«Հրապարակ». Եթե շահ չկա, ապա տխուր է, որ մենք ունենք հիմարներ նաեւ ընդդիմության շարքերում

«Հրապարակ». Եթե շահ չկա, ապա տխուր է, որ մենք ունենք հիմարներ նաեւ ընդդիմության շարքերում

2018 թ․ իշխանափոխությունից հետո պետություն-եկեղեցի ավանդական հարաբերությունները, ըստ էության, խաթարվեցին։ Փաշինյանի իշխանությունն ի սկզբանե հակաեկեղեցական կեցվածք որդեգրեց, իսկ 44-օրյա պատերազմից հետո սկսեց թիրախավորել Հայ առաքելական եկեղեցին։ Դա հատկապես սրվում է, երբ Մայր Աթոռը հանդես է գալիս համախմբման կոչերով։ Տավուշում սպասվող զարգացումների ֆոնին եկեղեցու դերակատարումը մեծացավ, եւ բանը հասավ նրան, որ ԱԺ ամբիոնից Փաշինյանը մեղադրանքներ հնչեցրեց Տավուշի թեմի հասցեին ու Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվող պատարագներն անվանեց «շոու-պատարագներ»։

«Այսօր ցանկացած օղակ, որն անում է համախմբման կոչ եւ ունի դրա իրավունքը, իսկ եկեղեցին ունի այդ իրավունքը, ճիշտ է։ Ցանկացած ուժ Հայաստանում եւ Հայաստանից դուրս, որը միտված է պառակտելու հայ հասարակությանը, սպառնալիք է։ Ինձ համար շատ հստակ է՝ եթե եկեղեցին մեզ կոչ է անում միավորվելու, իսկ իշխանությունը քննադատում է այդ կոչը եւ տարբեր պիտակներ կախում, օրինակ, դա «քաղաքականացում» անվանելով, ապա իշխանությունը սպառնալիք է ստեղծում մեր միասնականությանը, որը միակ ռեսուրսն է հայ ժողովրդի համար՝ ցանկացած խնդիր լուծելու կամ այդ խնդիրը գոնե մեղմելու»,- ասում է սոցիոլոգ, ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը՝ անդրադառնալով իշխանություն-եկեղեցի կոնֆլիկտին։ Նա հատուկ է ընդգծում՝ խոսքը ոչ թե եկեղեցի-պետություն, այլ իշխանություն-եկեղեցի առճակատման մասին է։ «Այդ կոնֆլիկտը, ըստ էության, նախաձեռնել եւ հրահրում է իշխող փոքրամասնությունը։ Փոքրամասնություն կոչենք, որովհետեւ հասարակության մեջ իշխող ուժի կողմնակիցներն այսօր փոքրամասնություն են, այդ պատճառով շատ կարեւոր է տարբերակել իշխանությունը եւ պետությունը։ Իշխանությունը, իհարկե, ցանկանում է այդ կոնֆլիկտը ներկայացնել որպես պետություն-եկեղեցի կոնֆլիկտ, որպեսզի իր ծավալները մեծացնի, բայց սա հենց իշխանություն-եկեղեցի կոնֆլիկտ է»,- բացատրում է Ա. Աթանեսյանը եւ հիշեցնում մարտին իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, համաձայն որի՝ Մայր Աթոռին Հայաստանում վստահում է 4 անգամ ավելի շատ մարդ, քան` իշխանություններին: 

Եկեղեցին այսօր, ըստ սոցիոլոգի, իրականացնում է այն գործառույթը, որը մշտապես իրականացրել է հայ ժողովրդի գոյության ընթացքում, եւ դա ամենեւին քաղաքականացում չէ, հատկապես որ ազգն ու ազգային շահերը քաղաքական կատեգորիա չեն։ 21-րդ դար է, եւ մենք՝ հայերս, ոչնչով չենք տարբերվում այլ ազգերից՝ ամերիկացիներից, եվրոպացիներից, այն իմաստով, որ մենք՝ ինքներս ենք ուզում շոու, ոչ թե հոգեւորականն  է «շոու սարքում»: «Սա մոտավորապես այն է, երբ դու փորձում ես առաջարկել գիտելիք, իսկ 21-րդ դարի ուսանողը ցանկանում է այդ գիտելիքը ստանալ պատկերավոր, հնչեղ, գունեղ ձեւերով, եւ գիտելիքն այդպես մատուցելով` դրա բովանդակությունը չի փոխվում, փոխվում է ձեւը: Այնպես որ, մեղադրել շոուի մեջ նրան, ով հոգեւոր հացը մատուցում է մեզ նորագույն տեխնոլոգիաներով, սխալ է։ Հետաքրքիրն այն է, որ շոուի մեջ մեղադրողը հենց ինքն է շոումեն։ Պետության կառավարումը դարձրել են շոու, եւ պետությունն էլ դարձել է շոուի մասնակից։ Երբ մենք անջատենք այդ շոուն, պետությունն էլ կդադարի լինել։ Սա է պարադոքսը»,-նկատում է սոցիոլոգը եւ բացատրում, որ այսօր եկեղեցին՝ ինքը, արդիականացման կարիք ունի, որովհետեւ 21-րդ դարում հնարավոր չէ 20-րդ դարի կոմունիկատիվ տեխնոլոգիաներով հաջողության հասնել։ 

Աթանեսյանի խոսքով՝ այսօր հոգեւորականների մի մասի մոտ դեռ այն հին պատկերացումն է, որ իրենց դաշտը ոչ թե հայ հասարակությունն է, այլ միայն համայնքը, մինչդեռ իշխանության թիրախն ամբողջ հասարակությունն է․ «Իշխանությունը բոլորին է փորձում ներգրավել իր մեսիջներով, փորձում է բոլորին հասնել, հրահրել՝ ինչ-որ մեկի դեմ հանել, անգամ իրենց կողմ չբերել։ Եկեղեցին դա չի անում, անգամ չի փորձում պայքարել աղանդների դեմ։ Այսօր Հայ առաքելական եկեղեցին գտնում է, որ դուր գալու կարիքը չունի, որովհետեւ սկզբունքային արժեք է, իսկ արժեքը չի կարելի գովազդել, փիառ անել։ Իշխանությունը շատ հմուտ է այդ առումով եւ գտնում է, որ կարիք չկա լավ աշխատելու, կարիք կա լավ մատուցելու։ Եվ, ահա, մենք տեսնում ենք, որ եկեղեցու իմիջի անկում է տեղի ունենում, միաժամանակ անկում է տեղի ունենում նաեւ իշխանության իմիջի, բայց իրենց իմիջն իրենք՝ իշխանությունները, փորձում են փրկել՝ վերագրելով թերություններ ուրիշներին։ Դա շատ հին, ավանդական սոփեստական մեթոդ է, որ վատը ոչ թե ես եմ, այլ դուք եք։ Սա եկեղեցու համար ոչ թե սպառնալիք է, այլ մարտահրավեր է՝ հնարավորություն ուժեղանալու, դառնալու ավելի պրոակտիվ»։  

Ոսկեպարում քաղաքական ակցիաները, որոնց մասնակցում էին նաեւ մշակույթի գործիչներ, ազգային երգ ու պարն էլ քննադատվեցին որոշ ընդդիմադիր շրջանակների կողմից։ Սոցիոլոգը նկատել է, ասում է՝ հասկանալի չէ նրանց նպատակը։ «Այն անձինք, ովքեր փորձագետ են համարվում մեզ մոտ, նախկինում պրոիշխանական էին, այսօր քննադատում են այդ պարերը՝ նաեւ օգտագործելով շատ սակավ ընդդիմադիր ռեսուրսը՝ ի վնաս ընդդիմության։ Ես կուզենայի, որ իրենք իրենց հարց տան՝ ի վերջո, ո՞ւմ կողքին են՝ պետությա՞ն, ժողովրդի՞, գյուղացո՞ւ, իշխանությունների՞, թուրքերի՞։ Եթե դու ընդդիմությունն էլ ես պառակտում քո մեսիջներով, օրինակ, պոկելով ու դեպի անորոշություն տանելով վերջին 4 տոկոսի 2 տոկոսը, ո՞րն է քո շահը, եթե շահ չկա, ապա տխուր է, որ մենք ունենք հիմարներ նաեւ ընդդիմության շարքերում։ Ես կուզեի, որ մենք վերջ տանք այդ հայկական սովորությանը եւ միմյանց  տակը փորելու փոխարեն տեսնենք, թե ինչով կարող ենք օգնել միմյանց։ Պարը միասին ինչ-որ բան անելու սիմվոլիկ դրսեւորում է, ի դեպ, եթե ոմանք դա չգիտեն, կարող են գնալ եւ սովորել պարել»,- եզրափակում է Արթուր Աթանեսյանը։

Մարիաննա Ղահրամանյան