Ի՞նչ անի Հայաստանը՝ գիտությունը զարգացնելու եւ Նոբելյան մրցանակակիրներ ունենալու համար

Ի՞նչ անի Հայաստանը՝ գիտությունը զարգացնելու եւ Նոբելյան մրցանակակիրներ ունենալու համար

Սեպտեմբերի 5-10-ը Հայաստանը հյուրընկալելու է STARMUS միջազգային փառատոնը, որի միջոցառումներին մասնակցելու են շուրջ հինգ տասնյակ աշխարհահռչակ գիտնականներ, ինժեներներ եւ տիեզերագնացներ, երաժշտության եւ արվեստի համաշխարհային աստղեր, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ, համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ, երաժշտության ու արվեստի աստղեր, տեխնոլոգիական ոլորտի ականավոր ներկայացուցիչներ:
Հայաստանում STARMUS VI գիտության եւ արվեստի փառատոնն անցկացվելու է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով եւ նվիրված է լինելու Մարսի վրա «Մարս 3» տիեզերակայանի առաջին փափուկ վայրէջքի 50 ամյակին: Հատկանշական է, որ «Մարս 3»-ը տեղափոխել է դեպի Կարմիր մոլորակ հայ մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (փրոփ-էմ) ռոբոտը։

STARMUS միջազգային փառատոնը կապված է Սթիվեն Հոկինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի եւ աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ։ Այն 2011 թվականից անցկացվել է Թեներիֆե կղզում (Կանարյան կղզիներ, Իսպանիա), հետագայում՝ նաեւ Նորվեգիայում, Շվեյցարիայում։ Փառատոնը միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները եւ նպատակ ունի հանրայնացնելու գիտությունը մարդկության համար՝ արվեստի միջոցով։

Հայաստանում STARMUS VI փառատոնի ծրագրում նախատեսվում են համագումարների ու գիտաժողովների շարք, բազմաբնույթ մշակութային միջոցառումներ, գիտական ճամբարներ: STARMUS փառատոնը հիմնադրվել է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանի ու լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի կողմից։ 

Փառատոնին ընդառաջ, տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ STARMUS VI փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրաելյանի, Սերժ Թանկյանի, Ռիք Վեյքմանի, Դերեք Շերինյանի, Ռոն Թալ «Բամբլֆութի» եւ Տիգրան Համասյանի (առցանց) մասնակցությամբ։

Բանախոսները խոսեցին, թե ինչպես է հնարավոր արվեստի միջոցով գիտության հանրայնացումը, եւ ինչպես կարող են աշխարհահռչակ երաժիշտները նպաստել գիտության հանրայնացմանը։

Ռիք Վեյքմանի դիտարկմամբ, սխալը սկսվում է հենց դպրոցից, երբ արվեստն ու գիտությունը տարանջատվում են։ Իսկ այսօր մարդիկ գիտության նվաճումներն օգտագործում են միմյանց դեմ պատերազմելու եւ մոլորակը քանդելու համար։ Մինչդեռ արժեր այդ գումարներն ուղղել արվեստին ու գիտությանը։ Վեյքմանը կիսվում է իր աստղային երազանքով․ ասում է՝ երազում է Մարսի վրա համերգ ունենալ, ճիշտ է՝ շատ մարդ չի գա, բայցեւայնպես։

Գարիկ Իսրաելյանն էլ նկատում է, որ, ցավոք, այսօր ողջ աշխարհում կրթության վրա ծախսվում է պետությունների բյուջեի միայն 1-2 տոկոսը, մինչդեռ կարող ենք պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե սպառազինությունների ձեռքբերմանն ուղղված գումարները ծախսվեին կրթության վրա, իսկ եթե մարդիկ կրթվեին, պատերազմներ քիչ կլինեին։ Գ․ Իսրաելյանը նշում է իր համար վերջին տասնամյակում գիտական կարեւոր իրադարձությունը, այն է՝ գրավիտացիոն ալիքների հայտնագործումը։

Իսկ թե ինչու է STARMUS միջազգային փառատոնն այս անգամ անցկացվում Հայաստանում, փառատոնի համահիմնադիրն ասում է, որ դեռեւս 2019թ․, երբ այն ժամանակվա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է STARMUS 5-րդ փառատոնին, իրենց հրավիրել է գալ Հայաստան, հետո հաջորդել են քովիդը, պատերազմը, բայց, անկախ այդ հանգամանքներից, որոշել են, որ հենց հիմա՝ էլ ավելի կարեւոր է այս փառատոնը Հայաստանում կազմակերպելը։

Հարցին, թե ինչ պետք է անի Հայաստանը գիտությունը զարգացնելու եւ Նոբելյան մրցանակակիրներ ունենալու համար, Գարիկ Իսրայելյանն ասում է, որ նախ մեծ ուշադրություն պետք է դարձնել կրթությանը ու դա սկսել դպրոցներից, նաեւ՝ մամուլում քաղաքական լրահոսի կողքին մեծ տեղ հատկացնել գիտությանը․ «Կառավարությունը պետք է գիտությունն ակտիվացնի, որպեսզի գիտությունը դառնա հասարակական, մատչելի գործընթաց։ Պետք է գիտությունը հանրաճանաչ դարձնել Հայաստանում, ես դա բոլոր քայլերով կարող եմ ցույց տալ, եթե, իհարկե, ուզեք»։

Սերժ Թանկյանն էլ իր խոսքում ընդգծեց, որ Հայաստանը դեռ խորհրդային ժամանակ գիտական կենտրոն էր հանդիսանում, որի վաղեմի փառքը կարելի է վերականգնել։ Ըստ նրա, գիտությունն ու տեխնոլոգիաներն են մեզ առաջ տանելու, ուստի հիմա չափազանց կարեւոր է, որ գիտական միտքը, առաջատար մասնագետները գան Հայաստան։