափոխության առաջին ամիսներին պոպուլիզմը բնական երևույթ է, քանի որ կոչված է խոսքի մակարդակում բավարարելու վերը նշված պահանջները: Սակայն եռամյան ձախողված վարչապետությունից, և հատկապես ծանր պատերազմում խայտառակ պարտությունից հետո պոպուլիզմի հարատևությունը խոսում է իշխանության՝ կառավարման կարողությունների և ունակությունների բացարձակ բացակայության մասին: 

Իսկ որո՞նք են, ի վերջո, այդ պահանջները: Բոլոր երկրներում և բոլոր ժամանակներում առաջինն ունևորներին ունեզրկելն է եղել, և դա էլ հենց նիկոլական պոպուլիզմի հաղթաթուղթն է: Հայաստանում 2020 թվականից դա ստացավ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման քրեական գործերի տեսք: Մեկուկես տարում դատախազությունը հավաքագրեց 220 քրեական գործով նյութ անշարժ և շարժական գույքի, բաժնետոմասերի և գումարի վերաբերյալ: Բայց քանի որ մենք ապրում ենք ոչ թե 20-րդ, այլ 21-րդ դարասկզբին, ապա ունեզրկումն էլ պետք է իրականանա օրենսդրության շրջանակում: Դա նշանակում է, որ օրենքի առջև պետք է հավասար լինեն բոլորը: Եվ այդ թվում, օրինակ, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որին պատկանող երկհարկանի գեղեցիկի առանձնատան լուսանկարը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը: Արսեն Բաբայանը հնչեցնում է հռետորական հարց, թե իր ենթականներին չի՞ հանձնարարել, արդյոք, գլխավոր դատախազը ուսումնասիրել սեփական օրինական եկամուտների համապատասխանությունը կառուցված առանձնատան արժեքին: Ընթերցողը երևի հիշում է, որ առանձնատներ ունի նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (թե՞ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար) Գագիկ Ջհանգիրյանը, որոնցից մեկն իր կողմից բնութագրվել է որպես գոմ: Ի դեպ, թե՛ Արթուր Դավթյանը և թե՛ Գագիկ Ջհանգիրյանն իրենց ողջ կյանքում զբաղեցրել են պետական պաշտոններ: Իսկ պետական պաշտոն զբաղեցնողի համար առանձնատուն կառուցելը ավելի քան անհնարին ծախսեր է ենթադրում: Այստեղ է, որ հիշողությանս մեջ արթնանում է աստվածաշնչյան ծագում ունեցող արտահայտությունը՝ «Իսկ ովքե՞ր են դատավորները»:

Նախկիններին թալանի մեջ մեղադրող Փաշինյան Նիկոլը, բնականաբար, աչք է փակում նախկինների շրջանակից այն անձանց նկատմամբ, ովքեր ծառայում են իր իշխանությանը: Դա բավարար չէ՝ «ժողովրդի վարչապետը» չի ցանկանում տեսնել «սեփական ուսապարկերի» և իր ենթակայությամբ գործադիրում հավաքված երիտասարդների անօրինական «հերոսություններն» ու սկանդալային բացահայտ կոռուպցիոն պատմությունները: 2018 թվականի իշխանափոխությունից հետո առաջին բարձրաստիճան չինովնիկը, որի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել քրեական օրենսգրքի կոռուպցիոն հոդվածներից մեկով,  ՀՀ վարչապետին ենթակա Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանն էր: Թե որքան էր հիմնավորված ՀՀ ԱԱԾ-ի կողմից հարուցված քրգործում անձամբ վերջինիս մեղքը՝ դա այլ հարց է, սակայն նրանից հետո շատ ավելի հիմնավոր նյութերով քրգործեր չեն հարուցվել Փաշինյանի Նիկոլի ցանկությամբ, և այդ մասին վերջերս խոսոտովանեց նաև ԱԱԾ նախկին պետ, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը: Մամուլում բազմիցս հիշատակվել է նիկոլական ուսապարկերից «շիշ բռնողի» անունը քրեական հեղինակությունների հետ շփումների կամ գույքի ապօրինի ձեռք բերման առումով: Բայց, բնականաբար, այդ ամենը որևէ ընթացք չի ունեցել՝ ի տարբերություն 2018-ի իշխանափոխության առաջին զոհի՝ Սանասարյանի:

Ինչն, ի դեպ, պոպուլիզմի դրսևորում էր՝ տեսե՛ք, տեսե՛ք… Ինչ է այս ամենը, եթե ոչ նախկին սեփական հայացքներից տարբաժանվելու (եթե դրանք ազնիվ էին) և մեծ հաշվով պետության նկատմամբ Փաշինյան Նիկոլի հաղթանակի դրսևորումներ: Ինչի արդյունքում, բնականաբար, շահեցին Նիկոլը, նրա ընտանիքը, նրա մերձ շրջապատը, սակայն պարտվեցին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Եվ այդ թվում նաև նրանք, ովքեր հունիսի 20-ին իրենց քվեով վերահաստատեցին Փաշինյան Նիկոլի իշխանությունը: