Ու՞ր ենք գնում

Ու՞ր ենք գնում

Այսօր ԼՂ հակամարտության գոտում հրադադարի 26-րդ տարեդարձն է: Այդ առթիվ ոչ միայն հակամարտող կողմերը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, անգամ հայկական եւ ադրբեջանական մամուլն է լռում: Առանձնակի արձագանքներ չկան նաեւ սոցիալական ցանցերում: Տպավորություն է, որ բոլորը մոռացել են 26-ամյա վաղեմության իրավիճակը, եւ ոչ ոք առանձնակի մտահոգված չէ, թե ինչ է սպասվում առջեւում կամ ու՞ր ենք գնում: Դեպի վերջնական, կայուն, արդարացի խաղաղությու՞ն, թե՞՝ նոր պատերազմ: Ադրբեջանում, Հայաստանում եւ Արցախում, անշուշտ, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը նոր մտահոգություններ է բերել: Մարդիկ ավելի շատ կենտրոնացած են օրախնդիր հարցերի վրա:

Բայց հրադադարի հերթական տարելիցի նախօրեին Բաքուն քարոզչական անակնկալ մատուցեց՝ ակտուալացնելով «Արեւմտյան Ադրբեջանի (Երեւանի) հանրապետության» թեման: Դա ակնհայտ ճնշում է հայկական կողմի վրա: Բայց աչքի է զարնում դրան ռուսական որոշակի շրջանակներից աջակցության հանգամանքը: Գործ ունենք ռուս-թուրք-ադրբեջանական խորհրդատվությունների՞ հետ: Դժվար է միանշանակ հերքել կամ հաստատել: Ադրբեջանական Trend գործակալությունը գրավոր հարցում է հղել ԱՄՆ պետական դեպարտամենտին՝ նահանգներից մեկի Սենատում Արցախի հարցով բանաձեւի վերաբերյալ մեկնաբանության խնդրանքով:

Պատասխանը ստանդարտ է՝ Միացյալ Նահանգները չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ եւ ինքնիշխան պետություն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր աջակցում է խաղաղ կարգավորմանը, որը պետք է հենվի Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքների՝ ուժի կամ ուժի սպառնալիքի բացառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի, վրա: Ադրբեջանը պատրա՞ստ է այս հիմքով բանակցությունների: Ըստ երեւույթին՝ ոչ: Այս դեպքում հրադադարի համաձայնագիրը կորցնում է գործնական նշանակությունը, վերածվում զուտ պատմական հիշողության: Երեւում է, մենք մոտ ենք դրան, եւ գալիս է ճամփաբաժանի կամ վճռական ընտրության ժամանակը: Հայկական դիվանագիտությունն ունի՞ նոր իրավիճակին համարժեք լուծումների ծրագիր: