Փաշինյանն այլևս թիմ չունի

Փաշինյանն այլևս թիմ չունի

Վարչապետի` վերջին շրջանում իրար ետեւից արված ջղային, տնական, անլուրջ լայվերը, հատկապես՝ հիասթափվածներին դասակարգելը, սամասուդ անելու անթաքույց սպառնալիքը հուշում էին, որ Փաշինյանի հոգին խռովված է, նրան ինչ-որ բան անհանգստացնում է: Բայց այդ անհանգստությունը նրան կորոնավիրոսը չի պատճառել. կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, որ Փաշինյանին մտահոգի: Նրան մի բան կարող է մտահոգել՝ սեփական փառքի հիմքերի սասանումը, իր անձնիշխանությանը սպառնացող վտանգները: Իսկ այդ վտանգները նա արդեն զգում է ու սարսափում իշխանությունը կորցնելու հեռանկարից: Վախենում է, որ հեքիաթի հերոսուհու նման մի օր կզարթնի ու կտեսնի… որ այս ամենը երազ էր:

Փաշինյանը վախենում է իր մենությունից. նրա կողքին արդեն գրեթե չկան իրեն հավատացող ու հավատարիմ մարդիկ, որոնց վրա կարող է հույս դնել: Նա արդեն չունի քաղաքական թիմ, թեեւ կարելի է ասել, որ երբեք էլ չի ունեցել այն: 2018-ի իշխանափոխությունից հետո սպասվում էր, որ նա իր շուրջը կհավաքի կայացած, պրոֆեսիոնալ, ճանապարհ անցած մարդկանց՝ ազգի «սերուցքը», ու կստեղծի կառավարման թիմ, որին հասարակությունը կվստահի իր ապագան: Մինչդեռ նա իր շուրջը հավաքեց քայլածներին, կենսագրություն ու ճանապարհ չանցած անփորձ երիտասարդներին, օտար հիմնադրամներից սնվող կասկածելի անձանց՝ պաշտոններ ու մանդատներ տվեց: Թերեւս ուզում էր միջակությունների մեջ փայլել իր «ողջ հմայքով»: Փաշինյանի թիմն այդպես էլ չմերվեց՝ ինչպես անորակ կաթի մերանից մածունը չի մերվում: Ու այդ անբովանդակ, անգաղափար մասսային իր կողքին ամուր պահելու համար նրանց տալիս է անսահման պարգեւավճարներ: Դա միակ ճանապարհն է, որով կարող են տպավորություն ստեղծել, թե կուռ թիմ են: Իսկ ջահելներն ընկել են մեղրի կարասը եւ վայելում են փառքն ու փողերը: Բայց Փաշինյանի համար արդեն դժվար է փող բաժանելը՝ արտակարգ դրության ու սոցիալական ծանր իրավիճակում։

Մարդիկ կառավարությունից են սպասում իրենց խնդիրների լուծումը, հաշվում ծախսված ամեն դրամը, սվիններով ընդունում ամեն մի պարգեւավճարի մասին լուրը: Երբ այլեւս բաժանելու բան չկա, իշխանության տիտանիկը սկսել է խորտակվել՝ պատեհապաշտները պատրաստվում են լքել նավը, անգամ Լենա Նազարյանն է ասում՝ հո նվիրյալնե՞ր չենք: Հատկապես, երբ շատերը գիտակցում են, որ իշխանությունից հեռանալուց հետո պատասխանատվություն է կրելու ոչ միայն Փաշինյանը, այլեւ թիմակիցները: Ինչո՞ւ մնալ վտանգավոր գոտում: Որքան Փաշինյանի վարկանիշը հռնդյունով գահավիժում է, այնքան թափ են առնում ներքին խմորումները: Ներսում սկսել են իրար չվստահել. Տիգրան Ավինյանը՝ Արսեն Թորոսյանին, Թորոսյանը՝ Արարատ Միրզոյանին, Միրզոյանը՝ իմքայլական պատգամավորներին, Փաշինյանը՝ բոլորին: Իշխանական թիմը ճաք է տվել, ու դա այլեւս հնարավոր չէ կասեցնել: Այդ ճաքն առաջին անգամ երեւաց, երբ «Կա՛նգ առ» սթափեցնող կոչով իր պաշտոնը լքեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ով բավականին դրական իմիջ էր տալիս փաշինյանական իշխանությանը։ Իսկ մի քանի օր առաջ Փաշինյանի ուղիղ եթերը՝ պարետ Տիգրան Ավինյանի եւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ, «դրախտային պարտեզից» արված, կարեւոր մեսիջ էր պարունակում՝ իբր ոչ մի հակասություն չկա Ավինյանի, Թորոսյանի եւ վարչապետի միջեւ: Սակայն որքան էլ ներկայացման հերոսները փորձում էին ցույց տալ, թե սիրում ու հանդուրժում են միմյանց, կեղծ նոտան լսվում էր… 

Փաշինյանն այսօր հնձում է իր ցանածները: Նա կռիվ է տալիս նախկինների, հիասթափվածների, հոգեւորականների, արցախցիների, դավադիր ուժերի, սատանաների ստվերների հետ, մինչդեռ նրա ամենամեծ հակառակորդն ինքն է, իր նարցիսիզմը, իր ինքնասիրահարվածությունը, իր մեծամտություն ու խորհուրդներ լսելու անկարողությունը: