Ընտրությունը ոչ թե «պատմական» եւ «իրական», այլ «պայքարող» եւ «հանձնվող» Հայաստանների միջեւ է

Ընտրությունը ոչ թե «պատմական» եւ «իրական», այլ «պայքարող» եւ «հանձնվող» Հայաստանների միջեւ է

Իրոք որ, այսօր հայ ժողովրդի ու երկրի առջեւ վաղվա Հայաստանի տեսլականի ընտրության խնդիր կա դրված: Բայց այդ խնդիրն ամենեւին էլ «իրական» եւ «պատմական» Հայաստանների միջեւ ընտրություն կատարելու մասին չէ: Այդ խնդիրն ավելի շատ այս տարածաշրջանում հայկական ներկայության կերպին վերաբերող խնդիր է:

Այս իմաստով, որքան էլ Փաշինյան Նիկոլն ու իր խմբակը փորձեն իրականությունն այնպես ներկայացնել, թե այն, ինչը որ պատահեց այս երկրի հետ 2020 թվականին, պատահեց, որովհետեւ «նախորդող Հայաստանները» «պատմական Հայաստանն» ընտրած եւ նրա հետեւից գնացող Հայաստաններ են եղել, միեւնույն է, դրանից այն իրականությունը, որ Հայաստանը երբեք «պատմական Հայաստանի» հետեւից գնացող կառավարություն չի ունեցել, չի փոխվում:
Սկսած 1918-20 թվականների հանրապետությունից մինչեւ խորհրդային Հայաստան, մինչեւ մեր օրերն ու այս հանրապետությունը, երբեք էլ այնպես չի եղել, որ հայկական որեւէ պետականություն «պատմական Հայաստանը» վերականգնելու հավակնություններով ղեկավարվող Հայաստան լինի: Ճիշտ հակառակը՝ հայկական վերջին շրջանի բոլոր պետականություններն էլ գոյաբանական խնդիր են ունեցել եւ բոլորն էլ, առաջին հերթին, գոյաբանական խնդիր են լուծել:

Իհարկե, եղել է, որ այդ գոյաբանական խնդրի լուծումը նրանց Սարդարապատ է տարել, եղել է, որ այն Հայաստանի խորհրդայնացումով է դրսեւորվել, եղել է, որ 1992-94 թվականների հաղթանակ ու 26-ամյա պետականաշինությամբ զբաղվելու հնարավորություն է դարձել, բայց, չնայած այս ամբողջին, այն միշտ էլ որպես գոյաբանական հարց ու գոյաբանական հարցի լուծման փորձ է եղել:

Եվ եթե Փաշինյան Նիկոլն ու իր խմբակը իրենց իշխանավարման այս վեց տարիների ընթացքում այդպես էլ չեն հասկացել, որ այս առումով ոչինչ չի փոխվել, ուրեմն, ստիպված ենք նրանց ասել, որ այդ գոյաբանական խնդրի լուծման հրամայականը ոչ միայն իրենց կառավարության, այլեւ հայկական բոլոր ժամանակների կառավարությունների ամենաառաջնային խնդիրն է եղել: Ուղղակի, ի տարբերություն Հայաստանի մյուս բոլոր կառավարությունների, միակ կառավարությունն այդ իրենց կառավարությունն է, որը փորձում է այդ գոյաբանական հարցը ոչ թե «պայքարով ու պետականաշինությամբ», ոչ թե «պետությունն ու բանակը հզորացնելով», այլ «թշնամու ողորմածությանը հանձնվելով», նրա «մեծահոգությանն ապավինելով» լուծել:

Սակայն ստիպված ենք Նիկոլին ու իր խմբակին հիասթափեցնել: Ստիպված ենք հիասթափեցնել, որովհետեւ պարտավորված ենք նրանց հավաստիացնել, որ որքան էլ նրանք ուզենան իրենց մանիպուլյացիաներով ապակողմնորոշել այսօրվա հայ մարդուն, որքան էլ «թշնամու ողորմածությանը հանձնվելու» ուղով առաջնորդելու ակնկալիքով փորձեն նրան հակադրել իր պատմությանը, որքան էլ ուզենան հայ մարդուն համոզել, որ իր պատմությունը սխալ է եղել, որ այն սխալ ուղով է գնացել, միեւնույն է՝ նրանց մոտ ոչինչ էլ չի ստացվի: Իսկ չի ստացվի ոչ միայն այն պատճառով, որ այլեւս անցել են խաբելու եւ մանիպուլացնելու ժամանակները, այլ նաեւ այն պատճառով, որ հայ մարդն այլեւս «թացը չորից» տարբերել, «ճիշտը ստից» զատել է սովորել, որովհետեւ նա՝ այսօրվա հայ մարդը, որքան էլ իրեն համոզեն, որ միջավայրն իր հետ թշնամացել է, որովհետեւ ինքն է նրա հետ թշնամացել, միեւնույն է՝ նա այսքան բան տեսնելուց, այսքան փորձությունների ենթարկվելուց հետո այլեւս անդառնալիորեն հասկացել է, որ ոչ թե ինքն է իրեն հակադրում, ոչ թե ինքն է իրեն թշնամացնում միջավայրի հետ, այլ այդ միջավայրն է, որ իրեն թշնամի ու ոչնչացման ենթակա տարր է նշանակել:

Բայց միայն այսքանը չէ, որ հասկացել է այսօրվա հայ մարդը: Նա հասկացել է նաեւ, որ այս տարածաշրջանն ու այս միջավայրն ամենեւին էլ այն տարածաշրջանն ու այն միջավայրը չեն, որտեղ սեփական գոյության իրավունքը «թշնամու ողորմածությանը հանձնվելով» են իրացնում: Նա, այսքան բան տեսնելուց հետո, չի կարող նաեւ չհասկանալ, որ այս տարածաշրջանում «ապրելու իր իրավունքի» իրացումը մի ձեւ ու մի եղանակ ունի: Եվ այդ ձեւն ու եղանակը ոչ թե «թշնամու ու նրա ողորմածությանը հանձնվելու», այլ պայքարով այս տարածաշրջանում ապրելու, այս միջավայրում ու այս միջավայրին «ապրելու իր իրավունքը» պարտադրել կարողանալու մասին է:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