Ոչ ոք Հայաստանից չի պահանջում արագ-արագ Ադրբեջանի հետ սահմանազատում անել 

Ոչ ոք Հայաստանից չի պահանջում արագ-արագ Ադրբեջանի հետ սահմանազատում անել 

Հարցազրույց ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւի հետ

- Պարոն Եվսեեւ, նոյեմբերի 9-ի լույս 10-ի հայտարարության բաց տեքստից բացի հնարավո՞ր է այլ կետեր էլ լինեն համաձայնագրի գաղտնի հավելվածում։

- Երեւի թե ոչ։ Սա, ավելի ճիշտ՝ ադրբեջանական ապատեղեկատվություն է, որի նպատակն իր էքսպանսիոնիստական նկրտումները հիմնավորելն է։ Ավելի ճիշտ՝ ուրիշի տարածքի նկատմամբ հավակնությունները։ Կարծում եմ՝ նրանք հատուկ են տարածում այդ տեղեկատվությունը, որպեսզի, նախ, էլ ավելի խարխլեն հայ-ռուսական ռազմական համագործակցությունը եւ, երկրորդ՝ խուճապ ստեղծեն Հայաստանում։ Կարծում եմ՝ Հայաստանի վերաբերյալ որեւէ գաղտնի պայմանավորվածություններ չեն եղել ու չկան, որ էլի ինչ-որ մի բան պետք է տրվի ինչ-որ մեկին։

- Այս պահին ընթանում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատում, որով, ըստ էության, վերադառնում ենք խորհրդային վարչական սահմաններին։ Բայց չէ՞ որ սա իրատեսական չէ, ԽՍՀՄ-ում չկար այն տրամաբանությունը, որ հարեւանը կարող է հարձակվել, գերեվարել, գլխատել, ուստի հստակ սահմանազատում չի կատարվել։ Եվ այստեղ ՌԴ մեղքը չե՞ք տեսնում, որ նման գործընթացով հետագա հակամարտության համար ականներ է դրել։

- Ռուսաստանը դրան որեւէ առնչություն չունի, քանի որ ընդհանուր սահմաններ չունի Հայաստանի համար։

- Խոսքը ԽՍՀՄ տարիներին գծված սահմանների մասին է։ 

- Հետխորհրդային տարածքի երկրներից շատերը չունեն սահմանների դեմարկացիա։  Օրինակ՝ Ռուսաստանի ու Ուկրաինայի սահմանները դեմարկացված չեն։ Բայց սրա պատճառով որեւէ պրոբլեմ չկա, անգամ եթե նկատի ունենանք նավերի առգրավումը եւ այլն։  Ավելի ճիշտ՝ սահմանների դեմարկացիան չի երաշխավորում, որ պատերազմ չի լինի։ Եվ ասեմ, որ այն միշտ չէ, որ պարտադիր է։ Աշխարհի շատ պետություններ սահմանների դեմարկացիա չունեն, բայց չեն պատերազմում։ Իսկ դրանց առկայությունն էլ, հակառակը՝ չի երաշխավորում պատերազմից։ Այնպես որ, դեմարկացիա, ըստ իս, կարող է լինել այնտեղ, որտեղ կողմերը համաձայն են։ Երկուսն են համաձայն, ոչ միայն Բաքուն։ Ադրբեջանի այս ռազմական ներուժը, հասկանում եք, կրճատվելու է։ Այն բանակը, որը հիմա ունի Ադրբեջանը, երկար չի կարողանալու պահել։ Այնպես որ, հիմա ամենագլխավորը ժամանակ շահելն է։ Դեմարկացիան 100 տարի էլ կարելի է քննարկել ու ոչ մի բանում չպայմանավորվել։ Կրկնում եմ՝ ոչ ոք Հայաստանից չի պահանջում արագ-արագ Ադրբեջանի հետ սահմանազատում անել։

