Ձախողված մարդու հերթական ձախողված հանդիպումը

Ձախողված մարդու հերթական ձախողված հանդիպումը

2022թ. հոկտեմբերի 31-ին Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և օկուպանտ Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դատելով եռակողմ հանդիպման արդյունքներով հրապարակված հայտարարությունից՝ հանդիպումը կարող ենք գնահատել ձախողված հայկական շահերի սպասարկման տեսանկյունից:                         

Հայտարարության մեջ խոսք անգամ չկա Արցախի, ադրբեջանաարցախյան չկարգավորված հակամարտության, այդ հակամարտությունը կարգավորելու նպատակով ստեղծված միջազգային միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի, դրա վերագործարկման հնարավորությունների մասին: Ավելին՝ Արցախը, որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը, հայտարարության մեջ անվանված է «տեղակայման գոտի»:

Հայտարարության մեջ անիրավացիորեն և անարդարացիորեն արտացոլված չեն հայկական կողմի համար խիստ կարևորություն ունեցող հետևյալ առանցքային արձանագրումները՝

• ադրբեջանաարցախյան հակամարտությունը կարգավորված չէ, այն պետք է կարգավորվի համակարտության կարգավորման նպատակով ստեղծված միջազգային միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի շրջանակներում՝ հիմնված միջազգային իրավունքի երեք սկզբունքների այն է՝ ազգերի ինքնորոշման, ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու և տարածքային ամբողջականության, վրա:                   

 Դեռևս 2022թ. փետրվարի 17-ին և հունիսի 8-ին Եվրոպական խորհրդարանն ընդունել է բանաձևեր, որտեղ արձանագրել է, որ ադրբեջանաարցախյան հակամարտությունը կարգավորված չէ և ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է այս հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափը՝ տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման, ինքնորոշման և հավասար իրավունքների և հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքների հիման վրա. կոչ է անում արագ վերադառնալ իր միջնորդական դերին: 

• Արցախի հայությունն իրացրել է միջազգային իրավական ակտերով և ԽՍՀՄ օրենսդրությամբ, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ և «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ 1990թ. ապրիլի 3-ի օրենքով սահմանված ինքնորոշման իր իրավունքը, և դրա իրացման փաստը պետք է ստանա միջազգային ճանաչում: 

• 2020թ. դեկտեմբերի 12-ին օկուպանտ Ադրբեջանի զինված կազմավորման ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին կետը (ըստ որի Հայաստանը և Ադրբեջանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում), օկուպացրել են Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը, մինչ օրս գտնվում են այնտեղ և պետք է անհապաղ, առանց նախապայմանների դուրս գան նշված տարածքներից ու վերադառնան ելման դիրքեր:

• 2021թ. մայիսի 12-ին Ադրբեջանի զինված կազմավորման ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, մասնավորապես՝ 2-րդ հոդվածի 4-րդ մասը՝ ըստ որի բոլոր անդամները միջազգային հարաբերություններում ձեռնպահ են ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ և/կամ Միավորված ազգերի նպատակներին անհարիր որևէ այլ ձևով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից, ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք, օկուպացրել են ՀՀ Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի որոշ հատվածներ, մինչ օրս գտնվում են այնտեղ և պետք է անհապաղ, առանց նախապայմանների դուրս գան նշված տարածքներից ու վերադառնան ելման դիրքեր: 

• 2022թ. մարտի 24-ին օկուպանտ Ադրբեջանի զինված կազմավորման ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին կետը (ըստ որի Հայաստանը և Ադրբեջանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում), օկուպացրել են Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը, գյուղի շրջակայքը, Քարագլուխ նախկին բնակավայրը, համանուն բարձունքը և հարակից տարածքները, մինչ օրս գտնվում են այնտեղ և պետք է անհապաղ, առանց նախապայմանների դուրս գան նշված տարածքներից ու վերադառնան ելման դիրքեր:

• Օկուպանտ Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր հայ գերիները, պատանդները և պահվող այլ անձինք պետք է անհապաղ, առանց նախապայմանների ազատ արձակվեն և վերադարձվեն Հայաստանի Հանրապետություն:                                  

Դեռևս 2021թ. մայիսի 19-ին Եվոպական խորհրդարանն ընդունել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին հակամարտությունից հետո ռազմագերիների մասին» բանաձև, որով պահանջել է անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ գերիներին՝ զինվորական և քաղաքացիական, որոնք կալանավորվել են հակամարտության ընթացքում և դրանից հետո, և որ Ադրբեջանը հետագայում ձեռնպահ մնա կամայական ձերբակալություններից, կոչ է արել կողմերին ամբողջությամբ կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի հայտարարությունը, որը նախատեսում է ռազմագերիների, պատանդների և այլ կալանավորների, ինչպես նաև ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների աճյունների փոխանակում: 

Հարկ է նկատել, որ ՌԴ նախագահի հետ երկկողմ հանդիպման ժամանակ օկուպանտ Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևը մասնավորապես հայտարարել է հետևյալը. «Ղարաբաղյան հակամարտությունն արդեն պատմություն է, այն լուծվել է երկու տարի առաջ, ուստի այս համատեքստում գործնականում քննարկելու բան չկա։»:            

Ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ նման կարծիք ունեցող Իլհամ Ալիևի հետ միասին ստորագրելով վերոհիշյալ եռակողմ հայտարարությունը՝ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, իր համախոհությունն է հայտնել օկուպանտ Ադրբեջանի սուլթանին, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը ևս կարծում է, որ ադրբեջանաարցախյան հակամարտությունը կարգավորվել է:                                    

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կարող ենք պնդել, որ Նիկոլ Փաշինյանի նման մոտեցումն իր էությամբ հակաարցախյան մոտեցում է և կատարելապես հակասում է Արցախի ամբողջ, իսկ Հայաստանի հայության մեծ մասի դիրքորոշմանը, դեմ է Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների ազգային, պետական շահերին:                     

Արցախի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում բնակվող հայ ժողովուրդն այս պահին ունի մեկ կենսական կարևորության ազգային խնդիր. համազգային ուժերի գերլարմամբ իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին: Իշխանությամբ օժտված Նիկոլ Փաշինյանը գոյութենական կամ էքզիստենցիալ սպառնալիք է Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում բնակվող հայության համար:


ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ

քաղաքագետ