Ի՞նչ տվեց եռաչափ հանդիպումը

Ի՞նչ տվեց եռաչափ հանդիպումը

Ներողություն եմ խնդրում Արցախի Հանրապետության երկու նախկին նախագահներից, սակայն կաթողիկոսի հովանավորությամբ հանդիպումն իրապես եռաչափ էր: Եթե կարելի է, իհարկե, ՀՀ երեք նախկին և Արցախի երկու նախկին նախագահների հանդիպման ձևաչափը բնութագրել որպես եռաչափ: Ինչևէ, անցնելով բովանդակությանը, ասենք անմիջապես՝ այն ոչինչ էլ չտվեց: Կարող էր, իհարկե, գոնե նրանց համախոհների միավորմանը հանգեցնել, բայց դա էլ չեղավ: Լավագույն լուծումը կլիներ, որ ՀՀ առաջին նախագահը համաձայն լիներ ոչ միայն առկա իրականության գնահատականին՝ տրված իր կամ ընդդիմության կողմից, այլև դրանից ելքերի վերաբերյալ դատողություններին: Բայց ի սկզբանե երկրորդ հարցի առումով կար կասկած և այն իրողություն դարձավ: ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների՝ ակտիվ պայքարի գաղափարը դեմ առավ ՀՀ առաջին նախագահի պարտվողականության պատին: Եվ հերթական անգամ վկայվեց, որ տարիքը ոչինչ չի փոխում մարդու կյանքում: Բավական կարդացած և խելացի աղջիկս, օրինակ, մի անգամ, երբ հերթական դաստիարակչական հորդորն էի ուղղում իրեն, ասաց. «Դու ուշացել ես, սիրելի հայրիկ. երեխային դաստիարակելու գործընթացն ավարտվում է 15 տարեկանում»: Իսկ ինքն այդ պահին քսանն անց էր:

Իսկապես եթե տարիքն ի զորու լիներ ինչ-որ բան փոխել, ապա 1997-98 թվականի Տեր-Պետրոսյանը վաղուց արդեն չէր լինի 1992 թվականի նախաաշնանային ժամանակաշրջանի ՀՀ նախագահը: Որովհետև 1994 մայիսի կեսերից հետո փոխվել էր Լեռնային Ղարաբաղի առումով 1992 թվականի ծանր իրադրությունը: Սակայն մարտի դաշտում նահանջի ու պարտությունների շրջափուլի ավարտը նույն երևույթին չհանգեցրեց ՀՀ նախագահի մտածողության մեջ: Եվ 1998-ի սկզբին պարտվողական մտածողությունը չփոխած Տեր-Պետրոսյանը ստիպված եղավ լքել նախագահական պալատը: Սակայն իր այդ մտայնությունը բերեց հասցրեց մեր օրերը՝ հոգեզավակի միջոցով Արցախից հրաժարվելը դարձնելով սևեռուն գաղափար հանուն «սերգոջաների լավ ապրելու»: Արդյունքում «սերգոջաները» լավ չապրեցին, իսկ Արցախի տարածքի մեծ մասի և, Հայաստանի հովանավորությամբ, ինքնիշխանության կորստին հետևեց Հայաստանի Հանրապետության անկումը գոյության պայքարի հորձանուտը:
Ակտիվ ընդդիմադիր պայքարի և պարտվողականության հանդիպման արդյունքը պետք է լիներ անարդյունք: Եվ դա այդպես էլ եղավ, ու բազմաթիվ մարդկանց ակնկալիքները հերթական անգամ ընկան ջուրը: Իսկ ես վաթսունն անց տարիքում հերթական անգամ համոզվեցի, թե որքան միամիտ ու քաղաքականությունից հեռու է մեր ժողովուրդը: Այն ժողովուրդը, որն ամեն վայրկյան և ամեն տեղ խոսում է քաղաքականությունից: Եթե դա այդպես չլիներ, ապա գոնե գրագետ անձանց մտքով չէր անցնի ինչ-որ ակնկալիքներ ունենալ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների հանդիպումից: Կամ էլ ունկնդրել նրան՝ այս ծանր վիճակից դուրս գալու ելքեր տեսնելու ակնկալիքով: Իսկապես, կապիտուլյացիայից բացի ի՞նչ ելք պետք է առաջարկեր պարտվողական մտածողության տեր անձը: Այն էլ այսօրվա մեր իրավիճակում: Կարծում եմ, որ ասուլիսի ընթացքում իր վերլուծություններում մի տաս գլուխ ավելի բարձր էր ՀՀ երկրորդ նախագահը: Ու մի զարմանալի բան ասեմ. եթե մի հինգ տարի առաջ որևէ մեկն ասեր, որ ես շատ հարցերում համաձայն եմ լինելու Ռոբերտ Քոչարյանի հետ, խիստ, շատ խիստ կզարմանայի: Իսկ այսօր կմտածեմ, որ ինչ- որ բան այն չէ՝  եթե բազմաթիվ հարցերում համաձայն չլինեմ Քոչարյանի հետ: Եվ ոչ թե ես եմ խելոքացել, կամ խելոքացել է Քոչարյանը, այլ կյանքն է մեր դիրքորոշումները բերել իրար մոտ: Հատկապես, որ երկուսս էլ այնքան ճկուն ենք մտածողությամբ, որ կարող են հրաժարվել մեր նախկին հայացքներից, եթե դրանք դադարում են համապատասխանել նոր իրողություններին: Դեռևս անգլիացի պետական գործիչ Ուինսթոն Չերչիլն (1874-1965) է ասել, որ հիմար է այն մարդը, որ երբեք կարծիք չի փոխում: