Հաս Չախալյան. Երկիր ջան

Հաս Չախալյան. Երկիր ջան

Ռեզյումե

Ծնվել էի`
երկրումս
գրքեր էին վառվում,
հիմա մեկ-մեկ
լսում եմ դրանց լացը,
որովհետեւ գրքերի մեջ
դանդաղ ճտճտացող
մարդիկ կային...

 

Հող

Մի քիչ երկրի
մի քիչ հողն է մայրս,
մի քիչ մորս
մի քիչ հողն եմ ես…

 

Ծովից ծով

Ես պստիկ ճայ եմ,
ինձ չի խաբել
Արարատի երազը,
քո մասին էպոս են գրել
դատարկված տները
սահմանամերձ գյուղերի.
արի՛
ոտնահետքս թողնեմ
ծովիդ վրա
ու գնամ՝
տիեզերքը
քեզ համար
նվաճելու
ծովից ծով
պուճուր
Երկիր ջան։

 

Փամփուշտ

Չկրակե՛ս ինձ
Երկիր ջան.
մեռնելուց հետո
մարմինը հող է
դառնում,
հոգին մարմին
չի դառնում
նորից։
Ուղղակի
ծաղիկները
նետվում են իրար վրա,
ուղղակի
հավաքվում են
ապրողները՝
չապրողների միջից
հանված
փամփուշտներին
հրաժեշտ
տալու…

 

Պատերազմ

Երկիր ջան
90-ականներին
անկյուն էիր
կանգնեցնում
շատ խոսելու պատճառով,
որովհետեւ պատերազմը
ձանձրալի
դասաժամ էր.
մեկը բարձրացրել էր
հացը ձեռքի
հերթի մեջ,
մյուսը երգում էր
ժամով լույսի երգը.
մութը վառելով
ծափահարեցիր,
չտեսար՝
բացակաները
գնում էին
հողումդ
մարմին
տալու
ապագայի
համար։

 

Գարունը

Իմ երկրում
մարդիկ
ծառեր են,
իմ երկրում
ծառերը
մարդ չեն.
կացինն
առ
ու կոտրի՛ր
քեզ,
բայց
գարունը
սիրուն
եղանակ է
ուղղակի
ապրելու...

 

Կորիզ

Դատարկ
բեռ եմ
Երկիր ջան,
ինձ էլ
քեզ հետ
վերցրո՛ւ,
կգցես
մի կողմ,
սակայն
ծիրանի
կորիզ
չեմ
դառնա
աղբանոցումդ…

 

Քար

Դու եղար
երազի նման
Երկիր ջան.
մամաս հետս լավաշ է դնում,
տատս՝ կանաչի,
իսկ պապաս՝ գաղտնի արցունքներ,
ինձ հրում են դռնից ճամպրուկները,
ինձ համար հաչում է մեր շունը -
ինչքան սիրուն ռոք է հեռանալը,
ինչքան դատարկ հող եմ ես:
Էս կյանքը ինչ-որ մեկի տխուր
անցակետն է,
կանցնես ու չես գնա,
կանցնես, ու շորերդ
թափթփված կմնան գետնին...
չէ, էս Գիքորի մասին
պատմությունը չի,
ես էլ Թումանյանը չեմ,
էս իմ պուճուր քարն ա,
քեզնից
պիտի նետեմ
ծովը -
կներես…

 

Արտագաղթ

Արդուկում եմ
վերնաշապիկդ
Երկիր ջան,
իմացիր`
արտագաղթը
ճմրթվում է մարդկանց ներսից.
շուտով
մի ուրիշն էլ
կհեռանա հիվանդասենյակիցդ`
թողնելով
քեզ
տկլոր
աթոռին
երազանքի:

 

Մարմնի հողակտոր

Էս երկիրս
կարկուտ դարձավ
ու անձրեւ,
անձրեւի հետ՝
պատերազմ-
պուճուր մարդիկ
զոհվեցին ծիրանենիների
տակ,
պուճուր մեղուները
կարմիր շորեր հագան
կանանց համար,
որոնք կամ տղա զավակ էին
կորցրել,
կամ սիրած տղամարդ,
էս երկիրս մարմնի մեծ հողակտոր է,
ուրիշ ոչինչ։

 

Խաղող

Սա է իմ երկիրը:
հեռավոր աստղերի տակ
տատս ասաց՝ խաղողի մեջ լաց կա
հավատա, որ երկնքից չընկնես.
սա է իմ երկիրը`
չորացրած ռեհան
ու խաղողի կանաչ թփեր,
որով
փաթաթում եմ ամեն օր
տատիս սիրտը.
խաղողի մեջ լաց կա
ու մի քիչ հայրենիք՝
ինքդ քո ներսը վերադառնալու։

 

Վերջերգ

Իմ պոեզիան
փչակներում
ապրող
ու տներում
մեռնող
մարդկանց
մասին է,
իսկ ես
նախընտրում եմ
ծովը.
այնտեղից
չի գտնի,
չի գտնի
իմ երկիրն
էլ ինձ։
 

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