«Հրապարակ». Թող ժողովրդին ասեն՝ վեկտոր փոխելու արդյունքում ունենալու ենք էլեկտրականության անջատում ու 300 դոլարանոց գազ, համաձա՞յն եք

«Հրապարակ». Թող ժողովրդին ասեն՝ վեկտոր փոխելու արդյունքում ունենալու ենք էլեկտրականության անջատում ու 300 դոլարանոց գազ, համաձա՞յն եք

Երկու օր առաջ մի խումբ դիվանագետներ ու հանրային գործիչներ հանդես եկան հայտարարությամբ, որտեղ արձանագրել էին, որ ներկայիս իշխանություններն ունակ չեն փոխել բանակցային գործընթացի տրամաբանությունը կամ առաջարկել իրատեսական լուծումների այնպիսի փաթեթ, որը հնարավորություն կտա կանգնեցնել զիջումների անվերջ շղթան, ուստի նոր իշխանության ձեւավորման անհրաժեշտություն կա։ Հայտարարությունը ստորագրել են ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը, Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպաններ Արա Ադոնցը, Գագիկ Ղալաչյանը, Վահագն Մելիքյանը, Ռուբեն Կարապետյանը, Ֆադեյ Չարչօղլյանը, Արմեն Գիչյանը, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը եւ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Արտակ Բշտիկյանը, ում հետ «Հրապարակ»-ը զրուցել է։

- Հայտարարության մեջ շեշտված է, որ հայ ժողովրդի հետագա ճակատագիրը լուծվում է Տավուշում։ 4 գյուղերի հանձնման գործընթացը, որն իշխանությունը փորձում է կյանքի կոչել, Արցախի ամոթալի հանձնումից հետո կարո՞ղ է սթափեցնող զանգ դառնալ մեր հասարակության համար։

- Գիտեք, այս հարցի պատասխանը գուցե շատ ցինիկ հնչի։ Այն ժամանակ հասարակության մի հատվածն ասում էր՝ լավ, Արցախը հանձնեցինք, հասկացանք, հիմա Տավուշը ո՞նց հասկանան։ Նույնկերպ, երեւի, կհասկանան Տավուշի հանձնումը։ Այս իշխանությունը բավականին երկար ժամանակ գեներացվող մանիպուլյացիոն խոսույթով հանրության տրամադրություններն է փոխում: Վերցնենք, օրինակ, 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո տեղի ունեցած պրոցեսները, 2021-ին պարտված իշխանության վերընտրվելը։ Իշխանությունը հանրության վախը բռնել է․ քանի որ այդ տրամաբանությունն աշխատեց, նա գնալով լկտիանում է։ Մենք 30 եւ ավելի տարի շարունակ միջազգային իրավունքի շրջանակներում ասել ենք, որ սպառնալիքի տակ բանակցություններ չի կարելի վարել, դա միջազգային իրավունքի նորմ է, դա մենք ասում էինք մեր հակառակորդի, մեր թշնամու մասին, բայց հիմա ստացվում է, որ մեր իշխանությունն է այդ սպառնալիքն օգտագործում՝ սեփական ժողովրդի հետ խոսելիս։ Վարչապետ կոչվածի մանիպուլյացիաներին Ոսկեպարում պատասխանել են, իշխանությունները կարող են ինչ-որ բան ասել, բայց երբ դանակը ոսկորին է հասնում, ինչպես դասականն էր ասում, հնարավոր է՝ վարունգը թարս բուսնի։ Համաժողովրդական հանրային պահանջ պետք է ձեւավորվի՝ տեր կանգնելու ՀՀ ամեն մի միլիմետր հողին։ Թե ինչ արդյունքներ կունենա այդ տեր կանգնելը, այլ հարց է, բայց որ տեր չկանգնելը վատ հետեւանք է ունենալու, այդտեղ երկու կարծիք լինել չի կարող։ Նիկոլ Փաշինյանն իրականացնում է այն ծրագիրը, որի համար եկել է կամ բերվել է իշխանության, ու եթե այս ողբերգական ընթացքի առաջը չառնվի, ինչը հնարավոր է հանրության լայն շրջանակների մոբիլիզացիայի միջոցով, այսօր կլինի Տավուշի 4 գյուղերի հանձնումը, վաղը՝ ամբողջ Տավուշը, հետո՝ Գեղարքունիքը, Սյունիքը․․․ Նա նույն մանիպուլյացիոն, լկտի ձեւակերպումն է բերելու՝ բա ի՞նչ եք ուզում, գնանք մեռնե՞նք։

- Մի կողմից, Փաշինյանը պատերազմով է սպառնում ժողովրդին, մյուս կողմից ասում է, որ հանձնելն էլ երաշխիք չէ, որ պատերազմ չի լինի։ 

- Նախ պետք է հասկանալ, թե ինչու երաշխիք չկա, որ պատերազմ չի լինի, որովհետեւ այդ 4 գյուղերով չի լուծվում Ադրբեջանի նկրտումների հարցը, նրա նպատակն այդ 4 գյուղերը չեն։ Ադրբեջանի եւ Թուրքիայի ուզածը «Զանգեզուրի միջանցքն» է։ Սա անվերջ ընթացք է։ Այո, նա չունի որեւէ երաշխիք, որովհետեւ որոշողն ինքը չէ, նա ընդամենը կատարող է, նրան ինչ ասեն, կկատարի։ Արեւմտյան հարթակների ձեւակերպումներն ինչպես իրեն փոխանցեն, այդպես էլ կանի, նա ձեռնածու է, խամաճիկ։

- Ապրիլի 5-ին հանդիպում է սպասվում նույն՝ արեւմտյան հարթակում, ու իշխանական քարոզչությունը դա ներկայացնում է այնպես, որ Արեւմուտքն իր հովանու տակ է առնելու Հայաստանը։ Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումը կարո՞ղ է դառնալ այն հանգրվանը, որից հետո Հայաստանի իշխանությունն աշխարհաքաղաքական բեւեռը փոխելու լղոզած հայտարարությունները գործնական քայլերի կվերածի։

- Մենք՝ բոլորս, հիշում ենք, որ երբ այս թրաշամանուկների խումբը եկավ իշխանության, Հայաստան առաջին այցը կատարեց Բոլթոնը։ Նա եկավ ու հստակ ասաց՝ երեխեք, մենք ձեզ բերել ենք իշխանության, հիմա ես եկել եմ ասելու, թե դուք ինչ պետք է անեք։ Ապրիլի 5-ին սպասվող հանդիպումն այդ նույն տրամաբանության մեջ է։ Այն, ինչ տեղի է ունենում, այդ նույն շղթայի մեջ է, իսկ Արեւմուտքը  բոլորովին վերջերս Բորելի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի լեզվով մեկ անգամ էլ դա ասաց, ու եթե հանրության համար հասկանալի լեզվով ձեւակերպենք, մի պարզ բան են ասում՝ գնացեք, ժողովրդին համոզեք, որ նա ընդունի, որ Ադրբեջանն ավելի ուժեղ է, եւ սթրվեք տեղներդ, ձեզ որքան կտանք, այդքանով բավարարվեք։ Այդ սրտաճմլիկ հայտարարություններն ուրիշ բանի մասին չեն։

- Բայց որոշ շրջանակների իրապես ոգեւորել է, օրինակ, ԵԽ բանաձեւը, որով առաջարկվում է դիտարկել Հայաստանին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորությունը։ Լուրջ ակնկալիքներ կա՞ն սպասվող հանդիպումից։

- Նրանք, ովքեր ոգեւորված են այդ բանաձեւով, դիվանագիտական տեքստերը հասկանալ չգիտեն։ Այդ բանաձեւում սիրուն ձեւակերպումների տակ շատ կոնկրետ բաներ կան։ Այսօրվա աշխարհաքաղաքական թոհուբոհի մեջ արեւմտյան ժողովրդավարություն ասվածը ռուսական ազդեցությունից ազատվելն է՝ բոլոր հնարավոր միջոցներով։ Այ, եթե դու ազատվում ես ռուսական ազդեցությունից, ուրեմն, դու ժողովրդավար ես։ Այդ մարդկանց, որոնք շատ ոգեւորված են ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հնարավոր օժանդակության տեսլականից, ընդամենը մեկ հարց եմ ուղղել՝ եթե մենք փոխում ենք մեր վեկտորը, Հայաստանի ատոմակայանի միջուկային թափոնները ո՞ր երկիրն է գալիս վերցնում, տանում, եւ ո՞վ է մեզ ուրանի նոր խմբաքանակ մատակարարում, որ մեր ատոմակայանն աշխատի։ Այս իշխանությունները թող կանգնեն ու ժողովրդին ասեն՝ մենք կարող է վեկտորը փոխենք, բայց դրա արդյունքում ունենալու ենք ոչ թե հովհարային անջատումներ, ինչպես 90-ականներին, այլ, ընդհանրապես, էլեկտրականության անջատում։ Սա մեկ-երկու տարվա հարց չէ, սա տասնամյակների հարց է։ ԵՄ-ն համատեղ էներգահամակարգն իր համար ստեղծել է 26 տարվա ընթացքում, 26 տարի է պահանջվել ԵՄ-ից՝ ստեղծելու մի համակարգ, որի արդյունավետությունը մենք տեսանք ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից, երբ համաեվրոպական էներգահամակարգն ուղղակի պայթեց։ Հիմա, եթե եվրոպացիներն իրենց համար չեն կարողանում դա ստեղծել, այստեղ ո՞նց են ստեղծելու։ Ուրեմն, ժողովրդին ասեք, որ այն օրը, երբ մենք կստորագրենք ԵՄ անդամության թեկնածուի փաստաթուղթը, դրա հաջորդ առավոտից 165 դոլարանոց գազի փոխարեն կունենանք մոտավորապես 300 դոլարանոց գազ, ժողովուրդ ջան, համաձա՞յն եք։ Էլ չեմ խոսում անվտանգության մասին։ Ամեն ինչ այստեղ պարզ է՝ ֆրանսիացիները չեն գալու ապահովեն մեր անվտանգությունը, ԱՄՆ-ն զենք չի ուղարկելու, որովհետեւ տարածաշրջանում Արեւմուտքի մոդերատորը Թուրքիան է, ամեն ինչ նրա վրա է դրված։

- Այս վիճակում Փաշինյանի առաջարկած օրակարգին այլընտրանք կա՞։

 - Իհարկե՝ կա, անելանելի իրավիճակներ չեն լինում։ Շատ բարդ վիճակներ լինում են, բայց գործիքակազմերի ճիշտ օգտագործման դեպքում այլընտրանք միշտ կա։ Խնդիրն այն է, որ այդ գործիքակազմերը կարող է օգտագործել նա, ով հասկանում է, թե ինչ է ազգային, պետական շահը։ Երբ այդ բանաձեւը քո մեջ կա, երբ դու հստակ ձեւակերպել ես ազգային, պետական շահը, որը հանրության կողմից ժամանակի ընթացքում բյուրեղացած մի բան է, գործիքակազմերը կաշխատեն։

- Նիկոլ Փաշինյանն ասում է, որ հիմա ինքը հենց դա էլ անում է, ըստ նրա՝ հիմա մենք իրական Հայաստանի կերտման ճանապարհին ենք, իսկ Ձեր նշածը, որ ժամանակի ընթացքում է բյուրեղացվել, պատմական Հայաստանի համար էր։

- Նույնիսկ այդ ցնդաբանությունը եթե փորձենք մեկնաբանել, հարց է առաջանում՝ Ջերմուկը պատմական Հայաստա՞ն է, վաղը նա կասի՝ Սյունիքն էլ է պատմական Հայաստան, Գեղարքունիքի մի հատվածն էլ է պատմական  Հայաստանի մաս, այդ քարտեզը, որ նա մատի վրա պտտում է, այդտեղ ուրվագիծ կա, չէ՞։ Նա ասում է, թե ՀԱՊԿ-ն չի նշում, թե որն է իր պատասխանատվության գոտին, բա քո պատասխանատվության գոտին ո՞րն է, դու ո՞ր երկրի վարչապետն ես։

- ՀԱՊԿ-ին հիշատակեցիք, խոսենք Ռուսաստանի ու նաեւ Իրանի արձագանքից։ Այս երկու խաղացողների դիրքորոշումները հստակ են ոչ տարածաշրջանային խաղացողների հարցում։ Նկատի ունենալով ՀՀ իշխանության՝ Արեւմուտքին ուղղված հայացքը, եթե Փաշինյանի գուժած պատերազմի սցենարն իրականանա, նրանք ինչպե՞ս կվարվեն։ Այս անգամ ո՞վ կկանգնեցնի պատերազմը։

- Բոլոր անգամները փրկելու եւ կանգնեցնելու առաջին պատասխանատուն եւ պարտավորություն ունեցողը մենք ենք՝ որպես հանրություն։ Այո, ըստ իրավիճակների, ըստ աշխարհաքաղաքական շահերի, այս կամ այն դաշնակիցը հնարավոր է՝ օգտակար լինի։ Մի քանի օր առաջ Իրանի դեսպանը հայտարարություն արեց, թե երբ ասում ենք՝ ՀՀ անձեռնմխելիությունը մեզ համար առանցքային  կարմիր գիծ է, նկատի չունենք միայն հարավը։ Սրանով նա ասում է, որ ամբողջ սահմանագիծն է Իրանի համար կարմիր գիծ։ Չէի ասի, որ սա հուսադրող է, բայց սա օժանդակող  հայտարարություն է։ Իրանի շահերն այստեղ համընկնում են մեր շահերի հետ, նա իսկապես տարածաշրջանում կարող է ունենալ Ադրբեջանին եւ Թուրքիային զսպող մեխանիզմ։ Ռուսաստանը չի պատրաստվում այստեղ ազդեցություն կորցնել, այսօր, հասկանալի է, առաջնային այլ հարցեր ունի, բայց վստահ եմ, որ ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի նկատմամբ զսպիչ գործողություններ եւ կկիրառեն, եթե, Աստված մի արասցե, այդ փուլը սկսվի։ Սա է իրավիճակը, բայց ես շեշտում եմ՝ մեր տարածքային ամբողջականության ինքնիշխանության հիմնական երաշխավորը, պատասխանատուն եւ պարտավորություն ունեցողը մենք ենք՝ որպես ազգ, որպես հանրույթ։

Մարիաննա Ղահրամանյան