Սասուն Միքայելյանին Փաշինյանը դատապարտում է «ծառայության»

Սասուն Միքայելյանին Փաշինյանը դատապարտում է «ծառայության»

Նիկոլ Փաշինյանի մայիսի 8-ի ելույթը ոմանք ողջունեցին, ոմանք՝ դատապարտեցին։ Դատապարտողների թվում էին անգամ նրան աջակցած մի շարք հասարակական կազմակերպություններ (այսպես կոչված՝ սորոսական), որոնք հայտարարություն տարածեցին, եւ Դանիել Իոաննիսյանը՝ իշխանությունների սիրելի սահմանադրագետն ու հասարակական գործիչը, որը պետական բյուջեից փողեր է ստանում, ասենք, Արցախում ընտրությունները դիտարկելու համար, ոչ ավել, ոչ պակաս, զզվելի ելույթ անվանեց Փաշինյանի ելույթն ԱԺ-ում, միջադեպից հետո։

Առավել տխուր էր լսել Էդմոն Մարուքյանի բացահայտումները, թե այդ ելույթից առաջ իրենք խաղաղ զրույց են ունեցել՝ տետ ա տետ, եւ Փաշինյանը զղջացել է կատարված համար, ուստի իրենք ակնկալում էին, որ ԱԺ ամբիոնից ներողություն է հնչելու եւ ափսոսանք՝ կատարվածի համար։ Բայց Նիկոլ Փաշինյանը, ըստ երեւույթին, այդ խոսակցությունից հետո փոշմանել էր եւ հերթական «կռուտիտը» մտածել։ Դա էր պատճառը, որ ԱԺ պատգամավորներն էլ տեղավորվեցին այդ սցենարի մեջ՝ սկսեցին հերքել, որ թիկունքից խփողներ են եղել Էդմոնին, եւ մի ամոթալի սուտ վարկած ասպարեզ հանեցին, թե իբր գուցե Սասունը վեր էր կացել տեղից, որ դուրս գա՞ր դահլիճից, ինչի՞ Էդմոնն իջավ ամբիոնից։ Հայտարարեցին, որ միջադեպը «սադրանք» էր՝ կապված ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման մասին օրենքի հետ, քանզի ՀՀԿ-ն ու նախկինները դրանից իրար են անցել եւ սադրանքների են դիմում՝ օգտագործելով Էդմոն Մարուքյանին։ Սա իրականում մի հարվածով երկու նապաստակ խփելու փորձ է՝ մի կողմից նախկիններին ու Էդմոնին իրար միացնելու եւ նրանց թալանի մասին հանրությանը կրկին հիշեցնելու, մյուս կողմից՝ Արմեն Սարգսյանին հասկացնելու, որ այդ օրենքը շատ կարեւոր է, պետք է անպայման վավերացնել, եթե չի ուզում ինքն էլ «միավորվի» նախկինների բանակին։
Բայց Փաշինյանի ու թիմակիցների ելույթում մի քանի նրբերանգ էլ կար, որոնք վրիպեցին ունկնդիրների ուշադրությունից։

Եթե կրկին լսեք վարչապետի եզրափակիչ ելույթը՝ բյուջեի կատարողական քննարկումների ավարտին, կնկատեք, որ նա բազմիցս կրկնում է «դատապարտում եմ» բառերը։ Այդ արտահայտությունն իր ելույթում օգտագործեց նաեւ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Բայց մի կողմից դատապարտում են անորոշ բռնության փաստը՝ առանց Սասուն Միքայելյանի անունն արտաբերելու, մյուս կողմից՝ պաշտպանում են Սասուն Միքայելյանին։ Իսկ Նիկոլ Փաշինյանն իր ելույթի՝ միջադեպին նվիրված հատվածն ավարտում է մի խորամանկ նախադասությամբ․«Ես դատապարտում եմ Ձեզ, հարգելի պարոն Միքայելյան, ես դատապարտում եմ ինձ, ես դատապարտում եմ մեզ, դատապարտում եմ ծառայության՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդին, Արցախի ժողովրդին եւ այն արժեքներին, որոնք դարձել են 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության լոկոմոտիվ, տանող ուժ»:
Հասկացա՞ք, թե մանիպուլյացիան ինչպիսին է լինում՝ Սասուն Միքայելյանին եւ իրեն-իրենց «դատապարտում է ծառայության Հայաստանի ժողովրդին»։ Սա այն դատապարտումը չէ, որ դուք հասկացել եք, ու ենթադրվում էր, որ պետք է հնչեր։ Սա պարզ բառախաղ է։ Երեւի Սասուն Միքայելյանին չնեղացնելու համար է որոշել այսպես արտահայտվել։

ՀԳ․ Ի դեպ, մի խելացի մարդ օրերս արձանագրում էր, որ Սասունի հետ վաղեմի կոնֆլիկտը հարթելու շատ լավ հնարավորություն է ստացել Փաշինյանը՝ վերջնականապես Միքայելյանին իր կողմը գրավելու, նրա դիմադրությունը, քննադատական ոգին կոտրելու։ Հանրային պարսավանքի այս օրերին իրեն պաշտպանելու փաստը Սասուն Միքայելյանը երբեք չի մոռանա եւ անմնացորդ կլծվի Նիկոլ Փաշինյանին պաշտպանելու գործին։ Մինչդեռ ամիսներ առաջ նա չէր թաքցնում իր դժգոհությունը իշխանությունների վարքագծից եւ ներսում խստորեն քննադատում էր կառավարության սխալները։