Ռուսաստանը փակուղում է, իսկ մենք՝ դժոխքում

Ռուսաստանը փակուղում է, իսկ մենք՝ դժոխքում

Ադրբեջանական կողմը գնաց սրացումների հատկապես այն բանից հետո, երբ Ռուսաստանն ուղիղ տեքստով հայտարարեց, որ ապաշրջափակման կոնտեքստում միջանցքային տրամաբանություն չի նախատեսվում։ Այսինքն` Ռուսաստանն ազդարարեց, որ շուրջ 1 տարի քթներից բռնած խաղացրել է թուրքերին ու Արեւմուտքին, իսկ հիմա խոստացված միջանցքի փոխարեն առաջարկում է բավարարվել մի քանի պետությունների կողմից վերահսկվող ճանապարհով։ Բնականաբար, թուրքերի եւ Արեւմուտքի համար բացարձակապես ընդունելի չէ այս տարբերակը, եւ նրանք սկսեցին գրոհել։ Այս՝ հակամիջանցքային ռուսական սցենարում ամենաթույլ կողմը Հայաստանն է, որովհետեւ Ռուսաստանը միանգամից մի քանի խնդիր է վերցրել իր վրա, եւ դրանք կարող են ի կատար ածվել միայն այն դեպքում, եթե Հայաստանը կարողանա սեփական ուժերով դիմակայել Ադրբեջանի սադրանքներին եւ ագրեսիային։ 

Որպեսզի հասկանանք այս պրոյեկտի բարդությունը, նախ տեսնենք, թե ինչ էր փորձում անել Ռուսաստանը, որը 44-օրյա պատերազմից հետո կոնֆլիկտի գոտում տեղակայեց իր խաղաղապահներին, որը որոշ փորձագետների կողմից դիտարկվեց որպես արկածախնդրություն։ Ռազմական լուրջ ստրատեգները կարծում էին, որ Ռուսաստանը դրանով չի ստանում ստրատեգիական որեւէ առավելություն, այլ հայտնվում է խոցելի վիճակում։ Հասկանալի է, որ այն, ինչ ունենք այսօր, էականորեն տարբերվում է Լավրովի պլանով նախատեսվածից, եւ ցանկացածի մոտ հարց կառաջանա, թե առանց Շուշիի նկատմամբ վերահսկողության եւ առանց Իրանի հետ սահմանի Ռուսաստանի համար ի՞նչ իմաստ ուներ խաղաղապահներ մտցնել Արցախ։ Սակայն հետագայում կատարվածի պատկերն ամբողջացավ, հասկանալի դարձավ, որ 44-օրյա պատերազմի թաքնված տրոֆեյը Զանգեզուրի միջանցքն է, որը նախատեսվում էր բացել հետպատերազմական խառնաշփոթ իրավիճակում։ Ամենայն հավանականությամբ, ռուսներն ունեին հստակ տեղեկություններ, որ Արեւմուտքը պատրաստվում է կանգնեցնել պատերազմը՝ գրեթե նույն տեղում, նույն պայմաններով, որպեսզի բանակցությունների իմիտացիա ստեղծելով՝ հնարավոր լինի Հայաստանից կորզել թուրքական աշխարհը կապող միջանցքը, իսկ սա ոչ միայն Հայաստանի վերջակետն էր, այլն նաեւ սպառնում էր Ռուսաստանի եւ Իրանի անվտանգությանը, ուստի Ռուսաստանը գնաց վա բանկ, եւ կանգնեցրին պատերազմը` տեղակայելով իրենց խաղաղապահներին։ 

Նոյեմբերի 9-ի փաստաթղթից հստակ երեւում է, որ ռուսներն ուղղակի համաձայնել են թուրքերի կողմից առաջադրված գրեթե բոլոր պայմաններին, միայն թե ինչ-որ լեգիտիմություն ապահովեն գործընթացի համար։ Հավանաբար, Ռուսաստանը հաշվարկել էր, որ կարեւոր չէ, թե ինչ փաստաթուղթ է ստորագրվում, հետագայում հնարավոր կլինի ամեն ինչ տանել ցանկացած հունով։ Ռուսաստանի գլխավոր նպատակը խնդրի մեջ մնալն էր եւ առաջին հերթին բացառել «միջանցք» պրոյեկտը, մնացածը կարելի էր շտկել ընթացքում։ Մինսկի խմբի վերակենդանացումը, իհարկե, անցանկալի էր Ռուսաստանի համար, ուստի Ռուսաստանը խաղաց Թուրքիայի փառամոլության վրա եւ համաձայնեց «3+3» ծրագրին, ըստ որի՝ տարածաշրջանում Ռուսաստանն ու Թուրքիան կստանան դոմինանտ դեր։ Սա ձեռնտու էր նաեւ Ադրբեջանին, բայց չէր կարող չանհանգստացնել Իրանին, Վրաստանին ու Հայաստանին։ Արդյունքում ռուս-թուրքական սիրախաղից անհանգստացած Իրանը մտավ խաղի մեջ եւ հայտարարեց, որ թույլ չի տա Հայաստանի սահմանների որեւէ փոփոխություն։ Այսպիսով Ռուսաստանը միանգամից 2 վիրտուալ դաշինք ստեղծեց․ մեկում նա համագործակցում է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, մյուսում՝ Իրանի, Հնդկաստանի եւ Հայաստանի։ Ռուսաստանը, իհարկե, պատկերացնում է, որ սա շատ խոցելի եւ խրթին կոնստրուկցիա է, բայց կարծում է, որ Արեւմուտքի մուտքն ամուր փակված է, եւ երբ թուրքերը հասկանան, որ մեծ հաշվով ոչինչ չեն ստանում, ստիպված կլինեն համակերպվել դրա հետ։ Արեւմուտքը նույնպես ստիպված կլինի համակերպվել այս ամենի հետ։

Իհարկե, ամեն ինչ հնարավոր չէ հաշվարկել, եւ Ռուսաստանը ռիսկի դիմեց՝ Արեւմուտքին կանգնեցնելով բարդ դիլեմայի առաջ՝ գնալ անկանխատեսելի հետեւանքներով սրացումների՞, թե՞ համակերպվել ստեղծված իրավիճակի հետ։ Եթե ամեն ինչ գնար ռուսական սցենարով, ապա Ռուսաստանը ռազմական ներկայություն կունենար Ադրբեջանի տարածքում՝ ձեռքի տակ պահելով ղարաբաղյան չլուծված խնդիրը, որը մահակ է Հայաստանի ու Ադրբեջանի գլխին։ Նաեւ բացառվում էր Ռուսաստանին սպառնացող միջանցքի առկայությունը, եւ Սյունիքում զորքեր տեղակայելով՝ ռուսները վերահսկողություն ձեռք կբերեին հյուսիս-հարավ ճանապարհի նկատմամբ։

Ինչպես տեսնում ենք, ահռելի մասշտաբների խաղ է սկսել Ռուսաստանը, եւ նրան մնում է զգուշավոր բալանս պահպանել բոլոր խաղացողների միջեւ։ Ինչից էլ դժգոհում են Հայաստանում, Ադրբեջանում, երբեմն՝ Թուրքիայում։ Իսկ Արեւմուտքն ուղղակի փրփրել է, որովհետեւ ոչինչ չի ստացել 44-օրյա պատերազմի արդյունքում, եւ ստացվում է, որ զուր էր աչք փակում ահաբեկիչների տեղաշարժի վրա, իր դաշնակից Թուրքիային թույլատրում մասնակցել պատերազմին։ 44-օրյա պատերազմը, որը ՆԱՏՕ-ն կարող էր հեշտությամբ բացառել, Ադրբեջանին բերեց տարածքային լուրջ ձեռքբերումներ, Թուրքիան ստացավ Ադրբեջանն ամբողջությամբ, Իսրայելն անգամ որոշ խնդիրներ լուծեց, Ռուսաստանը կարողացավ անդրկովկասյան խաչմերուկում ամրանալ, իսկ Արեւմուտքը խաղից դուրս մնաց, որովհետեւ չկարողացավ տիրանալ պայմանագրերին, միջանցքներին, ճանապարհներին, հետագա բանակցային գործընթացներին։ Իհարկե, որոշակիորեն մասնակցում է պրոցեսին՝ Թուրքիայի միջոցով, բայց Թուրքիան այդքան էլ վստահելի չէ։ 

Ցավոք, Ռուսաստանին, Չինաստանին ու Իրանին ոչնչացնելու մոլուցքը քաղաքակիրթ աշխարհին տարել-հասցրել է ահաբեկիչների հետ համագործակցելուն, երկրներ ոչնչացնելուն, փոքրիկ ազգերի ճակատագրերը վտանգելուն, բայց, փաստորեն, խաղադրույքներն այնքան բարձր են, որ նրանք ոչնչից չեն խորշում, միայն թե կարողանան հասնել իրենց նպատակին։ Արեւմուտքն ակնհայտորեն խնդիր է դրել իր առաջ՝ միավորել թուրքական աշխարհը եւ դրանով ջախջախիչ հարված հասցնել Ռուսաստանին, եւ դա անկախ անգամ այն հանգամանքից, որ Թուրքիան երբեմն անկառավարելի է դառնում եւ խնդիրներ առաջացնում ՆԱՏՕ-ի ներսում։ Արեւմուտքում կա համոզմունք, որ կարեւոր չէ, թե որքանով է կառավարելի Թուրքիան, եթե նրանք հայտնվեն Ռուսաստանի դարպասների տակ, ապա բախումն անխուսափելի կդառնա։ Ամերիկացիները սիրում են կրկնել, որ երբեմն լավ տղաները ստիպված են լինում դիմել արգահատելի քայլերի՝ վատ տղաներին պատժելու համար, եւ սա, իրենց պատկերացմամբ, հենց այդ դեպքերից է։ Նրանք իրենք իրենց համոզել են, որ այս խնդրի լուծման համար կարելի է դիմել ցանկացած մեթոդի՝ այրելով այդ ճանապարհին ամեն ինչ եւ աշխարհն ազատելով «չարիքի կայսրություններից»։

Ցավոք, Հայաստան աշխարհը, Սյունիքն ընկած են ուղիղ այդ ճանապարհին, եւ սա է թերեւս միակ պատճառը, որ Արեւմուտքը պատերազմի քարտ-բլանշ տվեց Ադրբեջանին ու Թուրքիային։ Նախատեսվում էր պատերազմի միջոցով Ռուսաստանի ձեռքից խլել ղարաբաղյան կոնֆլիկտի խաղաքարտը եւ լիարժեք վերահսկողություն սահմանել կոնֆլիկտի գոտում՝ Արցախից մի փոքր տարածքի անկախությունը պահելով եւ դրա դիմաց Հայաստանից կորզելով այն միջանցքը, որը կփակի Իրանի մուտքը դեպի Եվրոպա եւ կապահովի թուրքական աշխարհի միավորումը։ Սակայն Ռուսաստանը խառնեց բոլոր պլանները, բայց չկարողացավ լիարժեք առավելություն ստանալ, իսկ թուրքերն ու Արեւմուտքը որոշեցին դադար վերցնել՝ առայժմ համակերպվելով ռուսների ներկայության հետ։ Արեւմուտքում հավանաբար մտածեցին՝ թող ռուսներն ապահովեն միջանցքի համար անհրաժեշտ փաստաթղթային բազան, ժամանակավորապես վերահսկեն այդ միջանցքը, իսկ հետագայում, ինչ-որ սադրանքների միջոցով, դուրս կդնենք նրանց տարածաշրջանից, իսկ միջանցքը կմնա Արեւմուտքի ձեռքում։ Բայց այս ամենի համար հարկավոր է, որ փաստաթղթերում հստակ շեշտվի «միջանցք» տերմինը, եւ ողջ աղմուկն առաջացավ այն ժամանակ, երբ Ռուսաստանը պնդեց ճանապարհների ապաշրջափակման գաղափարը։ Դրան ի պատասխան՝ Թուրքիան թերեւս հրահանգեց Ադրբեջանին սադրանքի գնալ՝ Հայաստանի ուղղությամբ, որովհետեւ այս կոնստրուկցիայի ամենաթույլ կողմը Հայաստանն է։ 

