Սրբավայրը կմնա սրբավայր, պղծողը՝ պիղծ

Սրբավայրը կմնա սրբավայր, պղծողը՝ պիղծ

«Հայրենիքաուրացող, հայաստանատյաց, եղբայրասպան, որդիամերժ, գերեզմանապիղծ, ազգադավ, կեղտաբերան, վայրահաչող, պնակալեզ ու էլի տարբեր բաների լեզ, կռապաշտ, վայրենի, «կտըցրած», անմիտ, ուղեղահարթ, «քֆուրամեռ», դեբիլ, չարոգի, վախկոտ, անթասիբ, եթե մենակ չէ՝ «դուխով», վտանգափախ, «մոմենտը ջոգող՝ թռնող», անգրագետ, գռեհկաբարո, քինախնդիր, արարքներ ու մտքեր կապկող, անտրամաբան, կեղտամիտք, հոգով անլվա, դաժան, չկամ, կեղծամիտ, շողոքորթ, հայերեն ու մարդկերեն չհասկացող, գետնաքարշ, աչքածակ, բնազդաշարժ, դեմագոգ, ստախոս ու ստակերպ, բութ…»:

Ես սա պեղել եմ մեր օրերի ՀՀ քաղաքացու օրագրից: Իմ երեւակայությունը, սակայն, չի բավականացնում մարդու այդ տեսակը մտքով պատկերացնել, իսկ ձե՞րը… Այդուհանդերձ, ես մոտավորապես հասկանում եմ, թե խոսքն ում մասին է, իսկ դո՞ւք…

Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ ՀՀ առաջին նախագահը, վերջերս հանդես էր եկել մի խաղաղասիրական կոչով, ես կասեի՝ ուղղված Վազգեն Մանուկյանին: Բողոքել էր, թե Վազգենը խիստ խոսքեր է ասել Նիկոլ Փաշինյանի հասցեին՝ լավ չճանաչելով Նիկոլին եւ հաշվի չառնելով, որ եթե վերջինս էլ իր հերթին կոշտ դիրք բռնի, երկրում քաղաքացիական պատերազմ կսկսվի: Կիսում եմ առաջին նախագահի մտահոգությունը, բայց համաձայն չեմ, որ Վազգեն Մանուկյանը խիստ խոսքեր է ասել Նիկոլ Փաշինյանին: Ի՞նչ ասեմ, եթե «Նիկոլին ժողովուրդը բզիկ-բզիկ կանի» կամ «Կամովին չհեռանա՝ ուժով կստիպենք» արտահայտությունները կոշտ են, ապա ի՞նչ են վերոբերյալ ժողովրդական որակումներն ու բնութագրումները, որոնք, կարծես, ո՛չ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ո՛չ Վազգեն Մանուկյանին, ո՛չ էլ մանավանդ ինձ են վերաբերում:

Իմ հոդվածներից մեկում Լեւոն Տեր-Պետրոսյանին մեղադրել էի նաեւ միակողմանիության մեջ եւ նշել, որ հնարավոր քաղաքացիական պատերազմի մեղավորների փնտրտուքի մեջ արժանի ուշադրություն չի դարձրել իր հոգեզավակի էությանը: ՀԱԿ-ի ճամբարից իմ այդ անմեղ դիտարկումը որակել էին որպես «չուծ լի նե» քաղաքացիական պատերազմի կոչ: Ես նշել էի Նիկոլ Փաշինյանի մի քանի քայլ եւ ըստ էության ապացուցել, որ Փաշինյանը մեզ տանում է քաղաքացիական պատերազմի: Մեղքս ի՞նչ թաքցնեմ, նաեւ հետեւություն արել՝ պատերա՞զմ է ուզում, ուրեմն կստանա այն: Հիմա ես պատրաստվում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա գյուղի կլուբի աչքերը բացել Նիկոլ Փաշինյանի հերթական արարքի վրա, որը նրանք պարտավոր էին կանխել կամ առնվազն դատապարտել, եթե այդքան մտահոգ են Վազգեն Մանուկյանի եւ ընդդիմության կոշտ կեցվածքից: Պարզ հարց եմ տալիս՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը կամ որեւէ մեկը ՀԱԿ-ից հորդորե՞լ է, արդյոք, Փաշինյանին՝ ձեռնպահ մնալ դեպի Եռաբլուր կազմակերպվող խայտառակ երթից եւ չանել մի բան, որ դեմ է մարդկային նկարագիր ունեցող յուրաքանչյուր արարածի: Վստահ եմ՝ Տեր-Պետրոսյանը նման բան չի արել: Իսկ չի արել, որովհետեւ նրան, ինչպես եւ Փաշինյան Նիկոլին հետաքրքրում էր մեկ բան՝ ստուգել իշխանությանը սատարող մարդկանց գլխաքանակը եւ համոզվել, որ եգիպտական սցենարի դեպքում կկարողանան ընդդիմության հավաքների դեմ հավաքներ անել: Կարող եմ ասել, որ փորձը հաջողվեց: Պարզվեց, որ Փաշինյանը, իշխանական ողջ գործիքակազմով, դեռ ի զորու է գլխաքանակ դուրս բերել փողոց: Բայց միայն այդքանը: Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանի կերպարին, ապա այն ամբողջացավ եւս մեկ, ոչ պակաս կոշտ ու մուգ գույնով՝ «պիղծ» կամ «պղծիչ»:

Լեւոն Տեր-Պետրոսյանը վաղուց է դուրս եկել այն տարիքից, երբ մարդիկ ռոմանտիկ են լինում: Մեզ հիմա անհրաժեշտ է նրանից պրագմատիզմի դասեր առնել: Ավելի քան վստահ եմ, որ ՀՀ առաջին նախագահն այս օրերին խիստ զայրացած է Նիկոլ Փաշինյանի վրա, որ նա չկարողացավ ուժի ցուցադրություն կազմակերպել մի համեմատաբար ավելի անմեղ պատրվակով, քան Եռաբլուրը պղծելն էր: Օրինակ, Նիկոլ Փաշինյանը կարող էր կախաղան տեղադրել Հանրապետության հրապարակում եւ իր զոմբիներին հրավիրեր տեսնելու, թե ինչպես է ինքը կախվում: Պատկերացրեք՝ ես էլ կշտապեի հրապարակ: Զոմբիները կգային, կպահանջեին, որ իրենց առաջնորդն այդպիսի բան չանի, եւ ամեն ինչ դրանով կավարտվեր:

Բայց Եռաբլո՞ւր գնալ, գնալ մի վայր, որտեղ որդեկորույս մայրերը, ազատամարտիկները եւ հազարավոր ՀՀ քաղաքացիներ արդեն որքան ժամանակ է, զօրուգիշեր սգում են մեծ կորուստը, կորուստ, որի թիվ մեկ պատասխանատուն ու մեղավորն ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է, մեղմ ասած՝ հակամարդու, հակաքրիստոսի, ճիվաղի, քստմնելի երեւույթի որոշում էր: Եվ ի՞նչ հետեւանք ունեցավ այդ որոշումը: Կրկնում եմ՝ փորձը հաջողվեց: Տեր-Պետրոսյանի՝ 2010 թվի խոսքով ասեմ՝ «տպավորված էի երթով»: Բայց ո՞րն էր հետեւանքը: Այստեղ հիշեմ նաեւ Նիկոլ Փաշինյանի հիտլերյան միտքը. «Եթե ես մտածեի հետեւանքների մասին, ապա ոչինչ անել չէի կարողանա»: Եվ ուրեմն, պարոնայք Լեւոն Տեր-Պետրոսյան եւ Նիկոլ Փաշինյան, մեկիդ լուռ համաձայնությամբ եւ մյուսիդ սեւեռուն հաստագլխությամբ իրականացված պղծումի եւ դավաճանության այդ երթը վերջակետ դրեց իշխանությունից մարդամեկի անցնցում հեռացվելու մասին «սին» պատկերացումներին: Դուք միասին ընտրեցիք քաղաքացիական պատերազմը եւ այն կստանաք:

Տեր-Պետրոսյանը, իհարկե, կարող է ասել՝ ես մեղավոր չեմ, մեղավորը Նիկոլն է: Այո, Նիկոլն առաջին հայացքից այս խայտառակ «ուխտագնացության» թիվ մեկ մեղավորն է, բայց Նիկոլը հո միայն վերջին պատերազմի զոհերի հիշատա՞կը չէ, որ պղծեց իր երթով: Եռաբլուրում են ամփոփված Արցախյան պատերազմների գրեթե բոլոր հերոսները, նաեւ այն երեւելիները, որոնք հաղթանակով «տուն դարձան» ու հաղթած նախագահի փառք բերեցին Լեւոն Տեր-Պետրոսյանին: Մտածելու բան կա, այնպես չէ՞: Նիկոլին, թերեւս, կարելի է խղճալ, քանզի նա հնարավոր է՝ չհասկացավ էլ, թե ինչ տեղի ունեցավ մեր հանրության հետ այս «պղծումի» երթից հետո: Նա երեւի նույնիսկ հմայված է Եռաբլուրի այդ օրվա մարտերի տեսարաններով: Ուղղակի տեղեկացնեմ, որ 2020թ. դեկտեմբերի 19-ից հետո նրա առջեւ այլեւս փակ են բոլոր սրբավայրերը, ներառյալ՝ Ծիծեռնակաբերդի բարձունքն ու Սարդարապատը: