Հանրային մուլտիպլեքսում կհայտնվեն նոր հեռուստաընկերություններ

Հանրային մուլտիպլեքսում կհայտնվեն նոր հեռուստաընկերություններ

Ինչպես հայտնի է, դեռ օգոստոս ամսից սկսվել են հանրային մուլտիպլեքսի մրցույթները՝ սլոթների համար։ Մեծ թվով հեռուստաընկերություններ են դիմել՝ եթերի հնարավորություն ստանալու համար։ Եվ հունվարին ամփոփվելու է թվային մուլտիպլեքսի հաճախությունների մրցույթը: Այս օրերին Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն ուսումնասիրում է մրցույթին հայտ ներկայացրած հեռուստաընկերությունների ծրագրերը։ Մինչեւ մրցույթի ավարտը հանձնաժողովը չի մեկնաբանում մրցույթի ընթացքը, սակայն մեր աղբյուրները տեղեկացնում են, որ այս պահին նախնական ուսումնասիրության է ենթարկվել ներկայացված ծրագրերի մեծ մասը: Օրենքում ամրագրված գնահատման չափորոշիչների համաձայն՝ հանրապետական սփռման մեկ-երկու հեռուստաալիք (նշվում են «Կենտրոնը», Հ2-ը կամ «Շանթը») կարող են տեղափոխվել մայրաքաղաքային ծածկույթի սփռման գոտի: Այսինքն՝ նրանք այլեւս ողջ հանրապետությունով մեկ չեն հեռարձակվելու, այլ միայն՝ մայրաքաղաքում։

Ներկայացված փաստաթղթերի ոչ լիարժեքության պատճառով լիցենզիա կարող են չստանալ «Նոր Հայաստան» հեռուստաընկերությունը եւ առաջին անգամ մրցույթին մասնակցող 1in.am կայքը, որը պատկանում է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին:

Բազմաթիվ թերություններ ունի նաեւ հաճախությունների համար հայտ ներկայացրած Հանրային հեռուստաընկերության լրատվական ալիքը, սակայն պարզ է, որ այն մրցույթից «դուրս է»: ՀՌՀ անդամ մեր զրուցակիցը նշեց, որ քաղաքական որոշումներ չեն կայացվելու, այսինքն՝ 5-րդ ալիքը եւ «Արմնյուզը» ստանալու են հաճախականություն։ Սակայն, այնուամենայնիվ, մրցույթի արդյունքում հանրային մուլտիպլեքսում կհայտնվեն նոր հեռուստաընկերություններ, իսկ մի քանի գործող ընկերություններ թերի ծրագրեր ներկայացնելու պատճառով կզրկվեն լիցենզիայից կամ կտեղափոխվեն սփռման ավելի փոքր տիրույթ: ՀՌՀ-ն առաջնորդվելու է «ո՛չ շիշը, ո՛չ քյաբաբը» տարբերակով։ Ով իմանա՝ առջեւում ինչ քաղաքական փոփոխություններ են մեզ սպասվում։