Ռուսաստան-Թուրքիա «եղբայրության» ավարտը. ինչպես այն կանդրադառնա մեր տարածաշրջանի վրա

Ռուսաստան-Թուրքիա «եղբայրության» ավարտը. ինչպես այն կանդրադառնա մեր տարածաշրջանի վրա

Հոկտեմբերի 29-ի առավոտյան ուկրաինական անօդաչուները ծովից եւ երկնքից խոցել էին Սեւաստոպոլի նավահանգստում կայանած ռուսական նավատորմի նավերը: Ի պատասխան՝ Ռուսաստանը հայտարարեց, որ դուրս է գալիս «հացահատիկային գործարքից», որը կնքվել էր Թուրքիայի միջնորդությամբ, եւ որի շնորհիվ ուկրաինական հացահատիկն ու պարարտանյութերն արտահանվում էին միջազգային շուկաներ: Թուրքիան այդ գործարքից հսկայական ֆինանսական շահույթ էր ստանում, եւ դրա շնորհիվ էապես մեծացել էր Թուրքիայի միջազգային կշիռը: Ռուսական կողմի հայտարարությունից ժամեր անց Թուրքիան, Ուկրաինան եւ ՄԱԿ-ը նոր համաձայնության եկան հացահատիկով բարձված 14 նավ թուրքական նավահանգիստներ ուղեկցելու մասին: Թուրքիան «հացահատիկային գործարքից» դուրս թողեց Ռուսաստանին՝ ցույց տալով, որ ընդունակ է ինքնուրույն ապահովել ուկրաինական հացահատիկով բարձված նավերի անվտանգությունը: Ճիշտ է` դրան զուգահեռ, տեղեկություններ տարածվեցին, թե թուրքական կողմը բանակցությունների մեջ է Ռուսաստանի հետ, որը թույլ կտա վերականգնել գործարքը, բայց դա էական չէ:

Թուրքիայի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի համատեղ գործարքից հետո Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարեց, որ ստորջրյա անօդաչու սարքերը ռուսական նավահանգիստ հասնելու համար օգտագործել են «հացահատիկային գործարքի» համար օգտագործվող երթուղին: Բացի այդ, ըստ Ռուսաստանի ՊՆ-ի, ստորջրյա անօդաչուներն արձակվել են քաղաքացիական նավերից, ենթադրաբար՝ այն նավերից, որոնք նախատեսված են հացահատիկի արտահանման համար, սակայն օգտագործվում են Ռուսաստանի դեմ հարձակում իրականացնելու համար: Սրանով Ռուսաստանը հասկացնել տվեց, որ հացահատիկ արտահանող նավերն իր կողմից կարող են դիտարկվել որպես օրինական թիրախներ: Թուրքիան հանձն է առել՝ ապահովել Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկ արտահանող նավերի անվտանգությունը, իսկ Ռուսաստանը դրանք դիտարկում է որպես խոցման թիրախներ: Կողմերից ո՞ր մեկը տեղի կտա, թե՞ մենք կարող ենք ականատես լինել ռուս-թուրքական ուղիղ հակամարտությանը Սեւ ծովում, որը կարող է տեղափոխվել այլ տարածաշրջաններ եւս:
Ռուս-թուրքական դաշինքի ավարտն ինչ-որ տեղ սպասելի էր:

Թուրքիան չէր կարող երկար ժամանակ կոմպլեմենտար կամ փոխլրացնող քաղաքականություն իրականացնել. մի կողմից՝ զինելով Ուկրաինային եւ Ռուսաստանին մեղադրելով` միջազգային իրավունքը խախտելով, հարեւան երկրի տարածք ներխուժման մեջ, մյուս կողմից՝ տնտեսական լայն համագործակցություն իրականացնել Ռուսաստանի հետ, ապահովելով ռուսական նավթի ու գազի անխափան արտահանումը միջազգային շուկաներ, հնարավորություն տալով Ռուսաստանին՝ վաստակել պատերազմ վարելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ եւ ապահովելով Ռուսաստան երկակի ներմուծման ապրանքներ, որոնք անհրաժեշտ են արդյունաբերության համար: Թերեւս Թուրքիայի իշխանությունները հասկացան, որ Ռուսաստան-Արեւմուտք հակամարտությունը հասել է այնպիսի կրիտիկական կետի, որ այլեւս խաղալն անհնար է, թերեւս հաշվեցին, որ այդ հակամարտությունում նժարը թեքվել է դեպի Արեւմուտք, Ռուսաստանն այն վիճակում է, որ եթե իրենք էլ անցնեն հավաքական Արեւմուտքի կողմը, ապա Ռուսաստանի պարտությունն այլեւս անխուսափելի կլինի՝ հնարավորություն տալով պատերազմի ավարտից հետո օգտվել հաղթողի իրավունքից: Առաջին համաշխարհայինում Թուրքիան պարտվող տերությունների հետ նույն դաշինքում էր, որի արդյունքը եղավ Օսմանյան կայսրության ոչնչացումը եւ նրա տարածքների մասնատումը, երկրորդ համաշխարհայինում Թուրքիան սկզբում չեզոքություն էր պահպանում, իսկ վերջում անցավ հաղթողների կողմը: Հիմա Թուրքիան փորձում է նույնն անել, մանավանդ որ Ռուսաստանի հաղթանակը եւ նրա ամրապնդումը Սեւ ծովում չի բխում Թուրքիայի շահերից, իսկ պարտությունը Թուրքիային կդարձնի տարածաշրջանի լիիրավ տերուտնօրեն:
Ռուսաստան-Թուրքիա հակամարտությունը միանգամից անդրադառնալու է նաեւ Հայաստանի եւ Արցախի վրա:

