Նիկոլ Փաշինյանը ոչ մի բան չգիտի

Նիկոլ Փաշինյանը ոչ մի բան չգիտի

Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանը չգիտի, որ Վանաձորի ՀՈԱԿ-ներում կատարվելիք աուդիտում ձևակերպված հարցերից մեկը «Լուսավոր Հայաստանի» անդամներ ման գալն է, ինչի մասին Էդմոն Մարուքյանը մի քանի օր բարձրաձայնում էր։

Չգիտեր նաև, որ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը գործի չի գնում։ Չգիտեր, որ Սերժ Սարգսյանն իր կառավարման տարիներին մեկ անգամ է խորհրդարան եկել՝ վարչապետ դառնալու համար, և որ այդ օրը Էդմոն Մարուքյանը (նաև՝ Մանե Թանդիլյանը) ունեցել են պառլամենտարիզմի պատմության լավագույն ելույթներից մեկը։ Երեկ Նիկոլ Փաշինյանը Մարուքյանին մեղադրում էր «բա Սերժ Սարգսյանի վախտ ինչի՞․․․»-ի շրջանակներում։ Որ, իբր, Էդմոնն այն ժամանակ հեչ ընդդիմադիր ելույթներ չէր ունենում։ Իսկ 2018թ․ ապրիլի 18-ին Էդմոն Մարուքյանը նախագահ և վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին ասում էր․

«Այնպիսի քաղաքական համակարգ է ձևավորված, որ ում ինչ ասում ենք, ասում ա՝ ես կապ չունեմ ու (Մարուքյանը վերև նայեց ու մատով ցույց տվեց) Ձեր նկարն է ցույց տալիս։ Նկարը ցույց ա տալիս, ասում ա՝ իրան ասեք։ Էս ա էս երկրի քաղաքական համակարգը․․․ Խոսում եք բարեփոխումների մասին․․․ Ձեզ պետք է խնդրել՝ ոչ մի բարեփոխում չանել, ինչքան անում եք, էնքան էս երկիրը ռեգրեսիա է ապրում»։

Իսկ Սերժ Սարգսյանը Էդմոն Մարուքյանի՝ Փաշինյանի երեսին ասած ոչ պակաս հիմնավոր, հավասարակշռված, տողատակերով ելույթի ժամանակ` գոնե արտաքուստ, ժպտում էր։ Նիկոլ Փաշինյանը նրան նայում էր ատելությունից ու նախանձից պղտորված հայացքով։ Կարծում եմ՝ պատճառն այն էներգետիկան է, որ այդ օրը հորդում էր Էդմոն Մարուքյանից։ Էներգետիկա, որն ամենաշատը սիրում է, կախվածություն ունի Նիկոլ Փաշինյանը` ինքը։

Հայաստանի պառլամենտարիզմի պատմության մեջ Էդմոն Մարուքյանի՝ հայտնի նիստին ունեցած ելույթից առաջ երկար տարիներ անգերազանցելի էր մնում Վահան Հովհաննիսյանի՝ էությամբ շատ նման մի ելույթ, երբ նա քաղաքական մեծամասնությանը զգուշացնում էր, որ «տղե՛րք, մի օր ձեզ դալաններում ծեծելու են»։