Անիշխանություն, կոռուպցիա, քովիդ

Անիշխանություն, կոռուպցիա, քովիդ

Հասարակությունը նոյեմբերի 9-ից հետո խոր ընկճախտի մեջ է, կառավարությունը նույնպես ընկճախտի մեջ է: Պետական հաստատությունները չեն աշխատում: 

Շենգավիթի Արարատյան փողոցի բնակիչ Հայկ Գ․-ի ջերմությունը դեկտեմբերի 19-ին բարձրանում-հասնում է 38,6 աստիճանի: Շտապօգնություն է կանչում, որը շատ արագ է գալիս: Երիտասարդ բժիշկն արձանագրում է․ «Թոքերում ինչ-որ պրոցես կա», սակայն հրաժարվում է հիվանդին տեղափոխել հիվանդանոց․ «Դուք ինքներդ կարող եք գնալ»: «Դա բավարար չէ, դեռ մի թուղթ էլ տվեց, ասում է՝ ստորագրեք: Երբ սկսեցինք կարդալ, թե ինչի տակ պետք է ստորագրենք, բժիշկն ասաց. «Իրավունք չունեք ծանոթանալու, ուղղակի ստորագրեք»»: Զայրացած տանտերերը դուրս են հրավիրում շտապօգնության բժշկին, վերջինս հոխորտում է, թե ում ուզում եք, բողոքեք, թքած ունեմ: Կատարվածի մասին փորձեցինք ստանալ առողջապահության նախարարության արձագանքը: Ասացին՝ շտապօգնությունը քաղաքապետարանի ենթակայության կառույց է, նախարարությունը ոչինչ անել չի կարող: Համավարակի դեմ պայքարող պարետատունը ընդամենը 5 ամիս առաջ հանրապետության ամենաակտիվ կառույցն էր: Տուգանքներ էր սահմանում դիմակ չկրելու համար, վարակակիրներին պարտադրում էր մեկուսանալ, խանութներ ու սրճարաններ էր փակում, ԶԼՄ-ներին էր պատժում, որ իբր խուճապ չտարածեն: Պարետ Ավինյանի սահմանած կանոնները խախտելը հավասարազոր էր աշխարհի վերջին: Այսօր Covid-19-ը հաղթել է պարետին, ինչպես թուրքը՝ Նիկոլին: Բացահայտված դեպքերը հազարներով են հաշվվում, սակայն դիմակ կրելու պարտադրանքը վերացել է, ոստիկաններն անդիմակ «ֆռֆռում» են, երթուղայինները լեփ-լեցուն են, քաղաքացին վարակից պաշտպանված չէ, բժիշկների մեծամասնությունը վաղուց թքած ունի կորոնավիրուսով հիվանդների վրա:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մուտքի կողային դռան մոտ ռենտգեն-նկարահանման համար հերթ է: Մոտեցողը գրիչը վերցնում, իր անուն-ազգանունը գրում է գետնին դրված թղթի վրա: Բոլորն օգտվում են նույն գրիչից: Այստեղ են ուղարկում կորոնավիրուսի կասկածանքով հիվանդներին: Նրանք ժամերով կանգնած են քամու տակ: Հերթը դանդաղ է առաջ գնում: Անգամ առողջ մարդու համար այս քամուն մեկ ժամ կանգնելը փորձություն է: Այս հերթում կանգնելուց հետո վատթարացումը երաշխավորված է: Գրանցվածների կեսը չի դիմանում՝ հեռանում է,  առանց նկարվելու: Ռենտգեն ապարատը սպասարկում է միաժամանակ 3 հաստատություն՝ Արտաշիսյան պոլիկլինիկայի մեծահասակների ու փոքրահասակների բաժանմունքին եւ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ին: Կորոնավիրուսի դեմ պայքարի համար Հայաստանն Արեւմուտքից եւ այլ դոնոր կազմակերպություններից մոտ 429 միլիոն դոլար աջակցություն է ստացել, որոնց մի մասը պետք է օգտագործվեր ախտորոշիչ տեխնիկայի, բուժսարքավորումների ձեռքբերման վրա։ Սակայն ամենուրեք հերթեր են, անհրաժեշտ սարքավորումներ չկան:

Ամենաբարձր մակարդակով խոսվում է կոռուպցիոներներին պատժելու մասին, այդ հակակոռուպցիոն աղմուկի տակ կոռուպցիոներները շարունակում են իրենց սեւ գործը: