Եկան՝ պոմպակայանի ֆոնին հարցազրույց տվեցին, գնացին

Եկան՝ պոմպակայանի ֆոնին հարցազրույց տվեցին, գնացին

«Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի 5700 բնակիչ այժմ ունի մաքուր և անվտանգ խմելու ջուր՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործալաության աջակցության շնորհիվ»,-կարդում ենք USAID Armenia-ի տարածած հայտարարության մեջ: 

Իսկ սարդարապատցիները բողոքում են, որ արդեն 5-րդ օրն է՝ խմելու ջուր չունեն: Ստիպված խանութից են գնում: Ովքեր էլ մեքենա ունեն՝ հարևան գյուղից են ջուրը բերում: «Բայց դա չենք խմում, միայն կենցաղում ենք օգտագործում, որովհետև արտիզյան է: Ուզենք-չուզենք՝ամեն օր մի քանի շիշ խանութից ենք գնում: Տանը երեխաներ ունենք. Չենք կարող ռիսկի դիմել՝ արտիզյան ջուր խմեցնել»,-ասաց Կարինե Հովհաննիսյանը:

Սարդարապատում զայրացած են, որ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան ղեկավարությունը ցուցադրաբար եկավ գյուղ, մի պահ գործարկեց նոր համակարգը, մտավ ընտրովի մի տուն,  հոսող ծորակի մոտ նկարվեց, պոմպակայանի ֆոնին լրատվամիջոցներին հարցազրույց տվեց ու գնաց, ինչից հետո եղած ջուրն էլ, որ 4-5 ժամ ունենում էին, կտրվեց:

Փողոցներ էլ կան, որ նույնիսկ 4-5-ժամանոց գրաֆիկի մեջ չեն ընդգրկվել: Ընդհանրապես ջուր չեն ունեցել: «Մենք չգիտենք՝ ինչի մասին եք խոսում, երբ ասում եք՝ միջազգային ծրագրի շնորհիվ 24 ժամ ջուր եք ունենալու: Ոչ ունեցել ենք, ոչ՝ ունենք: Ոչ էլ հույս ունենք՝ թե երբևէ կունենանք»,-անկեղծացան 27-րդ փողոցի բնակիչները:

Իսկ USAID Armenia-ից հայտարարում են, որ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանություն» /ԳԱՏՕ/ ծրագիրը համայնքի հետ գործակցությամբ աջակցել է Սարդարապատում պոմպակայանի և ջրամատակարարման ներքին ցանցի հիմնանորոգմանը:

Ավելին, կազմակերպությունից վստահեցնում են, որ գյուղի յուրաքանչյուր ընտանիքի համար այսուհետ հասանելի կլինի շուրջօրյա ջրամատակարարումը: Ըստ հայտարարության՝ կկրճատվեն ջրի և էներգիայի կորուստները, իսկ խնայած գումարը կուղղվեն համայնքի այլ խնդիրների լուծմանը:
«Աչքներս տեսնի. ծորակը բացենք, ջուրը տեսնենք, որ հավատանք: Թե չէ՝ մնացածը լո-լո է…»,-ասացին սարդարապատցիները: