Քանի դեռ ես ԱՄՆ նախագահն եմ, Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա. պետք է միասին աշխատենք Իրանի հետ գործարք կնքելու ուղղությամբ. Թրամփ

Քանի դեռ ես ԱՄՆ նախագահն եմ, Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա. պետք է միասին աշխատենք Իրանի հետ գործարք կնքելու ուղղությամբ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Իրանի կողմից Իրաքում ամերիկյան բազաների դեմ հարձակմանն ու իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը, տեղեկացնում է CNN–ը:

«Քանի դեռ ես Միացյալ Նահանգների նախագահն եմ, Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ Իրանը տարիներ շարունակ աջակցել է ահաբեկչությանը:

«Իրանական միջուկային ծրագրի շուրջ կնքված պայմանագրի ժամկետը շուտով կսպառվի, ինչն էլ հնարավորություն կտա Իրանին միջուկային առաջնընթաց գրանցել: Իրանը պետք է մոռանա միջուկային զենքի շուրջ իր հավակնությունները և վերջ դնի ահաբեկչությանն աջակցելուն: Մենք պետք է բոլորս միասին աշխատենք Իրանի հետ գործարք կնքելու ուղղությամբ, որն աշխարհն ավելի անվտանգ և խաղաղ կդարձնի»,- ասել է Թրամփը:

Անդրադառնալով այսօր ավելի վաղ ամերիկյան ավիաբազաների ռմբակոծմանը՝ ԱՄՆ առաջնորդը հայտարարել է, որ ոչ մի ամերիկացի չի զոհվել, քանի որ ամերիկյան նախազգուշացման համակարգերըը շատ լավ են աշխատել: 
Հիշեցնենք, որ իրանական աղբյուրի հաղորդմամբ՝ Էրբիլ և Անբար նահանգներում իրականացված ավիահարվածների հետևանքով 80 մարդ էր զոհվել:

Թրամփը Ղասեմ Սոլեյմանիի սպանության մասին հայտարարել է, որ «նա ահաբեկիչ էր և նոր հարձակումներ էր ծրագրում ամերիկյան ուժերի ուղղությամբ»:

«Նա ահաբեկիչների բանակ էր վարժեցնում, այդ թվում և «Հեզբոլլահը»: Նա արյունալի քաղաքացիական պատերազմներ է հրահրել ողջ տարածաշրջանում: Նա վիրավորել և սպանել է հազարավոր ամերիկացի զինվորականների»,- ասել է ԱՄՆ նախագահը: