Սկսել է շատանալ բացասական թեստերով թոքաբորբերի թիվը. Գյումրի Բ/Կ-ի տնօրեն
Շիրակի մարզի Աշոցք եւ Ամասիա համայնքներում կորոնավիրուսի դեպքեր գրեթե չկան, բայց մարզի մյուս համայնքներում հիվանդները շատ են: Այս մասին «Երկխոսության մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտնեց Գյումրի բժշկակական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը:
Բժշկի խոսքերով՝ թեև Գյումրի Բ/Կ –ն նախատեսված չէ կորոնավիրուսով հիվանդների բուժման համար, բայց եղել են օրեր, երբ աշխատել են գերծանրաբեռնված, քանի որ առանձնացված մեկուսարաններում վարակակիր հիվանդներին են սպասարկել՝ ինֆեկցիոն հիվանդանոցում տեղ չլինելու պատճառով:
«Վերջին 2 օրում վիճակը ավելի թեթև է, բայց դա չի նշանակում, որ հիվանդությունը նվազել է:Ասեմ՝ մի վտանգավոր բան կա: Սկսել է շատանալ բացասական թեստերով թոքաբորբերի թիվը:Հիմա այդպիսի 10 հիվանդ ունենք, որոնց նույնիսկ վճարովի չկարողացանք տեղավորել մայրաքաղաքի հիվանդանոցներից որևէ մեկում: Եթե դեպքերը դառնան 50-60, այևս չենք կարող պահել: Էդքան մեր ասելուց հետո, մարդիկ էլի գալիս են ու ասում՝ չենք հավատում էդ հիվանդությանը: Նույնիսկ փողը չի օգնում, հասկանո՞ւմ եք», -ասում է Արմեն Իսահակյանը՝ նշելով, որ վիրուսը կարող է օրգանիզմից դուրս գալ, սակայն որպես բարդություն եւ հետևանք՝ զարգանալ թոքաբորբ:
«Իմ պատկերացմամբ հիվանդությունը չի մարում: Երբ փակվում ենք, դիմակ ենք դնում, պաշտպանվում ենք, չենք վարակվում, բայց հենց բացվում ենք, վարակը կա: Ես չեմ հավատում, որ վաղը Վրաստանը բացվի, դեպքերի թիվը չի շատանա: Չի կարող վիրուսը վերանալ, քանի դեռ վակցինան չկա»: Անդրադառնալով վերջին օրերին Գյումրի Բ/Կ-ի մեծ թվով բուժաշխատողների վարակված լինելուն՝ Արմեն Իսահակյանը ընդգծեց, որ այս պահի դրությամբ 17 բուժաշխատող է վարակված, 30-40-ը մեկուսացված են, իսկ հարկադիր պարապուրդի մեջ են 40 բուժքույր:Մյուս կողմից էլ ուրախալի է, որ առողջացած բժիշկներն արդեն աշխատանքի են վերադառնում:
Կարծիքներ