Մակրոնի մասին եւ ոչ միայն

Մակրոնի մասին եւ ոչ միայն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին մի քիչ դժվար է հասկանալ: Հետաքրքիր է՝ նա պատմությունից ի՞նչ է ստացել դպրոցում: Չգիտի՞, որ ֆրանսիացի վերջին զորավարն ու զինվորը Ռուսաստանից դուրս են հրավիրվել սրանից ավելի քան 200 տարի առաջ՝ 1812-ի կողմերը: Մակրոնն արտաքին հետախուզություն չունի՞, նրան չե՞ն զեկուցել, որ վերջին 200 տարում աշխարհում շատ բան է փոխվել, ու այսօր Նապոլեոն խաղալը, մեղմ ասած, անշնորհակալ գործ է: Ի վերջո, այդ 200 տարում Ռուսաստանն ամենաքիչը 2 անգամ փրկել է Ֆրանսիայի հետույքն անվերապահ կապիտուլյացիաներից: Մակրոնը մոռացե՞լ է Ֆրանսիայի դժվար օրերը, երբ Փարիզում տերուտնօրեն էին գերմանացիներն ու նրանց աջակցող անգլիացի գաղութարարները: Մակրոնը Նապոլեոնից ուղիղ 212 տարի անց հայտարարում է, որ Ֆրանսիան զորք կուղարկի Ուկրաինա՝ Ռուսաստանի դեմ կռվելու: Հարցնես՝ ինչո՞ւ, կպատասխանի՝ հանուն Ուկրաինայի անկախության… Վատ նպատակ չէ, իհարկե, բայց ի՞նչ է սպառնում Ուկրաինայի անկախությանը: Ռուսները կվերացնե՞ն այն: Ինչո՞ւ: Ռուսները հայտարարել են, որ Ուկրաինա պետություն չի՞ լինելու: Մակրոնը, հավանաբար, Ուկրաինան շփոթում է Ուկրաինայի բանդերական իշխանությունների հետ, որոնց Արեւմուտքը վարձել է Ուկրաինան բաժան-բաժան անելու եւ ՆԱՏՕ-ի դիրքերը դեպի արեւելք առաջ տալու համար: Եվ շատ հետաքրքիր է, որ ՆԱՏՕ-ն զորք չի ուղարկում Ուկրաինա, բայց Մակրոնն է ուղարկում: Պարոն Մակրոն, մի քիչ ծիծաղելի չէ՞ Հռոմի պապից ավելի կաթոլիկ կամ Արեւմուտքից ավելի Արեւմուտք երեւալը:

Ֆրանսիացի հարկատուները, որոնք ամեն առիթով Փարիզը վերածում են մարտիմեկյան Երեւանի, կարող են ինձ հանդիմանել՝ դու ո՞վ ես, որ մեր նախագահի հայտարարություններն ու ծրագրերը քննարկես: Ճիշտ եք, սիրելի ֆրանսիացիներ, ես դրա իրավունքը չունեմ, դա ձեր ներքին գործն է, ում վրա ուզում եք՝ հարձակվեք: Իմ մտահոգությունները բոլորովին այլ շարժառիթներ ունեն: Ես սաստիկ մտահոգ եմ ձեր նախագահի եւ մեր վարչապետի, այսպես ասած՝ «բարեկամությունից»: Նրանք ինչ-որ հաճախ են հանդիպում ու գրկախառնվում, եւ ես վախենում եմ, որ ձեր նախագահը Նիկոլին գցի Նապոլեոնի ջրերն ու Ռուսաստանի դեմ պատերազմն Ուկրաինայից տեղափոխի Հայաստան: Որ նման ծրագիր ունի ՆԱՏՕ-ն, ես արդեն գիտեմ, բայց ինչո՞ւ է այդ ծրագրին միանում Ֆրանսիան, որ ոչ վաղ անցյալում հակաթուրքական կոալիցիա ձեւավորեց ու, շախմատային լեզվով ասած, մատ ստացավ ՆԱՏՕ-ից: Ի դեպ, նույնը ստացավ նաեւ Նիկոլի Հայաստանից, որը չմիացավ այդ կոալիցիային: Հիմա Մակրոնը Նիկոլին այդ ինչե՞ր է բացատրում… Զենք կտանք, զինվոր կտանք… Լո՞ւրջ: Ֆրանսիայի հարկատուները գիտե՞ն այդ մասին: ՆԱՏՕ-ն թույլ կտա՞, որ Ֆրանսիան Հայաստանին օգնի՝ Սյունիքը կամ Տավուշը չտալ Ադրբեջանին: Ահա այսպիսի հարցեր կան, որ ինձ թույլ չեն տալիս լավ աչքով նայել Մակրոն-Նիկոլ գրկախառնումներին:

Այնպես էլ չէ, որ Մակրոնը վերջին մարդն է, որ գրկախառնվում է Նիկոլի հետ: Նիկոլը, կարելի է ասել, թռչում է բոլորի գիրկը, երբ տեսնում է իրեն պարզված ձեռքեր: Մի քանի ամիս առաջ Շոլցի գրկում էր, Պրահայում ընդհանրապես կընկներ Ալիեւի եւ Էրդողանի գիրկը, եթե չլիներ Մակրոնի խանդոտ ներկայությունը: Բա Պուտինի գի՞րկը քանի անգամ է ընկել… Մի խոսքով՝ խիստ անկանխատեսելի գործընկեր է Նիկոլը: Նա պատրաստ է ամեն ինչի, միայն թե սեփական աթոռը պահի: Կծախի, կտա, կհանձնի, կքանդի, կոչնչացնի, մարդկանց բանտերը կլցնի, միայն թե ոչինչ չսպառնա իր աթոռին: Այսքանով հանդերձ՝ Նիկոլը դեմ չէ խորհրդանշական պոզաներով լուսանկարվելուն: Նա այդպիսի շատ հայտնի երկու լուսանկար ունի, մեկը՝ Պուտինի, մյուսը՝ Մակրոնի հետ: Խոսքը Պուտինի եւ Մակրոնի հովանոցների մասին է, որոնց տակ կանգնած Նիկոլն անիմաստ ժպտում է: Կարծում եմ՝ Վլադիմիր Պուտինը եւ Էմանուել Մակրոնը դեռ պահում են այդ հովանոցները եւ ամեն անգամ վերհիշում Նիկոլի հետ հանդիպումը: Ասածս ի՞նչ է, պարոն Մակրոն… Էն, որ ասում եք՝ զորք ուղարկեմ Ուկրաինա՝ ռուսների դեմ կռվելու, մի քիչ համոզիչ չէ: Ասվածի լավագույն ապացույցը Նիկոլն է՝ ձեր հովանոցների տակ կանգնած: Ինչպե՞ս կարող եք Դուք եւ Պուտինը կռվել, երբ Նիկոլի նման ընդհանուր հոգեզավակ ունեք: