Անդրանիկ Փիլոյանը հայերեն կարդալ չգիտի եւ ավերում է ԱԻՆ-ը

Անդրանիկ Փիլոյանը հայերեն կարդալ չգիտի եւ ավերում է ԱԻՆ-ը

Կառավարության նոյեմբերի 18-ի նիստից հետո արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը պնդում էր, թե նախապատրաստվել են, որ օգնեն Սյունիքի մարզի Ճակատեն, Աղավնո եւ մի քանի այլ գյուղերի բնակիչներին: Այս գյուղերը ծանր կացության մեջ են հայտնվել թավշյա կառավարության գործունեության արդյունքում: Իսկ Անդրանիկ Փիլոյանն այդ կառավարության մի մասն է: Ավելին, հենց նա է եղել 44-օրյա պատերազմում ամենաշատ տարածքային եւ մարդկային կորուստներ տված զորամիավորման ղեկավարը՝ կորպուսի հրամանատարը: Դրանից հետո վարչապետի աթոռին նստող Նիկոլ Փաշինյանը նրան ազգային հերոսի կոչում տվեց ու արտակարգ իրավիճակների նախարար նշանակեց:

Վերադառնանք Սյունիք: Սյունեցիներին օգնելու նախապատրաստական աշխատանքների մասին Փիլոյանի հայտարարությունը լսած մտերիմներիցս մեկը, որ երկար տարիներ աշխատում է ԱԻՆ համակարգում, ասաց՝ Անդրանիկ Փիլոյանը քանդում է համակարգը, չի տարբերում արձագանքումը կանխարգելումից: Անդրանիկ Փիլոյանն ընդամենն ասում է, որ կարող են արձագանքել, եթե կարիք լինի: Մինչդեռ բոլորին է հայտնի՝ «Ճիշտ է եւ արդյունավետ չհիվանդանալը, քան հիվանդին բուժելը», «Ճիշտ է եւ արդյունավետ մաքուր պահելը, քան կեղտոտելն ու հետո մաքրելը»: Ավելի ճիշտ է եւ արդյունավետ կանխելը, քան առաջացած խնդիրը լուծելը՝ խաղաղությո՞ւն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի:

Ինչպես տեղեկացնում է մեր աղբյուրը, 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը քննարկելիս եւ ընդունելիս Անդրանիկ Փիլոյանն ասել է, որ կանխարգելման ծրագրեր չեն լինելու՝ միայն արձագանքում: Իսկ որ Փիլոյանն արձագանքել չգիտի՝ 44-օրյա պատերազմը բացահայտեց: Նա կանխարգելման ծրագրեր չէր արել, խաղաղ ապրելու համար պատերազմի չէր պատրաստվել ու կորցրեց հազարավոր լուսավոր զինվորների եւ երկրի տարածքները: Ու հիմա կանխարգելման մասին իր անտեղյակությամբ եւ արձագանքելու սխալ պատկերացումներով ավիրում է արտակարգ իրավիճակների նախարարությունը: Մեր աղբյուրը խորհուրդ տվեց կարդալ երկու փաստաթուղթ. «Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարությունը եւ դրա իրականացման գործողությունների ծրագիրը» եւ «Հայաստանի կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը»: Այդպես էլ արեցինք:

Ռազմավարության մեջ գրված է. «Ռազմավարության իրականացումից սպասվելիք արդյունքները կլինեն աղետների կանխումն ու կանխարգելումը… աղետի կանխարգելումը եւ կանխումը յոթից տասն անգամ ավելի արդյունավետ է, քան հետեւանքների վերացումը»:

2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում գրված է. «Անհրաժեշտ է եւ կարեւոր սողանքային երեւույթների ուսումնասիրությունը, կանխատեսումը, կանխարգելումը՝ տարածքների պահպանման ու ռացիոնալ օգտագործման, բնակչության անվտանգության ապահովման եւ շրջակա միջավայրի պահպանման նպատակով… Լայնածավալ աղետների եւ հրդեհների կանխարգելումը, արձագանքումը եւ հետեւանքների վերացման աշխատանքների համակարգումը դարձնել ավելի արդյունավետ»: Անդրանիկ Փիլոյանը կանխարգելումը կարեւորում է միայն խոսքով կամ չգիտի, թե ինչ է գրված այս փաստաթղթերում: Հասկանալի է, որ նախագծերը մշակում են նախարարության տարբեր մասնագետներ, բայց ներկայացնում է նախարարը: Թող կարդար ներկայացնելուց առաջ: Հայերեն կարդալ չգիտի՞:

Զրուցակցիս ասացի, որ իր օգնությամբ բացահայտել եմ թավշյա նախարարի խոսքի եւ գործի տարբերությունը, ու լուրջ կասկած է ծնվել, որ նա կառավարություն ներկայացրած նախագծերը չի կարդում: Զրուցակիցս մի բան էլ ասաց՝ կարդա կառավարության նոյեմբերի 4-ի որոշումներից մեկը, որով Սյունիքի Տեղ համայնքին նվիրել են շատ հին հրշեջ մեքենա՝ խորհրդային ԶԻԼ՝ ամենաքիչը մի 35 տարեկան:

Անդրանիկ Փիլոյանն այս որոշման նախագիծն էլ չի կարդացել: Իսկ որոշման հիմնավորման մեջ գրված է․ «Հայաստանում կան համայնքներ, որոնք, ըստ սահմանված չվացուցակի, գտնվում են սպասարկող հրշեջ-փրկարարական ջոկատներից մինչեւ 48 կիլոմետր հեռավորության վրա, եւ հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկները, հատկապես սահմանամերձ եւ բարձրլեռնային համայնքների արտակարգ իրավիճակների դեպքերի սպասարկման համար, ոլորաններով անցնելիս առավելագույնը 20-30 կմ/ժամ արագությամբ են ընթանում` կանչի վայր հասնելով մինչեւ 50-60 րոպե ուշացումով, ուստի տեղի բնակիչները շատ անգամ չեն ահազանգում արտակարգ իրավիճակների, դեպքերի վերաբերյալ, քանի որ գիտակցում են, որ հեռավորության եւ ժամանակի կորստի պատճառով արձագանքումն արդյունավետ չի կարող լինել»: Թե որքանով արդյունավետ կլինի հին ու մաշված մեքենայով արձագանքումը՝ միայն Անդրանիկ Փիլոյանը գիտի: Նախարարությունում գիտեն, որ այս պայմաններում արձագանքումն այնքան էլ արդյունավետ չէ, բայց նախարարը կանխարգելման ծրագրերից հրաժարվում է: Այդպես հրաժարվել է ընդունել «Խաղաղությո՞ւն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի» ապացուցված ճշմարտությունն ու սխալ արձագանքելով՝ հասել կապիտուլյացիայի: Հիմա էլ նույն աշխատաոճով կապիտուլյացիա է բերում ԱԻՆ-ի գլխին:

Արեգ Մարգարյան