Մասնագետները ճղում են իրենց, ինչո՞ւ չի լսում

Մասնագետները ճղում են իրենց, ինչո՞ւ չի լսում

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մայիսի 14-ին զրպարտության հայց է ներկայացրել Մասիսի հիվանդանոցի նախկին տնօրեն Նունե Ավանեսյանի դեմ։ Նունե Ավանեսյանը, որն այժմ հանդես է գալիս որպես «Պարացելսուս» ՀԿ նախագահ, այս մասին տեղեկացել է մամուլից: Հատկապես ի՞նչն է համարել նախարարը զրպարտություն: Այս հարցին Թորոսյանի փաստաբան Լարիսա Հայրապետյանը պատասխանում է. «Խոսքը  վերաբերում է տիկին Ավանեսյանի կողմից կատարված ապրիլի 25-ի գրառմանը»: Իսկ գրառման որ հատվածն է խնդրահարույց, չպատասխանեց, պահանջելով գրավոր հարցում: Փաստորեն, նախարար-«կլիենտ» ունենալն անմիջապես չինովնիկ է դարձնում նույնիսկ փաստաբանին: 

Եվ այսպես, ապրիլի 25-ին «Մասիս» ԲԿ նախկին տնօրեն, «Պարացելսուս» ՀԿ հիմնադիր Նունե Ավանեսյանը «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջին գրել է այն, ինչ բազմաթիվ քաղաքացիներ այսօր բանավոր զրույցներում իրար են փոխանցում: 

«Արդեն երկու օր է՝ տարբեր մարդկանցից նամակներ եմ ստանում, ովքեր պատմում են իրենց հետ կապված միջադեպերի մասին, ինչպես նաեւ ցանկանում են բացատրություններ լսել այդ մասին... Նամակներից մեկում ասվում է, որ իր հարազատներից մեկը մահացել է ինֆարկտից, եւ երբ Ն․-ի դին տարել են դիահերձարան, այնտեղ հարազատներին առաջարկել են 100 հազար դրամ, որպեսզի ինչ-որ թուղթ ստորագրեն, որ մարդը մահացել է կորոնավիրուսից: Չնայած նրան, որ հարազատները հրաժարվել են գումարից, այնուամենայնիվ, մահը ներկայացվել է որպես կորոնավիրուսով վարակված: Մյուսը` երեխան 1,5 տարեկան է եւ ջերմել է: Եվ երբ մայրը զրուցել է մանկաբույժի հետ, վերջինս հորդորել է երեխային չտանել բուժհաստատություն, քանի որ ԱՆ-ից հրահանգ կա ցանկացած ջերմողի, անկախ ախտորոշումից, գրանցել որպես վարակակիր: Բացի այս ամենից, հիշում եք, չէ՞, մարալիկցի հղիի պատմությունը: Չգիտեմ՝ արդեն մարդկանց ինչպես հանգստացնել, ինչպես բացատրեմ իրողությունը: Միայն մի բան կարող եմ ասել` Թորոսյան, բավական է ազգիս խաբես, բավական է, հարմարվիր ստացածդ գումարներով, հերիք է, հիշիր մուլտֆիլմը՝ «Золотая антилопа»-ն, եւ պատկերացրու ավարտդ»: Մենք հարցեր ուղղեցինք հիվանդանոցի նախկին տնօրեն Նունե Ավանեսյանին:

- Ի՞նչ ապացույցներ ունեք Ձեր գրառման համար: 

- Մարալիկի հիվանդանոցից սկսենք, երբ որ տիկինը չուներ թեստավորման պատասխան, նրան մեկուսացրել էին այլ անձանց հետ, որոնց թեստի պատասխանը չկար: Աշխատողներից մեկի հարսին՝ 8 ամսական հղի, բացասական թեստով, որն ինքնամեկուսացված էր տանը, տարել էին Գյումրու մի հոթել, որտեղ այդ կնոջը մեկուսացրել էին: Կրկին ունեմ ձայնագրություն: Իմ հարազատներից մեկին ամբողջ ընտանիքով մեկուսացրել էին Ծաղկաձորի «Գոլդեն Փալասում», բացասական թեստով: Դդմաշենի դեպքը, որ ապրիլի 29-ի գիշերը կնոջը եւ իր ամուսնուն Դդմաշենից տեղափոխել են Երեւան՝ Նորքի «Ռեժինե» հյուրանոց, հետո, մի երկու օրից` «Արտաշատ» ԲԿ, իսկ 13-ի գիշերը նորից տեղափոխում են Երեւան` Min hotel: Տեղափոխումների ընթացքում երկու անգամ կնոջը եւ ամուսնուն թեստավորել են: Յուրաքանչյուր տեղափոխումը նոր դեպք է համարվում, թիվ է մեծանում: 

- Դուք գրել եք, որ կորոնավիրուսի հետեւանքով առաջացած մահվան դիմաց գումար են տալիս, մենք էլ ենք նման բաներ լսում, բայց ինչո՞վ եք վստահ, որ հենց Թորոսյանն է դրա հետեւում կանգնած, ի՞նչ կոնկրետ ապացույցներ ունեք: 

- Ես խոսել եմ կոնկրետ մարդկանց հետ: Ինքը շատ լավ տեղյակ է այդ կոնկրետ դեպքերից: Կամ` հենց ինքը՝ Արսեն Թորոսյանը, քանի՞ անգամ իրարամերժ հայտարարություններ է արել: Մեկ` պետք չի մասկա կրել, մեկ՝ պետք է: Նախ, որպես առողջապահության նախարար՝ ինքը պարտավոր էր այս ազգին սովորեցնել դիմակ կրելու կուլտուրան: Դիմակը մեկ անգամից ավելի չի կարելի հագնել: Այս մարդիկ, որոնք ունեն սոցիալական շատ լուրջ խնդիր, որտեղի՞ց այդքան դիմակ գնեն:

ՀԳ․ Բժշկուհին վստահ է, որ թեստերը եւս սխալ են վերցնում` պետք է վերցնել խորը բկանցքից, սիլիկոնե բահիկով, ոչ թե փայտով, ծայրին բամբակե խծուծ: «ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատողներին վերցրեց, ռադ արեց, մասնագետները ճղում են իրենց՝ այնքան են խոսում, ինչո՞ւ չի լսում»,- հարցնում է Նունե Ավանեսյանը: Նա վստահեցնում է, որ պաշտոնեական կեղծիքների դեմ պայքարելու է մինչեւ վերջ: