Եթե Իսրայելը պատասխանի՝ Իրանը տասն անգամ ավելի լուրջ հարված կհասցնի

Եթե Իսրայելը պատասխանի՝ Իրանը տասն անգամ ավելի լուրջ հարված կհասցնի

Ապրիլի 14-ին Իրանը կարճաժամկետ պատժիչ գործողություն իրականացրեց Իսրայելի ուղղությամբ՝ Սիրիայում Իրանի հյուպատոսարանի վրա հարձակմանն ի պատասխան։ «Հրապարակի» հետ զրույցում իրանցի քաղաքագետ Փույա Հոսսեյնին նշեց, որ Իսրայելի հարձակումը Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի վրա անօրինական հարձակում էր, որը դեմ է բոլոր միջազգային օրենքներին։ Իրանը հայտարարեց, որ եթե միջազգային համայնքը օրինաչափ և արդար պատասխանատվության կանչեր Իսրայելին իր հանցագործությունների համար թե Գազայում, թե Իրանի հյուպատոսարանի վրա հարձակման համար  և ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը դատապարտեր Իսրայելին դրա համար, պատասխանատվության ենթարկեին, եթե միջազգային օրենքներն ու մեխանիզմներն աշխատեին, կարիք չէր լինի, որ Իրանը ինքնուրույն հակահարված տար Իսրայելի հանցագործություններին ի պատասխան։

«Դա է պատճառը, որ Իրանը միջազգային օրենքների շրջանակներում, ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ կետի համաձայն գործեց՝ օրինաչափ ու արդար պատասխանեց թշնամու հարվածին։ Իրանի գործողությունը պատժիչ բնույթ էր կրում ՝ սահմանափակ օպերացիա էր և եթե հակառակ կողմը չպատասխանի, այս փուլում սա ավարտվում է։ Իրանը արդեն հայտարարել է, որ չի ցանկանում լայնածավալ պատերազմ սկսվի, բայց ամեն դեպքում Իրանը շեշտել է, եթե Իսրայելը փորձի պատասխան հարված հասցնել՝ ինքը պատրաստ է տասն անգամ ավելի լուրջ հարձակում գործել Իսրայելի վրա և դա արդեն շատ վտանգավոր կլինի տարածաշրջանի համար։ Բոլոր կողմերը պետք է զսպեն Իսրայելին, որպեսզի Իսրայելը չգնա նման սխալ քայլի։ Այդ քայլին գնալու Իրանի մյուս պատճառը աշխարհում տիրող անպատժելիության մթնոլորտն էր նաև, որովհետև երկակի ստանդարտներով է աշխարհը շարժվում»,-ասաց քաղաքագետը։

Իրանցի քաղաքագետը նշեց, որ եթե նման հարձակում լիներ որևէ մի արևմտյան դեսպանատան կամ հյուպատոսարանի վրա, ամբողջ Արևմուտքը, ամբողջ աշխարհը լրջորեն կդատապարտեին, լուրջ քայլեր կանեին ու պատասխանատվության կենթարկեին հարձակում կատարած երկրին։ Բայց երբ որ Իրանի վրա են հարձակվում, Արևմուտքը ոչ միայն չդատապարտեց, այլ տեսնում ենք, որ աջակցում է Իսրայելին և այդ անպատժելիության անարդար մթնոլորտը, որ կա միջազգային հանրության շրջանում, Իրանն իր ուժով հարցը լուծել է եւ պատժել է հանցագործին՝ շեշտեց Հոսսեյնին։

«Իրանի կողմից այս քայլին գնալու մյուս դրդապատճառը Իսրայելին զսպելու միջոցն էր նաև՝ Իսրայելի շարունակական և միջազգային օրենքների կոպիտ խախտմանը։ Երբ որ Իսրայելը տեսնում է, որ իր հանցագործություններն անպատասխան չեն մնալու, Իրանը հույս ունի, որ Իսրայելը կփոխի իր քաղաքականությունը, ագրեսիվ պահվածքը, սակայն, եթե Իսրայելը չփոխի իր պահվածքը, Իրանը կշարունակի դիմադրել Իսրայելին  ու կպարտադրի պատասխան տալ իր բոլոր հանցագործությունների ու հարձակումների համար, որոնք վնասում են տարածաշրջանում Իրանի շահերին»,-ասաց իրանցի քաղաքական վերլուծաբանը։

Նա շեշտեց, որ Իրանի հարձակումն Իսրայելի վրա պատմական կարող ենք համարել, քանի որ առաջին անգամ է, որ Իրանը Իսրայելին հարվածում է իր տարածքից և նաև համաշխարհային պատմության մեջ առաջին մենամեծ հարձակումն է թե ԱԹՍ-ների քանակով, թե դրանց անցած հեռավորությամբ և մի քանի այլ առանձնահատկություններով պայմանավորված։