Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի բուժման համար նախատեսված դեղամիջոց

Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի բուժման համար նախատեսված դեղամիջոց

Ռուսաստանի Առողջապահության նախարարությունը գրանցել է եւս մեկ դեղամիջոց, որը նախատեսված է կորոնավիրուսի բուժման համար։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ՌԴ ԱՆ տարածած հայտարարությունը։ Գրանցված դեղամիջոցը կոչվում է «Լեւիլիմաբ», ապրանքային անունը՝ «Իլսիրա»։ Այն նախատեսված է հատկապես ծանր ընթացք ունեցող կորոնավիրուսով հիվանդացության համար, երբ ախտահարվում են թոքերը եւ առկա է վտանգ մարդու կյանքի համար։

Դեղամիջոցը արտադրվում է Biocad ընկերության կողմից։ Այն ռուսական արտադրության ինտերլեյկին-6-ի ինգիբիտոր է։ Նախապես դեղամիջոցը նախատեսված է եղել ռեւամտոիդային արտրիտի բուժման համար։ Սա արդեն երկրորդ պրեպարատն է, որը գրանցվում է Ռուսաստանում։

Նշենք, որ գրանցումը տրվել է հատուկ ռեժիմով եւ երրորդ փուլի կլինիկական փորձարկումները դեռ ընթացքի մեջ են։ Այն թույլատրվում է ընդունել միայն ստացիոնար բուժման մեջ գտնվողներին։ Հակացուցված է երեխաներին եւ մինչեւ 18 տարեկան անձանց, հղիներին, կրծքով կերակրող կանանց եւ ծանր լյարդի անբավարարություն, սուր բակտերիալ ինֆեկցիաներ ունեցող մարդկանց, ներառյալ նաեւ թոքախտը։