Պետք է առնվազն ԱԺ նախագահի մակարդակով տրվեն երաշխիքներ, որ վերադառնանք դահլիճ
Դահլիճ վերադառնալու մտադրություն դեռ չունե՞ք՝ երեկ հարցրինք ԱԺ նիստերը ժամանակավոր բոյկոտած «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներից մեկին՝ Աննա Կոստանյանին։
«Քննարկում ենք դեռ՝ երբ վերադառնանք»,- ասաց նա։
- Ի՞նչ պետք է անեն, որ վերադառնաք, հրապարակավ ներողությո՞ւն պետք է խնդրեն կամ զղջման խոսքե՞ր ասեն։
- Մեր պատգամավորներն այդ մասին բազմիցս տարբեր հարցազրույցների ժամանակ ասել են, որ սպասում ենք երաշխիքների․․․
- Որ այլեւս ձեզ չեն ծեծի կամ բռնության չե՞ն ենթարկի։
- Կարելի է նաեւ այդպես ասել, որ բռնության դեպքերն այսուհետ չեն կրկնվի, որովհետեւ որեւիցե երաշխիք չկա, որ նույնը, օրինակ, կանանց հանդեպ կարող է դրսեւորվել ինչ-որ քաղաքական քննադատության կամ որեւէ խնդրի շուրջ քննադատական խոսք հնչեցնելիս։
- Իսկ այդ երաշխիքն ի՞նչ տեսքով պետք է դրսեւորվի, որ համոզիչ թվա ձեզ։
- Օրինակ՝ Ազգային ժողովի նախագահի կողմից հայտարարության, համերաշխության կոչի տեսքով։
- Դուք պատրա՞ստ եք նորից վերադառնալ իշխանության հետ համերաշխության դաշտ։
- Մենք մշտապես հայտարարել ենք, որ ունենք բարձր գիտակցում՝ Ազգային ժողովի նիստերի դահլիճում գտնվելու մեր գործառույթների շուրջ, մենք գիտենք, թե ինչի համար ենք այստեղ, եւ հենց այս գաղափարի եւ մտքի շրջանակներում էլ պատրաստ ենք շարունակել աշխատել, եթե հենց առնվազն ԱԺ նախագահի մակարդակով տրվեն նման երաշխիքներ։
- Իսկ համագործակցություն հնարավո՞ր է իշխանությունների հետ։
- Համագործակցություն՝ վերադառնալ նիստերի դահլիճ, շարունակել հանգիստ մթնոլորտում աշխատանքները, այո, կարելի է դիտարկել։
- Իսկ քաղաքական առումով համագործակցությո՞ւն, օրինակ՝ այս կամ այն նախագծի շուրջ։
- Դա կախված է հետագա ընթացքից, թե ինչպես կդրսեւորի իրեն իշխանությունը։
- Պարզապես ձեզ մեղադրում են, որ «Լուսավորը» եթե իրեն ավելի ամուր պահեր, ավելի սկզբունքային լիներ շատ հարցերում, առանձին դեպքերում չգնար գործարքի իշխանությունների հետ, հիմա իրենց հետ այդպես չէին վարվի։
- Տեսեք, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը եւ կուսակցությունը, հենց սկզբունքայնությունից ելնելով, այսօր չի վերադառնա ԱԺ նիստերի դահլիճ, ըստ էության։ Ես չգիտեմ, ճիշտն ասած, ովքեր են ասողները, նման թեզեր շահարկողները, բայց Ազգային ժողովում, թեկուզ որպես ընդդիմադիր խմբակցություն հանդես գալն ինքնանպատակ երեւույթ կամ հանգամանք չէ։ Այսինքն, եթե ի շահ պետության որեւիցե նախագիծ է քննարկվում, եւ, ենթադրենք, իշխանության հետ մենք ունենք համաձայնություն, դա որեւիցե կերպ չի նշանակում՝ լինել սկզբունքային կամ հողի վրա ամուր կանգնած չլինել։ Մենք, նորից եմ կրկնում, բարձր գիտակցում ունենք, թե ինչի համար ենք գտնվում Ազգային ժողովում։
Կարծիքներ