Հայ-ադրբեջանական սահմանային բախումները շատ մեծ խնդրի առաջ են կանգեցնում Ռուսաստանին՝ նա կա՛մ պետք է օգնի Հայաստանին եւ դուրս շպրտի ադրբեջանցիներին՝ կորցնելով չեզոք խաղաղապահի մանդատը, կա՛մ ռուսները չպետք է խառնվեն արյունալի բախումներին, դրանով էլ Հայաստանը դուրս կհրավիրի ռուսներին, եւ նրանք կկորցնեն վերահսկողությունն իրավիճակի վրա։ Երկու դեպքում էլ կորցնում ենք ե՛ւ մենք, ե՛ւ Ռուսաստանը, եւ այս ամենը շատ լավ հասկանում են թե՛ Ադրբեջանում, թե՛ Թուրքիայում, թե՛ Արեւմուտքում։ Հետեւաբար, ուղղակի ծիծաղելի են Արեւմուտքին ուղղված կոչերը, եւ անմտություն է կարծելը, որ նրանք կսաստեն թուրքերին։ Հայաստանի եւ Ռուսաստանի համար լավագույն տարբերակն այն կլիներ, որ մենք կարողանայինք ինքնուրույն դիմակայել ագրեսիային, բայց դրա մասին խոսելն ավելորդ է, որովհետեւ Հայաստանը ներկայումս շատ է թուլացած։ Թելը կտրվեց ուղիղ այնտեղ, որտեղ եւ սպասվում էր, ու հիմա Հայաստանը հայտնվել է դժոխքում, իսկ Ռուսաստանը՝ փակուղում։ Ռուս-թուրքական կեղծ սիրախաղերը նույնպես մոտենում են տրամաբանական ավարտին՝ Թուրքիան բացահայտ կերպով զենք է մատակարարում Ուկրաինային, տարօրինակ քարտեզներ է հրապարակում եւ սպառնում, իսկ Ռուսաստանը շարունակում է ձեւացնել, թե ոչինչ չի նկատում եւ չի լսում։ Ցավալին այն է, որ Ռուսաստանը կարող է իրեն նման խաղեր թույլ տալ, իսկ մենք՝ ոչ։

Մենք ստիպված ենք միայնակ դիմակայել թուրք-ադրբեջանական ագրեսիային, եւ հենց սա է պատճառը, որ ՔՊ-ական պատգամավորները Ռուսաստանին ուղղված կոշտ հայտարարություններ հնչեցրին։ Նրանք իրավացի էին՝ Ռուսաստանը պետք է վերջապես հասկանա, որ իր ստեղծած կառուցվածքը փլուզվել է, չի աշխատում, շատ արագ նոր լուծումներ են անհրաժեշտ։ Հայաստանն այլեւս չի կարող սպասել, մենք ուղղակի ուժասպառ ենք լինում, եւ ռուսները պետք է շատ արագ վերջ դնեն այս իրավիճակին։ Ռուսաստանից հնչող տխմար կարծիքները, թե Հայաստանը պարտավոր է մինչեւ վերջ մարտնչել, ուղղակի էժանագին մանիպուլյացիաներ են, իրենք շատ լավ գիտեն, որ Հայաստանն արդեն 30 տարի է՝ մարտնչում է ե՛ւ իր, ե՛ւ Ռուսաստանի փոխարեն։ Ռուսաստանը ստեղծել է մի կոնստրուկցիա, որտեղ Հայաստանն արնաքամ է լինում։

Գուցե Ռուսաստանը չի կարողանում ելքեր գտնել իրավիճակից, իսկ գուցե շատ զբաղված է Լեհաստանի սահմանների մոտ ստեղծված իրավիճակով, կարեւոր չէ, կարեւորն այն է, որ մենք չենք կարող անվերջ վճարել ռուսական անդրկովկասյան պրոյեկտների համար, որքան էլ որ դրանք համընկնեն մեր շահերին։ Հայաստանում աճում են հակառուսական տրամադրությունները, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մազից է կախված, ԱԺ ընդդիմության վարկանիշը հավասարվել է զրոյի, ժողովրդի համար անիմաստ է դառնում պրոռուսական ուժի ետեւից գնալը, երբ Ռուսաստանը չի օգնում։ Այս ամենը կարող է հանգեցնել սարսափելի հետեւանքների, Հայաստանում իրավիճակը պայթյունավտանգ է։ Ռուսաստանի հաշվարկը չաշխատեց՝ թուրքերը չվախեցան ու գնացին էսկալացիայի, հիմա Ռուսաստանի քայլի ժամանակն է։ 

Մենք հազարավոր զոհեր ենք տվել, հասարակությունը պառակտված է, քաղաքական գործիչները հայհոյում են միմյանց, մենք չենք կարող ինքնուրույն դուրս գալ այս իրավիճակից, Ռուսաստանը պիտի հետեւություններ անի։ Դատարկ խոսքերով հնարավոր չէ դիմակայել թուրք-ադրբեջանական տանդեմին, մեզ շատ հստակ ռազմական աջակցություն է պետք, եւ Ռուսաստանն ունի 2 տարբերակ՝ կա՛մ լիարժեք աջակցել իր դաշնակցին, այնպես, ինչպես Թուրքիան է աջակցում Ադրբեջանին, կա՛մ մի կողմ քաշվել՝ հնարավորություն տալով մեզ կողմնորոշվելու, թե ում օգնությամբ կարող ենք դուրս գալ այս դժոխքից։

Պողոս Պողոսյան