- Ինչպե՞ս թե՝ չի պահանջում, այդ դեպքում ի՞նչ է հիմա կատարվում մեր սահմաններին։

- Հասկանո՞ւմ եք՝ դա պահանջում է Ադրբեջանը։ Բայց դա չի նշանակում, որ Հայաստանը դրա հետ պետք է համաձայնի։ Կարծում եմ՝ հիմա, քանի դեռ Ադրբեջանը ռազմական առումով ուժեղ է, միշտ ինչ-որ բան է պահանջելու։ Հավատացեք՝ կանցնի որոշ ժամանակ, եւ նա ստիպված կլինի զբաղվել ոչ թե պահանջներով, այլ սեփական երկրով, երկիր, որտեղ միլիոնավոր մարդիկ արտագնա աշխատանքի են մեկնում, չեն կարողանում սեփական երկրում աշխատանք գտնել։ Կարծում եք՝ այս պետությունը երկա՞ր է իր ռազմական ներուժը պահպանելու, հիմա իրենց կուլմինացիան է։  Այդ բանակն իր գրպանի բանը չէ, ուղղակի հիմա կոշտ ասում է՝ ոչ, ու վերջ։ 

- Իսկ եթե ՀՀ-ն հրաժարվի, դա չի՞ բերի նոր պատերազմի։

- Ոչ։ ՀՀ տարածքում ռազմական գործողությունները ենթադրում են ՌԴ-ի միջամտություն, ինչպես գիտեք։ Դուք ոչ թե հրաժարվում եք, այլ ասում՝ եկեք քննարկենք․ ԼՂ հակամարտության հարցը քննարկել են 26 տարի։

- Այսինքն, նոր բանակցություններ՝ հիմա էլ դեմարկացիայի՞ հարցով։

- Ես ասում եմ, որ այդ հարցը կարելի է քննարկել, ներկայացնել հակընդդեմ հավակնություններ։ Չի կարելի մշտապես լսել այն, ինչ ասում է Ադրբեջանը։

- Մեզ տված հարցազրույցում Սեմյոն Բաղդասարովը հայտարարել էր՝ մոռացեք ՀԱՊԿ-ի մասին, այն ոչինչ է, մինչեւ չլինի միութենական պետության համաձայնագիր՝ լիարժեք՝ կոորդինացված արտաքին քաղաքականությամբ, ընդհանուր տնտեսական գոտի, ոչինչ չի լինի։ Իրատեսակա՞ն եք համարում սա, եւ որքանո՞վ է այս տեսակետը տարածված Ռուսաստանի քաղաքական, քաղաքագիտական շրջանակներում։

- Կարծում  եմ՝ սա ավելի շատ իմ կողմից շատ հարգված Սեմյոն Բաղդասարովի կարծիքն է, որովհետեւ ՌԴ-ՀՀ միութենական պայմանագրի համար նախ պետք է լինի հաջողված փորձ՝ ՌԴ-Բելառուս միութենական պետության։ Այսինքն՝ եթե դա լիներ, լիներ ընդհանուր արժույթ, այլ քայլեր, որոնք մինչ օրս արված չեն, ապա զուտ հիպոթետիկ հնարավոր կլիներ խոսել այդ մասին, բայց տվյալ դեպքում, երբ ՀՀ-ն գտնվում է բարդ իրավիճակում, անորոշությունների մեջ, որոնք վերաբերում են իր բարձրագույն իշխանությանը, երբ կա միաժամանակյա ձգտում՝ ամրացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ մի կողմից, եւ մյուս կողմից՝ Արեւմուտքի հետ, այսինքն՝ ԵԱՏՄ անդամակցություն եւ միեւնույն ժամանակ՝ ԵՄ-ի հետ համաձայնագիր, այս ամենը, չէի ասի, թե բացառում է, բայց սահմանափակում է դրա հնարավորությունը, նույնիսկ՝ նմանատիպ հարցեր քննարկելու։ Գումարած այն, որ Հայաստանում ոչ բոլորն են դրա կողմնակիցը։

- Այո, այդպես է։

 - Այնպես որ, կարծում եմ՝ իր կարծիքն է, ու չունեմ էլ հաստատում, թե նման հարց քննարկվում է։ Սրա մասին առնվազն վաղ է խոսելը, որովհետեւ նման բաների մասին խոսելուց առաջ անհրաժեշտ է վերականգնել մեր ռազմաքաղաքական համագործակցությունը։ Այն ոչ միայն Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ է թուլացել, այլեւ շատ ավելի վաղ։ Այսինքն՝ ինչպե՞ս կարելի է Հայաստանի ու ՌԴ-ի միջեւ միութենական պետության հարց բարձրացնել, եթե ռազմաքաղաքական համագործակցությունն այդքան թույլ է, եւ Հայաստանին էլ հիմա պետք է ներսում ամրանալ։ Եվ Ռուսաստանը, իհարկե, այդ հարցում Հայաստանին կօգնի, բայց այլ մեթոդներով։

- Իսկ Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է իր վրա վերցնել այդ առաքելությունը, այն, ինչ ասացիք՝ վերականգնել ռազմաքաղաքական համագործակցությունը։

- Այդ քաղաքական ֆիգուրը հիմա շատ թույլ է։ Ես, առհասարակ, կարծում եմ, որ նա քաղաքական ապագա չունի։ Սա իմ անձնական կարծիքն է, կարծում եմ, որ երեւի թե երկրի ղեկը պետք է վերցնեն այլ քաղաքական ֆիգուրներ։ Բայց սա Հայաստանի ներքին հարցն է, հայերի ընտրության հարցը, ո՛չ Ռուսաստանի։ Ինքներդ պետք է կարգավորեք վարչապետի, խորհրդարանի կազմին առնչվող այդ հարցերը, արտաքին քաղաքականությանը վերաբերող։ Կարծում եմ՝ առավել արդյունավետն ու նպատակահարմարն այս պահին Հայաստանի համար դա է։

- Հայաստանում շատերը կարծում են, որ Նիկոլ Փաշինյանի՝  իշխանության մնալը ձեռնտու է ՌԴ-ին, որպեսզի ավարտին հասցնի իր գործը, հետո «մավրը կարող է հեռանալ»։

- Ասեմ իմ անձնական կարծիքը․ ես կարծում եմ, որ նրա իշխանությանը մնալն իսկ բերեց այն ողբերգությանը, որը տեղի ունեցավ ԼՂ-ում։ Ռուսաստանին սա պետք չէր, Ռուսաստանը խառնվեց, որովհետեւ այլ տարբերակ չկար։ Եվ թեպետ Ռուսաստանը խաղաղապահների մասին նախկինում խոսում էր, նրանց տեղակայումն Արցախում հարկադրված էր։ Փաշինյանն էլ դրան հարկադրված գնաց՝ ոչ այն պատճառով, որ ուզում էր, այլ՝ որովհետեւ ստիպված էր։ 7 շրջաններն արդեն տրված են, դրանք ձեզ ոչ ոք չի վերադարձնի։ Առայժմ դրա համար իրական հնարավորություն չեմ տեսնում։ Այնպես որ, «առաքելությունը», Ձեր ձեւակերպմամբ՝ արդեն իրականացված  է։ Բայց նորից եմ ասում՝ եթե նրա տեղում այլ ֆիգուր լիներ, իրավիճակը գուցե պակաս ողբերգական լիներ։ Այնպես որ, ամփոփեմ՝ նա արեց այն, ինչ չէր կարող չանել ստեղծված իրավիճակում։ Բայց սա բնավ չի նշանակում, որ նա ՌԴ-ի համար օպտիմալ տարբերակ է։ Մեր համար օպտիմալ տարբերակը նա է, ով կամրապնդի այդ հարաբերությունները, իսկ դրա համար, այնուամենայնիվ, այլ քաղաքական ֆիգուր է հարկավոր։