Ինչ Ադրբեջանն է ուզում, տանք, տակը մնացածին թող տիրություն անի ԵՄ-ն

Ինչ Ադրբեջանն է ուզում, տանք, տակը մնացածին թող տիրություն անի ԵՄ-ն

ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հանձնակատար Ժոզեպ Բորելը խոստովանել է, որ իրենք Ուկրաինային օգնում են ոչ թե այն պատճառով, որ սիրում են ուկրաինացի ժողովրդին, այլ հանուն իրենց շահերի: «Մենք չենք կարող թույլ տալ, որ Ռուսաստանը հաղթի այս պատերազմում։ Հակառակ դեպքում ԱՄՆ-ի ու Եվրոպայի շահերը մեծապես կտուժեն։ Խոսքը միայն առատաձեռնության մասին չէ: Խոսքն Ուկրաինային աջակցելու մասին չէ, քանի որ մենք սիրում ենք ուկրաինացիներին: Սա բխում է մեր իսկ շահերից»,- ասել է Բորելը, կոչ անելով ԱՄՆ-ին՝ գիտակցել իր շահերը եւ շարունակել աջակցել Ուկրաինային։ Ուկրաինան, Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան եւ մյուս երկները ԵՄ-ի համար իրենց շահերի սպասարկման գործիք են եւ ոչ ավելին: Նրանց չի հետաքրքրում այդ երկրների, այնտեղ ապրող մարդկանց եւ ժողովուրդների ճակատագիրը, նրանց հետաքրքրում են միայն իրենց շահերը:

Ինչու են Բորելը, Ստոլտենբերգը եւ մյուս եվրաչինովնիկներն այդքան համառորեն խոսում Ռուսաստանին պարտության մատնելու անհրաժեշտության մասին, եթե չեն սիրում ուկրաինացի ժողովրդին, անտարբեր են այդ ժողովրդի ճակատագրի նկատմամբ: Որովհետեւ մտավախություն ունեն, որ Ռուսաստանի հաղթանակի դեպքում Ուկրաինան կանցնի Ռուսաստանի վերահսկողության տակ. Ուկրաինայի հողերը, ենթակառուցվածքները,  հարստությունը, մարդիկ կծառայեն Ռուսաստանի զարգացմանը եւ հզորացմանը: Մինչդեռ իրենք ուզում են, որ ոչ միայն չկորցնեն Ուկրաինան, որը համարում էին իրենցը մինչեւ 2022 թվականի պատերազմը, այլեւ իրենց վերահսկողության տակ վերադարձնեն Ռուսաստանը, որի նկատմամբ վերահսկողություն ունեին ելցինյան իշխանության տարիներին եւ աստիճանաբար կորցրին Պուտինի նախագահության ընթացքում: Իսկ դա հնարավոր է միայն Ռուսաստանի պարտության դեպքում, որովհետեւ այդ դեպքում իրենք կարող են ասել, որ այդ հաղթանակը ոչ թե Ուկրաինայի, այլ հավաքական Արեւմուտքի հաղթանակն է Ռուսաստանի նկատմամբ: Ռուսաստանը, որպես ռազմավար, կդառնա ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի սեփականությունը, Ռուսաստանի տարածքը, հանքային հարստությունը, ենթակառուցվածքները, 150 միլիոնանոց շուկան կդառնան ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի սեփականությունը, կծառայեն այդ երկրներին: 

Եվրամիությունը եւ դրա առանձին անդամ երկրներ հարյուրամյակներ իրենց զարգացումը, բարեկեցությունը եւ հարստացումը կառուցել են այլ երկրների եւ ժողովուրդների հարստահարման եւ շահագործման միջոցով: Հիմա ԵՄ-ում չկա տնտեսական առաջընթաց, բարեկեցությունն ընկնում է, դրա պատճառն այն է, որ իրենք կորցնում են հին գաղութները, իսկ նորերը չեն կարողանում ձեռք բերել: Վերականգնվելու համար պետք են նոր տարածքներ, էժան աշխատուժ, նոր շուկաներ, գրեթե անվճար էներգակիրներ: Բորելն ասում է, որ չպետք է հուսահատվել, որ երկու տարվա ընթացքում ծախսած գումարները չեն բերել ցանկալի արդյունք, պետք է շարունակել ներդրում անել պատերազմի վրա, որովհետեւ միայն այդ դեպքում հնարավոր կլինի հետ բերել արդեն ծախսած գումարները եւ դրան գումարած բազմապատիկ ավելի մեծ օգուտ ստանալ: Բայց քանի որ հաղթանակի նկատմամբ հավատը գնալով կորում է, ԵՄ-ում սկսում են կասկածել, թե արդյոք ճի՞շտ է պատերազմի վրա ներդրում անելը, նոր միջոցներ քամուն տալը՝ առանց հետվերադարձի եւ եկամտի ակնկալիքի: Նկատի ունեցեք, որ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն Ուկրաինայի վրա ներդրել են ավելի քիչ գումար, քան իրենց կողմից առգրավված ռուսական ակտիվներն են, եւ եթե անգամ պատերազմն այս պահին ավարտվի, ֆինանսական իմաստով իրենք չեն տուժի:

ԵՄ-ն ուզում է ընդլայնել իր կենսական տարածքը, որովհետեւ միայն ընդլայնվելու, ընդարձակվելու գնով է հնարավոր հասնել բարեկեցության եւ զարգացման: Երբ ԵՄ-ն խոսում է Հայաստանին իր ազդեցության ոլորտում ներգրավելու մասին, խոսում է իր կենսական տարածքն ընդլայնելու մասին: Նա դա չի անում հանուն Հայաստանի, չի անում, որովհետեւ սիրում է Հայաստանը կամ հայ ժողովրդին։ Նրանց հետաքրքրում է Հայաստանը, նրա ընդերքը, ենթակառուցվածքը, շուկան եւ մարդիկ: Նույնը վերաբերում է Ռուսաստանին, Ադրբեջանին կամ Թուրքիային: Երբ Ռուսաստանը խոսում է Հայաստանի հետ բարեկամական, դաշնակցային կապերը չխզելու անհրաժեշտության մասին, խոսում է իր կենսական տարածքը չկորցնելու մտադրության մասին, որովհետեւ Հայաստանը համարում է իր ազդեցության գոտի, իր կենսական տարածք: Ադրբեջանը եւ Թուրքիան ուզում են Հայաստանի հաշվին ընդլայնել իրենց կենսական տարածքը: 

Իսկ ի՞նչ է ուզում կամ անում Հայաստանը, Հայաստանի այսօրվա իշխանությունը: Նա կամավոր կամ առանց դիմադրության զիջում է այն կենսական տարածքը, որը մենք ենք զբաղեցնում: Այսինքն՝ մտածում է ոչ թե ընդլայնվելու, այլ, հակառակը՝ եղածը հանձնելու մասին: Հայաստանը վերջին չորս տարվա ընթացքում կորցրել է Արցախը, կորցրել է մինչեւ 300 քառակուսի կիլոմետր սահմանամերձ դարձած տարածքներից: Հիմա Փաշինյանը պատրաստվում է նոր տարածքային զիջումների` հօգուտ Ադրբեջանի: Փաշինյանի տրամաբանությամբ՝ դա արվում է հանուն Հայաստանի անվտանգության, բայց այն, ինչ անում է Հայաստանի իշխանությունը, ոչ միայն հակատրամաբանական է, այլեւ՝ հակաբնական: Իր գոյության, զարգացման կենսատարածքից հրաժարվող, այն զիջող ցանկացած օրգանիզմ, լինի դա ծառ, կենդանի թե հասարակություն, հայտնվում է վերացման եզրին եւ ի վերջո վերանում է: Փաշինյանը, ըստ էության, ասում եւ անում է հետեւյալը` ինչ Ադրբեջանն է ուզում, կտանք, տակը մնացածին թող տիրություն անի ԵՄ-ն, կուզի` ինքնուրույնաբար, կուզի` Թուրքիայի միջոցով: Իսկ եթե Ռուսաստանին հետաքրքրում է Հայաստանը, թող ինքը կռիվ տա դրանց հետ, մենք այդ կռվի հետ կապ չունենք, մերը խաղաղության օրակարգն է` եվրոպական որեւէ երկրում ապաստանի հնարավորությունը, ուր արդեն տեղափոխված կլինեն շարժական ակտիվները: Վերացող կամ վերացման եզրին գտնվող տարբեր բուսատեսակների կամ կենդանիների հետ հենց այդպես էլ վարվում են. նրանց պահում են բուսաբանական կամ կենդանաբանական այգիներում՝ ընդամենը ցուցանմուշի կարգավիճակում:

Ավետիս Բաբաջանյան