Հայաստանն այս իրավիճակում 2 ճանապարհ ունի՝ հրաժարվել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններից եւ դաշնակցային հարաբերություններ հաստատել Արեւմուտքի հետ, այն հույսով, որ Արեւմուտքը հանձն կառնի ապահովել Հայաստանի անվտանգությունը, թույլ չի տա, որ Թուրքիան եւ Ադրբեջանը մասնատեն Հայաստանը: Երկրորդ ճանապարհը Ռուսաստանի հետ հարաբերությունների էլ ավելի սերտացումն ու գործողությունների ներդաշնակեցումն է, այն հույսով, որ Ռուսաստանը կարող է մեզ օգնել՝ վերականգնելու Ադրբեջանի հետ ունեցած ուժերի հարաբերակցության դիսբալանսը, իսկ իրադարձությունների բարենպաստ զարգացման դեպքում հետ բերել 44-օրյա պատերազմի արդյունքում ունեցած կորուստները: Առաջին տարբերակն այս պահին կարող է ավելի իրատեսական թվալ, միայն թե Թուրքիայի աճող ազդեցությունն այնքան մեծ կարող է լինել, որ Արեւմուտքն անհրաժեշտ համարի աչք փակել ու թույլ տալ, որ Ադրբեջանն ու Թուրքիան գրավեն Հայաստանի հարավը՝ այդպիսով միանալով իրար, իսկ մնացած մասը վերածեն Թուրքիայի պրոտեկտորատի տակ գտնվող քվազիպետության, որը շատ ջերմ եւ դաշնակցային հարաբերություններ ունի Արեւմուտքի հետ: Ռուսաստանի հետ դաշնակից մնալու պարագայում էլ վտանգ կա, որ Հայաստանը կարող է այդպես էլ չստանալ անհրաժեշտ պաշտպանություն, քանի որ Ռուսաստանի ամբողջ ռազմական ռեսուրսը հիմա ուղղվում է Ուկրաինայի հետ ընթացող պատերազմի կարիքների բավարարմանը: Մանավանդ որ Ռուսաստանի քաղաքական եւ ռազմական գործիչներն են հայտարարում, որ իրենց երկրորդ ռազմաճակատ պետք չէ, որը կարող է ջլատել իրենց ուժերն ու ռեսուրսները: 

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստ է ընդունել ռուսական պլանը, բայց Ռուսաստանը եւս պետք է պաշտպանի Հայաստանի ընտրությունը, փորձաքար է` նետված Ռուսաստանին. արդյոք Ռուսաստանն ընդունա՞կ է դեմ գնալ Թուրքիա-Ադրբեջան դաշինքին, թե՞ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն ընդամենը Թուրքիային եւ Ադրբեջանին ուղղված դատարկ սպառնալիք էր՝ նրանց հակառուսական գործողություններից հետ պահելու համար, որը ոչ մի արդյունք չտվեց: Պատասխանը պարզ կդառնա առաջիկա օրերին: Հնարավոր է, որ մենք ընդհանրապես ընտրության հնարավորություն չունենք, եւ այդ ընտրությունը մեր փոխարեն կատարեն Թուրքիան եւ Ռուսաստանը:

ՀԳ. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ընտանիքի անդամ Հալուկ Բայրաքթարը, ով անօդաչուներ արտադրող «Բայրաքթար» ընկերության գործադիր տնօրենն է, երեկ հայտարարել է, որ շուտով բայրաքթար անօդաչուները կզինվեն «օդ-օդ» տիպի հրթիռներով, որը հնարավորություն կտա նրանց խոցել անօդաչու կամիկաձեներ: Խոսքը ռուսական կողմից օգտագործվող իրանական անօդաչու կամիկաձեների դեմ պայքարի մասին է, որովհետեւ նույն հարցազրույցում Հալուկ Բայրաքթարն ասել է որ իրենք պատրաստ են պատասխանելու նոր մարտահրավերներին եւ պատրաստվում են առաջիկա մեկ տարվա ընթացքում Ուկրաինայի տարածքում համատեղ գործարան կառուցել: Նոր մարտահրավերն իրանական անօդաչուներն են, որոնք Հալուկ Բայրաքթարը բնորոշել է դանդաղաշարժ եւ աղմկոտ, եւ որոնք իրենց համար հեշտ թիրախ կդառնան:

Ավետիս Բաբաջանյան